«Պրահա 2» կամ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը գնում Թուրքիա

Նմանատիպ
Նիկոլ Փաշինյանի սպասվող այցը Թուրքիա ոչ թե հերթական քաղաքական իրադարձությունն է, այլ Հարավային Կովկասի ռազմաքաղաքական քարտեզի վերաձևման ծրագրի կուլմինացիան։ Այլ կերպ՝ սա Հարավկովկասյան տարածաշրջանից Ռուսաստանի դուրսմղման օպերացիայի վերջին գործողություններից մեկն է, որտեղ Հայաստանը, փաստացի, մասնակցում է մի ծրագրի իրագործմանը, որն իր իսկ սուվերենության սահմանափակման վտանգն է պարունակում։
Այս այցի աշխարհաքաղաքական նշանակությունը դժվար է թերագնահատել, քանիզ, եթե 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած Փաշինյան–Ալիև հանդիպումը համարվում էր ռուսական հովանավորությունից դուրս բանակցային փորձ, ապա այս նոր շրջանը ցույց է տալիս, որ ՌԴ-ն ամբողջությամբ դուրս է մղվում բանակցային պրոցեսներից՝ ոչ միայն միջնորդի, այլ անգամ դիտորդի կարգավիճակից։ Թուրքիան այժմ ոչ թե կողային խաղացող է, այլ բանակցությունների կոորդինատոր, իսկ Արևմուտքը՝ ռազմավարական հովանավոր։ Եվ այս առանցքի պայմաններում է, որ ձևավորվում է հետպատերազմյան իրողությունների իրավական ու ենթակառուցվածքային փաթեթը՝ առանց Ռուսաստանի։
Այցն ունի նաև պարզունակ, բայց հստակ ուղերձ․ Հայաստանը ընդունում է, որ Թուրքիան այսուհետ որոշելու է խաղի կանոնները՝ ինչպես Ադրբեջանին, այնպես էլ՝ միջազգային գործընկերներին ներկայացնելով «խաղաղության նոր լեզուն»։ Այլ կերպ՝ Փաշինյանը գնում է ոչ թե երկխոսության, այլ պարտադրանքի տրամաբանությամբ գործող հարթակ, որի սցենարը վաղուց գծագրված է։
Բանակցային ձևաչափերի այս տեղափոխումը Բրյուսելից կամ Վաշինգտոնից դեպի Անկարա ոչ միայն մարտավարական փոփոխություն է, այլ նաև ուժերի բևեռի հստակ հաստատում։ Թուրքիան արդեն ստացել է մանդատ՝ Կովկասում հանդես գալու որպես քաղաքական կարգավորումների երաշխավոր և, միևնույն ժամանակ, տնտեսական միջանցքների գլխավոր վերահսկող, իսկ Հայաստանը ներկայանում է որպես գործիք այդ ամենը ձևակերպելու համար՝ առանց իրական պահանջ ներկայացնելու իրավունքի։
Տեսանելի է, որ այս ամբողջ գործընթացը, որ տեղի է ունենում թուրքական ուղղությամբ, իրականում հանդիսանում է Արևմուտքի ու Թուրքիայի համատեղ մշակած ռազմավարության մի մաս, որը նպատակ ունի ամբողջությամբ փակել Ռուսաստանի ազդեցության վերջին կետերը Հարավային Կովկասում և մասնավորապես Հայաստանում (դա ակնհայտ արվում է Փաշինյանի ձեռամբ)։ Դա իրականացվում է հերթական քայլերով՝ սահմանների ճանաչում, միջանցքների բացում, խաղաղապահների դուրսբերում, և այս ամենի ֆոնին՝ Հայաստանի ներսում ռուսական ներկայության վարկաբեկում ու չեզոքացում։ Փաշինյանը, իր հերթին, ստանում է արտաքին լոյալություն՝ ներքին ճնշման դիմաց, ինչը թույլ է տալիս նրան շարունակել առանց հանրային համաձայնության տարաբնույթ պարտավորությունների կատարումը (տեղի ուենցած վերջին զարգացումներն ասվածի ուղղակի ցուցիչներ են)։
Ի տարբերություն որոշ իշխանամետ մեկնաբանությունների, այս այցը չի կարելի դիտարկել որպես պատմական քայլ կամ երկխոսության նոր հնարավորություն։ Դա գործարքի վերջնական փուլն է, որի պարագայում Հայաստանը ոչ թե պայման թելադրող, այլ կատարող կողմ է։ Բանն այն է, որ իրավիճակի սուբյեկտայնության բացակայությունն ակնհայտ է՝ թե՛ դիվանագիտական, թե՛ անվտանգային մակարդակում։
Այսպիսով, Փաշինյանի մեկնումը Թուրքիա խորհրդանշում է ոչ թե նոր էջ, այլ արդեն գրված փաստաթղթի ստորագրում՝ առանց հայ ժողովրդի մասնակցության, առանց հանրային վերահսկողության և առանց ռազմավարական հաշվարկի, կարճ ասած՝ «Պրահա 2»։
Արմեն Հովասափյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում