Իրանը Ռուսաստանից ռազմական օգնություն չի խնդրել․ Պեսկով

Նմանատիպ
Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը չի ներառում ռազմական փոխօգնության մասին դրույթ։ Բացի այդ, Թեհրանը Մոսկվայից նման օգնություն չի խնդրել։ Այս մասին նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը РБК-ին տված հարցազրույցում։
«Զրուցելով լրատվական գործակալությունների ղեկավարների հետ և պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանը ռազմական առումով կօգնի Իրանին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է՝ ռազմական առումով Իրանը նախ մեզանից օգնություն չի խնդրել, երկրորդ՝ նույնիսկ Իրանի հետ մեր ունեցած պայմանագրի համատեքստում նման իրավիճակներում ռազմական փոխօգնության մասին դրույթ չկա։ Նման դրույթ չկա»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։
Պեսկովը սակայն նշել է, որ ընդհանուր առմամբ Ռուսաստանի աջակցությունն ակնհայտ է։
«Երբ սկսվեց այդ հակամարտությունը, արտաքին գործերի նախարարության հայտարարությունը պարունակում էր Իսրայելի գործողությունների, հարվածների դատապարտման խոսքեր, և մեր համառ դիրքորոշումը, որ պետք է դադարեցնել հարվածները, անցնել բանակցությունների խաղաղ հուն»,- հիշեցրել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղարը:
Պեսկովը նաև նշել է, որ Մոսկվան հայտարարել է իրանա-իսրայելական հակամարտության կարգավորման հարցում անհրաժեշտության դեպքում միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին:
«Դա ասվել է նաև նախագահ Պուտինի կողմից իր ամերիկացի գործընկերոջը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, այդ մասին խոսվել է նաև հեռախոսազրույցներում, որոնք Պուտինն անցկացրել է օրեր առաջ և՛ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի, և՛ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ»,- ասել է մամուլի քարտուղարը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում