ՀՀ ներքին հարցերը պետք է լուծվեն ՀՀ ներսում. Վանեցյան

ՀՀ ներքին հարցերը պետք է լուծվեն ՀՀ ներսում. Վանեցյան

ԱԱԾ ղեկավար էիք ու բարձր վարկանիշ ունեիք, չե՞ք ափսոսում, որ թողել եք ձեր պաշտոնը և չե՞ք մնացել ներսում. News.am-ի այս հարցին ի պատասխան «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը պատասխանեց.

«Ես բազմիցս խոսել եմ դրա մասին. ի՞նչ պետք է անեի ես, որպես ԱԱԾ ղեկավար, ռազմական հեղաշրջո՞ւմ, Ազգային անվտանգության ծառայությունը չունի այդ ռեսուրսը, որ միայնակ անի ռազմական հեղաշրջում։ Երկրորդը՝ ես դեմ եմ ռազմական հեղաշրջումներին, հատկապես, երբ ես հրաժարական եմ տվել 2019 թվականի սեպտեմբերի 17-ին, հանրությունը չէր հավատում, որ հնարավոր է մենք ունենանք ինչ-որ մի օր, երբ Արցախը կլինի ադրբեջանական: Ես ասել եմ, որ լինելու է պատերազմ և, ցավոք սրտի, մենք այդ պատերազմում հաղթած չենք դուրս գալու: Ոչ մեկ չի հավատացել, ես դա հասկացել եմ 2019 թվականի ամռանից, որ Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությունը, իմ պատկերացմամբ, բերելու էր պատերազմի և բերելու էր այն իրավիճակին, որը մենք, ցավոք, ունենք»։

Անդրադառնալով 44-օրյա պատերազմին, Արցախի կորստին Վանեցյանը նկատեց.

«Ունեցել ենք Արցախ՝ շուրջ 12 000 քկմ, 44-օրյա պատերազմի նոյեմբերի փաստաթուղթը ստորագրելուց հետո հայկական տիրապետության տակ մնացել է շուրջ 2000 քկմ, այդ թվում Ստեփանակերտը, որը կապված էր Հայաստանի հետ մի  ճանապարհով, այսպես կոչված՝ Լաչինի միջանցքով: Երբ մենք պահում էինք Քելբաջարը և Լաչինը, մենք լուծում էինք երկու հարց՝ մենք իրականում ունենում էինք 4000 և ավելի քառակուսի կիլոմետր հայկական տիրապետության տակ, մենք չէինք ունենում փակված Արցախի հարց, մենք լուծում էինք Հայաստանի Հանրապետության անվտանգության հարցը։

Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ականները բազմիցս իրենց ելույթներում տարբեր ձևերով ասել են, օրինակ, Փաշինյանն ասում էր՝ «Արցախը մեր վզին թոքի պես գցած պահում էին», իր պատկերացմամբ՝ ինքը Արցախից ազատվում էր և իր բոլոր խնդիրները լուծվում էին»։

Անդրադառնալով ՌԴ հետ հարաբերություններին, Արթուր Վանեցյանն ասաց.

«Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանից որևէ կերպ չի ուզում ազատվի, ամենաշատ Ռուսաստանի շահերը սպասարկող իշխանությունն է, Հայաստանում բոլոր նախկին երեք իշխանություններից տարբերվող: Կարևոր չի՝ դու ինչ ես խոսում, հիստերիայի նոպաների մեջ ընկնում, կարծում եմ՝ այո՛, Փաշինյանը Ռուսաստանին ձեռնտու է»։

Ինչ վերաբերում է ներքին խնդիրներին և դրանցում մշտապես այս կամ այն երկրի հետքի փնտրտուքներին, բանախոսը շեշտեց.

«Հայաստանի ներքին հարցերը պետք է լուծվեն Հայաստանի ներսում, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ Իրանը, ո՛չ Եվրոպան Հայաստանի ներքին հարցերի մեջ խառնվելու իրավունք չունի և դա ամենակարևոր կարմիր գիծն է, որը մենք պարտավոր ենք պահենք: Այն օրը, երբ Հայաստանի ներքին գործերին միջամտեց ցանկացած պետություն, այդ օրը մենք կորցնելու ենք մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը, իսկ դա բացարձակ արժեք է»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում