Իմփիչմենթը՝ քաղաքական օրակարգի առանցքում

Նմանատիպ
Վերջին շաբաթների զարգացումները վկայում են, որ ներհայաստանյան հանրային դաշտում ձևավորվել է կայուն քաղաքական դիսկուրս, որը, հակառակ որոշ շահագրգիռ կողմերի փորձերին՝ այն չեզոքացնելու կամ փակուղի մտցնելու, շարունակում է զարգանալ Նիկոլ Փաշինյանի իմփիչմենթի օրակարգի շուրջ։ Եթե դեռ ամիսներ առաջ այս թեման լայն շրջանակներում ընկալվում էր որպես քարոզչական հնարք կամ անիրատեսական նախաձեռնություն, ապա այսօր այն ստանում է գործնական հնչեղություն՝ դառնալով «գետնի վրա» առկա փաստ։
Այս փոփոխությունը նկատելի է ոչ միայն ընդդիմադիր դաշտում տիրող մթնոլորտից, որտեղ նախկինում իշխող պեսիմիզմը աստիճանաբար փոխարինվում է կոնկրետ քայլերի տրամաբանությամբ, այլև իշխանության արձագանքներից։ Այսպես, Հանրային հեռուստաընկերությունը, որն ունի իշխանության քարոզչական ուղերձներ տարածելու ակնհայտ դեր և հանդիսանում է Փաշինյանի առնացքային «խոսաթողը», նախօեին կազմակերպել էր բանավեճ՝ նվիրված հենց իմփիչմենթի թեմային։ Չնայած քննարկումը ուղեկցվում էր հեգնական շեշտադրումներով և իշխանամետ թեզերի տարածմամբ, ինքնին փաստը, որ թեման տեղափոխվել է համազգային լսարան, խոսում է գործընթացի առաջընթացի մասին։
Ի դեպ՝ այս ամենն ունի նաև «ձնագնդի էֆեկտի» բաղադրիչներ։ Քաղաքական դաշտում, որքան էլ քննադատական կամ հեգնական լինեն արձագանքները, վերապահումով կամ առանց դրա՝ քաղաքական օրակարգը ձևավորվում է հենց այս թեմայի շուրջ։ Փաստացի, ներկայիս ներքաղաքական զարգացումների առանցքը մնում է իմփիչմենթի նախաձեռնությունը։ Այդ հանգամանքը արդեն իսկ ձևավորում է քաղաքական այնպիսի միջավայր, որի պարագայում հնարավոր է, որ գործընթացը ոչ միայն ընթացք ստանա, այլ նաև դառնա միակ իրատեսական և գործնական ճանապարհը՝ սահմանադրական ուղով իշխանափոխության հասնելու համար։
Հաճախ շրջանառվող հակափաստարկները՝ մասնավորապես այն պնդումը, թե գործընթացն առնվազն 36 ստորագրության կարիք ունի և առանց իշխանական թևից որևէ աջակցություն ապարդյուն է, իրականում մանիպուլյատիվ բնույթ ունեն։ Սահմանադրական կարգով իմփիչմենթի գործընթացը մեկնարկում է թեկնածուի առաջադրմամբ և նվազագույնը մեկ պատգամավորի ստորագրությամբ։ Սա պրոցեդուրալ գործընթաց է, որը կարող է տևել ամիսներ՝ ի վերջո հասունացնելով համապատասխան քաղաքական մթնոլորտը։ Ասել է թե՝ այն դանդաղ, բայց բավական իրատեսական նարատիվներով աստիճանաբար դառնալու է քաղաքական հիմնական առանցքը։
Այս ամենի ֆոնին ուշագրավ էր նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունը, որում նա շեշտեց. «մեզ անհրաժեշտ է ոչ թե 28, այլ՝ 54 ստորագրություն»։ Այս ձևակերպումը կարելի է ընկալել որպես քաղաքական տեսլական՝ այն կանխատեսմամբ, որ ընթացիկ զարգացումները, այդ թվում՝ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային հավասարակշռությունների հնարավոր փոփոխությունները, կարող են բերել նոր իրողությունների, որոնց պայմաններում իմփիչմենթը դառնա ոչ միայն հնարավոր, այլև քաղաքականապես անհրաժեշտ։
Միևնույն ժամանակ, իշխանության արձագանքներից ևս ակնհայտ է որոշակի լարվածություն։ Չնայած դրսևորվող վստահությանը և փեմային հեգնական ժպիտով մոտենալուն, երբ փորձում են թերահավատորեն խոսել այս գործընթացի մասին, փաստացի զգում են, որ դա կարող է դառնալ այն սահմանադրական գործիքը, որը կհանգեցնի Նիկոլ Փաշինյանի քաղաքական իշխանության ավարտին։
Ըստ էության կարող ենք փաստել, որ Նիկոլ Փաշինյանի իմփիչմենթի շուրջ ձևավորվող դիսկուրսը դուրս է եկել լոկ քարոզչական կամ սիմվոլիկ հարթությունից և վերածվել է գործնական քաղաքական գործընթացի։ Թեմայի արմատավորումը հանրային ու ինստիտուցիոնալ դաշտում վկայում է քաղաքական դինամիկայի փոփոխության մասին, և որքան էլ իշխանությունը փորձի գործընթացն անլուրջ կամ անհեռանկար ներկայացնել, փաստերը ցույց են տալիս, որ ձևավորվում է այնպիսի օրակարգ, որի կենտրոնում՝ գուցե ավելի շուտ, քան սպասվում էր, կարող է հայտնվել Սահմանադրության միջոցով իշխանության փոփոխության հարցը։ Իմփիչմենթը այլևս ոչ թե հռետորաբանություն է, այլ՝ իրական, հաշվարկվող քաղաքական գործիք։
Արմեն Հովասափյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում