Փաշինյանը դեպի Թուրքիա ճանապարհին. Պայմանավորվածությունը պետք է և՛ Փաշինյանին, և՛ Էրդողանին

Նմանատիպ
«Այո, այդպիսի պլան կա, այցի օրակարգի վերաբերյալ կլինի համատեղ հայտարարություն, ես կարող եմ ասել, որ իրոք, այո, այցը նախատեսված է, և այցի վերաբերյալ ուղղակի պայմանավորվածությունները չխախտելու համար՝ համատեղության իմաստով հայտարարությունների, այս պահին ընդամենը կասեմ այն, ինչը որ արդեն հայտնի է», – այսօր՝ հունիսի 18-ին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նախօրեին՝ հունիսի 17-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էր հայտնել, որ այցը Էրդողանի հրավերով է. «Պատերազմի հետ կապված ռիսկերն այսօր մինիմալ են, և մենք պետք է աշխատենք, որ ընդհանրապես այն չեզոքացնենք։ Եվ Հայաստանի Հանրապետության կառավարությունն այդ ուղղությամբ գործուն քայլեր է անում։ Ես համարում եմ, որ նման գործուն քայլերից մեկը ձեզ հայտնի վարչապետի նախատեսվող այցն է Թուրքիա։ Այո, հաստատում եմ այդ այցը:
Տարածաշրջանային բոլոր հարցերը քննարկվելու են, եւ ես կարծում եմ, որ այդ այցը պատմական է, որովհետեւ ՀՀ ղեկավարն առաջին անգամ նման մակարդակի այց է իրականացնելու։ Ես հիմա դժվարանում եմ անունն ասել՝ պաշտոնական է, թե աշխատանքային, բայց որ դա երկկողմ այց է, եւ հրավեր է արվել նախագահի կողմից ու հենց այդ ֆորմատով է լինելու, այո»»,- հայտարարել էր Ալեն Սիմոնյանը։
Եվ այսպես, Փաշինյանը մեկնում է Թուրքիա տարածաշրջանային պայթյունի պահին և ներհայաստանյան ծանր զարգացումների ֆոնին:
Ամենակարևորը և որոշիչը՝ Իրան-Իսրայել պատերազմ, օր 6-րդ: Հունիսի 17-ի երեկոյան Թուրքիայում CNN Turk-ի ուղիղ եթերում ցուցադրում էին Իրանի հերթական հարվածը Իսրայելին: Եթե սրանից առաջ, օրինակ, Իրանի ռազմական գլխավոր ուժի՝ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատարներից մեկը հանդիսացող գեներալ Սոլեյմանիի սպանությանը հետևած Իրանի հարվածը թուրք լրագրողներն ու քաղաքական, ռազմական փորձագետները ծաղրում էին, Իրանի կարողությունները գնահատում ոչ բավարար, ապա հիմա լուռ և անգամ կարող ենք ասել տպավորված հետևում էին, թե ինչպես է Իրանը խոցում թիրախներ Թել Ավիվում:
Միաժամանակ այդ հարվածից րոպեներ առաջ թուրքական նույն հեռուստաեթերում թուրքական թաթը կախել էին Թավրիզի գլխին: Թավրիզը Իրանի հյուսիսային խոշորագույն քաղաքն է, Արևելյան Ատրպատական նահանգում, որը բնակեցված է թյուրքալեզու քաղաքացիներով և Իրանի տարածքում թուրք-ադրբեջանական ազդեցություն կենտրոնն է: Թուրքական հեռուստաեթերում հայտարարեցին, թե Թավրիզը «թուրքական աշխարհի աչքի լույսն է»: Սա տարածքային հավակնության բացահայտ դրսևորում է: Բառացի նույն եզրը նաև հայկական Շուշիի մասին էին գործածում:
Հիմա, բաց հայտարարված է, անգամ Էրդողանի մակարդակով և մի քանի անգամ, որ Իրանն է դիմադրում Հայաստանի տարածքով թուրքական միջանցքին, և հիմա, երբ Իրանը ներքաշված է պատերազմի մեջ, Էրդողանը Փաշինյանին հրավիրում է Անկարա: Ի՞նչ է լինելու օրակարգում: Ի՞նչ կարող է լինել:
Բոլոր պահանջների, համոզելու փորձերի, խորամանկ ակնարկների, դիվանագիտական տեքստերի կենտրոնում Սյունիքն է: Երբ Ռուսաստանը ներքաշվեց պատերազմում, հայերը և Հայաստանը կորցրեցին Արցախը, հիմա, երբ Իրանն է ներքաշվել պատերազմում, փորձելու են խլել Սյունիքը: Ու եթե Արցախի պարագայում պատերազմ էր, հիմա Փաշինյանը պնդում է՝ «պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն», գումարած փաստը, որ միջանցքին դիմադրում է միայն Իրանը, նշանակում է, որ լինելու է պայմանավորվածություն:
Մանավանդ, որ այդ պայմանավորվածությունը պետք է երկու կողմին էլ՝ և Էրդողանին, և Փաշինյանին: Եթե Էրդողանը ստանալու է միջանցքը, Սյունիքը, ապա ի՞նչ է ստանալու Փաշինյանը:
Պատասխանն առաջին անգամ ուրվագծվեց Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում, ապրիլին թուրքական լրատվամիջոցներին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի տված հարցազրույցում: Թուրքական պետական Anadolu Agency-ի լրագրողը հարցնում է՝ «Դուք ասացիք, որ համապետական ընտրությունները հաջորդ տարի են, 2026-ին։ Եթե փոփոխություն տեղի ունենա, եթե կառավարությունը փոխվի, արդյո՞ք կլինի փոփոխություն բանակցությունների հարցում քաղաքական գծում»:
Արարատ Միրզոյանի պատասխանը՝ ՀՀ ԱԳՆ պաշտոնական թարգմանությամբ․ «Սա հետաքրքիր ասպեկտ է ամբողջ պատմության մեջ։ Կարող եմ վստահ ասել, որ ՀՀ ներկա կառավարության և վարչապետ Փաշինյանի խաղաղության օրակարգը լիարժեք աջակցություն ունի հայ հասարակության կողմից։ Դե, իհարկե, կան նաև քննադատողներ։ Այդպես է աշխատում ժողովրդավարությունը։ Նկատի ունեմ՝ եթե չունենանք ընդդիմություն, որը արտահայտում է այլ տեսակետներ, ապա ինչպես կարող ենք ապահովել հասարակության զարգացումը ցանկացած հարցում։ Բայց ընդհանուր առմամբ, մենք ունենք մեծամասնության աջակցությունը։ Իսկ ինչ վերաբերում է խորհրդարանին, ապա այնտեղ էլ մենք ունենք մեծամասնություն։
Բայց ժամանակը անցնում է, և եթե ՀՀ կառավարությունը չկարողանա ապահովել շոշափելի արդյունքներ կարգավորման գործընթացում, նույնիսկ խաղաղության օրակարգին հավատացողները կարող են հարց բարձրացնել՝ «լավ, խաղաղության օրակարգը հնչում է գեղեցիկ, բայց անհնար է խաղաղություն կառուցել միայնակ։ Թվում է, թե ձեր հարևանները չեն կիսում ձեր խաղաղ և բարգավաճ տարածաշրջան ունենալու տեսլականը, ինչպես նաև նորմալ հարաբերություններ ունենալու ձգտումը։ Սա կարող է նշանակել, որ վաղը այլևս իմաստ չեմ տեսնի շարունակել աջակցել ձեր խաղաղության օրակարգին»։
Այսինքն, ես սա ասում եմ՝ ցույց տալու համար, որ մենք այսօր ունենք աջակցություն, բայց այս աշխարհում ոչինչ անվերջ չէ, և, իհարկե, իրավիճակները կարող են փոխվել։ Բայց միևնույն ժամանակ ակնհայտ է, որ եթե կարգավորման գործընթացում ունենանք արդյունքներ, եթե, օրինակ, խաղաղության պայմանագիր ստորագրենք, հաղորդակցության ենթակառուցվածքները բացվեն, մարդիկ սկսեն կամ վերականգնեն առևտրային կապերը, սկսեն շփումներ, մարդասիրական խնդիրները սկսեն լուծվել և այլն, ապա դա կհանգեցնի հարաբերությունների բնական, բարիդրացիական զարգացման։ Այդ պարագայում հակամարտության դարաշրջան վերադարձն ավելի ու ավելի անհավանական ու անիրական կդառնա։
Նույնը կարող եմ ասել նաև Թուրքիայի հետ մեր հարաբերությունների կարգավորման մասին։ Մենք արդեն մի քանի համատեղ քայլեր կատարել ենք։ Եթե բացենք սահմանը, սկսենք իրականացնել համատեղ էներգետիկ նախագծեր, եթե ուղիղ առևտրի ծավալներն ավելանան, դա կփոխի տրամադրությունը։ Եվ ես հավատում եմ՝ դա կփոխի ոչ միայն հասարակությունների տրամադրությունը, այլև ողջ տարածաշրջանը։ Մենք իսկապես ունենք այս հնարավորության պատուհանը։
Իրականում, այսօր հասարակական կարծիքն այս հնարավորության օգտին առավել մեծ աջակցություն է ցուցաբերում, քան երբևէ անցյալում։ Այսպիսով, մենք ընտրության հնարավորություն ունենք։ Կարող ենք կենտրոնանալ խոչընդոտների վրա, անցյալի, պատմության վրա, կամ կարող ենք կենտրոնանալ ներկայի վրա և միասին կառուցել ավելի լավ ապագա։ Մենք պետք է այս որոշումը համատեղվկայացնենք»:
Այս հարցազրույցից ամիսներ անց՝ հունիսի 5-ին հայտարարեց՝ գործնական ձեռքբերումներ չկան: Այնուհետև մեկ շաբաթ անց և Թուրքիա մեկնելուց առաջ Փաշինյանը Պրահայում կրկնեց սա. «Տեղում գործնական բազմաթիվ ձեռքբերումներ չունենք»:
Փաշինյանը նաև հավելեց, որ իրենից կախված ամեն ինչ արել է: Այստեղ անհնար է չհամաձայնել անգամ Փաշինյանի հետ:
Արցախն էր սահմանը փակ պահելու պատճառը, Արցախն օկուպացված է, սահմանը դեռ փակ է: Հայոց ցեղասպանության մեղադրանքն էր թշնամանքի պատճառը, Փաշինյանը գտել է ցեղասպանության այլ մեղավորները, թշնամանքը դեռ կա: Արարատին նայելն էր խնդիրը, Փաշինյանն առաջարկում է Արագածին նայել: Պատմական Հայաստանի ձգտումներից էր Թուրքիան վախենում՝ փոխարենը Իրական Հայաստանն է Փաշինյանը առաջ տանում, բայց Թուրքիան դեռ չի հաշտվում Հայաստանի հետ։
Գուցե պատճառն այն է, որ Թուրքիային պարզապես այստեղ Հայաստան և հայեր պետք չեն, որքան էլ ծեծված հնչի, եթե վիլայեթի կարգավիճակում չեն: Այլապես Հայաստանի ու հայերի հետ էլ դեռ պետք է հաշտ ապրել, սահմանը բացել, որ տնտեսություն զարգացնեն, ինչը նշանակում է նաև բանակ, ինչն էլ նշանակում է, որ հայերը նպատակներ կունենան։ Թուրքիայի համար վտանգավոր նպատակներ:
Թուրքիայի հաշվարկները Հայաստանից և հայերից ազատվելու մասին են: Եվ միջանցքը, որը Թուրքիան կստանա, եթե իրադարձությունները զարգանան ընթացիկ հունով, նույնպես այդ հաշվարկի մի մասն է, թեև Հայաստանի քաղաքացիներին Փաշինյանն այն կներկայացնեն որպես պատմական ձեռքբերում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում