Իմպիչմենտը որպես քաղաքական մոբիլիզացիայի գործիք

Նմանատիպ
Ընդդիմության երկփեղկվածությունն աշխատում է Նիկոլի օգտին
Հայաստանում ձևավորվող քաղաքական սրացումները, որոնք վերաճում են բացահայտ ճգնաժամի նախանշանների, Նիկոլ Փաշինյանի կողմից ոչ միայն չեն մեղմվում, այլ ակնհայտորեն սրվում են՝ զգուշորեն ուղղորդված մանևրների միջոցով։ Վերջին շրջանի զարգացումները վկայում են այն մասին, որ գործող վարչապետը միտումնավոր ավելի է շիկացնում քաղաքական դաշտը՝ փորձելով «իմպիչմենտ» օրակարգի շուրջ ձևավորվող կոնսոլիդացիայի գոլորշին բաց թողնել։ Այս մեթոդը քաղաքական առումով իր հաշվարկն ունի՝ հանրային և ներհամակարգային հետաքրքրությունը շեղել բուն գործընթացից և ներքաղաքական ինտրիգի աղբյուր դարձնել այնպիսի թեմաներ, որոնք ոչ միայն պառակտող են, այլև պոտենցիալ շահեկան իշխանության համար։ Թերևս նաև այդ նպատակով էլ, որ ինքնամոռաց թիրախավորվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և անձամբ Վեհափառը՝ ակնհայտ հաշվարկով խափանել հնարավոր դիրքավորումները, որոնք կարող են համախմբող դեր ունենալ ընդդիմադիր բևեռների միջև։
Չնայած այն հանգամանքին, որ շատերը դեռևս որոշակի հեգնանքով են խոսում իմպիչմենտի հնարավորության մասին, այնուամենայնիվ, այն արդեն այսօր առկա է որպես քաղաքական իրականություն՝ ռեալ պոլիտիկ։ Այն դարձել է հանրային ու քաղաքական օրակարգի մաս։ Ոքան էլ փորձ արվի իմպիչմենտը ներկայացնել որպես անիրատեսական կամ անհնար, իրականությունն այն է, որ հենց այն փաստը, որ բոլորը խոսում են այդ գործընթացից՝ լինի կողմ կամ դեմ դիրքորոշմամբ, վկայում է դրա գործնական կշռի մասին։
Կարևոր է փաստել, որ այս պահի դրությամբ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ներհանրային դիսկուրսն է փորձում վերահսկել, այլ նաև ունի լուրջ ներթիմային խնդիրներ։ Վստահության ճգնաժամը առկա է ոչ միայն հասարակության, այլ նաև իշխող թիմի ներսում (ինչքան էլ Նիկոլը փորձի Ռեմբո խաղալ)։ Դրանից է բխում համակարգում պոտենցիալ ճաքերի և «լյապերի» կանխարգելման փորձը՝ տեղեկատվական և քաղաքական սադրանքների միջոցով։ Այս ամենը Փաշինյանը հասկանում է շատ հստակ:
Այստեղ կարևոր է հասկանալ նաև իմպիչմենտը որպես լուրջ գործիքակազմ կյանքի կոչելու հնարավորությունը: Ակնհայտ է, որ, որպես սահմանադրական միջոց, այն կարող է չբերի իշխանափոխության կտրուկ արդյունքի, սակայն իբրև խորհրդարանական պայքարի հարթակ՝ այն թույլ է տալիս բացահայտել քաղաքական դիրքավորումները, արժեզրկել իշխանության պրոպագանդիստական լեգիտիմացման ջանքերը, և ամենակարևորը՝ իրականացնել դիսկուրսիվ մոբիլիզացիա։ Իմպիչմենտն, ըստ էության, ստուգիչ գործիք է՝ մի յուրահատուկ թեսթավորման «ապարատ», որը հնարավորություն է տալու հասկանալ, թե ով է իրականում ընդդիմադիր, իսկ ով՝ ձևական, բայց բովանդակությամբ՝ իշխանության շահերի սպասարկող։
Այս համատեքստում հատկապես մտահոգիչ է «Հայաստան» դաշինքի վերջին օրերի դրսևորած վարքագիծը։ Փաստացի «Պատիվ ունեմ» դաշինքի կողմից առաջադրված Դավիթ Համբարձումյանի թեկնածության հարցում դաշինքը որդեգրել է ձևական ու անորոշ կեցվածք՝ փաստացի խուսափելով հստակ դիրքորոշում հայտնելուց։ Ավելին՝ 28 ստորագրություն հրապարակելն առանց համարժեք քաղաքական ուղերձի, փաստացի շահավետ է Փաշինյանի օրակարգի համար, քանի որ թույլ է տալիս նրա կողմնակիցներին պնդել, թե ընդդիմադիր դաշտում չկա իրական կոնսոլիդացիա։ Բացի դրանից «Հայաստան» դաշինքի աջակիցները քպ-ականներց ոչ պակաս ոգևորվածությամբ քննադատում են և՛ անվստահության գործընթացը, և՛ Համաբարձումյանի առաջադրումը: Այս առումով դաշինքը կամ անվճռական է, կամ կրկին հայտնվել է այնպիսի դիրքում, որը ֆունկցիոնալ առումով նպաստում է իշխանության շահերին։
Ի վերջո, այսօր ձևավորվում է հարմար «պատուհան»՝ ոչ միայն ընդդիմադիր հատվածում առկա տարաձայնությունները հարթեցնելու, այլ նաև եկեղեցու ու Վեհափառի միջոցով համահարթեցված քաղաքական կոնգլոմերատ ձևավորելու համար։ Հենց եկեղեցին՝ իբրև հասարակական գիտակցության ու ինքնության կարևոր սիմվոլ, կարող է հանդես գալ իբրև միավորող հարթակ։ Փաշինյանի վարկաբեկման փորձերն այս կառույցի դեմ ուղղված են նաև այդ սպառնալիքը չեզոքացնելու նպատակով։
Ամփոփելով արձանագրենք, որ այսօր ընդդիմադիր դաշտում առկա երկփեղկվածությունը ձեռնտու է միայն Նիկոլ Փաշինյանին։ Ըստ էության՝ իմպիչմենտի գործընթացը կարող է գործնական հաջողության չհասնել, սակայն դրա մոբիլիզացնող, քաղաքական մաքրող ու դիմակներ պատռող դերակատարումը ակնհայտ է։ Այդ իսկ պատճառով, գործընթացի թերահավատ քննադատությունը չպետք է քաղաքական պատասխանատվությունից խուսափելու և Փաշինյանի իշխանական դիրքերը փաստացի ամրապնդելու պատճառ հանդիսանա:
Արմեն Հովասափյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում