Թավրիզը «թյուրքական աշխարհի աչքի լույսն է». Էրդողանը երազում է Իրանի տապալումը

Նմանատիպ
Հունիսի 17-ի ուշ երեկոյան Թուրքիայում CNN Turk-ի ուղիղ եթերում լրատվական-վերլուծական քննարկմանը մասնակցող փորձագետը հայտարարեց՝ Թավրիզը «թյուրքական աշխարհի աչքի լույսն է»: Քննարկմանը մասնակցող մյուսները ոգևորված ռեպլիկներով համաձայնեցին ու հաստատեցին։ Հաղորդավարը դժկամությամբ հիշեցրեց, թե Թուրքիան ճանաչում է իր հարևանների տարածքային ամբողջականությունը, ինչին հետևեցին Թավրիզը թյուրքական հող հայտարարողների հեգնախառն ռեպլիկները, որոնց ընդհանուր բովանդակությունը Թավրիզի թյուրքական լինելու մասին էր։
Սա տարածքային հավակնության բացահայտ դրսևորում է, և պետք է հաշվի առնել, որ Թուրքիայում մեդիան, հատկապես հեռուստաալիքները, նաև այս մեկը, իշխանության տոտալ վերահսկողության տակ են, ու տարածքային հավակնությունը չէր կարող դրսևորվել, եթե Էրդողանը, տեղեկատվական ու քարոզչական նրա թիմը դեմ լիներ նման մտքեր ուղիղ եթերում արտահայտելուն։
Թավրիզը Իրանի հյուսիսում՝ Հայաստանի, Արցախի և Սյունիքի հետ սահմանակից Արևելյան Ատրպատական նահանգում խոշորագույն քաղաքն է՝ բնակեցված թյուրքալեզու քաղաքացիներով։ Իրանի տարածքում թուրք-ադրբեջանական ազդեցություն կենտրոնն է: Ու եթե ինչ-որ պահի Թավրիզը հայտնվի թուրքական վերահսկողության տակ, ապա դա ուղիղ սպառնալիք կլինի ՀՀ անվտանգությանը, անգամ գոյությանը։ Թավրիզի վրա տնկված թուրքական աչքը ցուցիչ է, որ թուրքական պլանները Արցախով չեն սահմանափակվում՝ Արցախին սահմանակից Սյունիք-Հայաստան և Թավրիզ-Իրան են հասնում։ Բառացի նույն եզրը՝ «թյուրքական աշխարհի աչքի լույս», Էրդողանն ու թուրքական մեդիան նաև հայկական Շուշիի մասին էին/են գործածում:
Թուրքական հեռուստաալիքներն արդեն մեկ շաբաթ ուղիղ եթերում ցուցադրում են Իրանի հարվածները Իսրայելին, ուշադրության կենտրոնում հենց Իրանի հարվածներն են, ոչ թե Իսրայելի: Այստեղ պարզ նկատվում է, որ եթե սրանից առաջ, օրինակ, Իրանի ռազմական գլխավոր ուժի՝ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատարներից մեկը հանդիսացող գեներալ Սոլեյմանիի սպանությանը հետևած Իրանի հարվածը թուրք լրագրողներն ու քաղաքական, ռազմական փորձագետները ծաղրում էին, Իրանի կարողությունները գնահատում ոչ բավարար, ապա հիմա ուղիղ եթերներում Իրանի ռազմական ուժն այլևս հարցականի տակ չեն դնում, երբեմն լուռ և անգամ կարող ենք ասել տպավորված հետևում են, թե ինչպես է Իրանը խոցում թիրախներ Թել Ավիվում: Թել Ավիվիում նկարահանող խմբեր ունեն, որոնք դիրքավորվել են բարձրադիր հատվածներում և ուղիղ եթերում ցուցարում են, թե ինչպես է Իրանը հրթիռների անձրև թափում քաղաքի վրա, նաև խոցելով թիրախներ։
Ընդհանուր առմամբ, Թուրքական մեդիան զուսպ է, այն առումով, որ Իրանի հետ դարերի մրցակցությունը, դարեր ձգվող թշնամանքը բացահայտ չի դրսևորվում, բայց, իհարկե, այսպես ասենք, կաթում է։ Խամենեիին սպանելու հնարավորության վերաբերյալ Թրամփի բաց հայտարարությունից մեկ օր առաջ էին այս գերկարևոր հարցը քննարկում։
«Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ABC լրատվական ալիքի հետ է զրուցել և ապշելու հայտարարություն է արել։ Ասել է, որ Խամենեիինն սպանելը մի երկու օր առաջ հայտնվել է իրենց օրակարգում։ Իսրայելը Խամենեիին սպանելու, մեջտեղից հանելու գործնական հնարավորություն է ստացել։ Բայց ԱՄՆ նախագահ Թրամփը դրան համաձայնություն չի տվել։ Ասել է մի արեք։ ABC-ն հարցնում ՝ «այս սպանությունը բախումներն ավելի չէր բռնկի, լարվածությունը չէր ավելանա», Նեթանյահուն ասում է՝ «Խամենեիին սպանելը ոչ թե ավելի կբռնկներ բախումները, այլ կմարեր»։ Սա նշանակում է, որ Իսրայելը բացահայտ հայտարարում է՝ եթե հնարավորություն ստանա, Խամենեիին կսպանի»,-CNN Turk-ի ուղիղ եթերում պատմում է ԱՄՆ-ում այդ հեռուստաալիքի թղթակից Յունուս Փակսոյը։
Հաղորդումը վարող Ահմեդ Հաքանը ընդհատում է նրան ու բացատրում. «Հարգելի հեռուստադիտողնե՛ր, Խամենեին, որի մասին խոսվեց, Իրանի թիվ մեկ դեմքն է։ Իրանի հոգևոր առաջնորդը, Իրանում ամեն ինչ որոշողը նա է»։
Ամեն ինչ ճիշտ է ներկայացնում, բայց չի նշում, որ Խամենեին նաև նա է, ով Էրդողանի երեսին նետեց նրա նախնիների քոչվոր լինելը՝ բաց տեքստով ասելով, որ դեմ է Զանգեզուրի միջանցքին, որովհետև հայերի հետ հազարամյակների սահմանը Իրանին պետք է։
Ահմեդ Հաքանը հարցնում է Յունուս Փակսոյին.«Եթե Թրամփը Խամենեիին սպանելու համաձայնություն չի տալիս, Նեթանյահուն, Թրամփին հակառակվելով, կարո՞ղ է սպանել Խամենեիին»։
«Կարծում եմ, որ կանի։ Եթե Թրամփն իրականում հեռախոսազրույցի ժամանակ ասել է չանել դա, «գլխներիս հիմա էլ Խամենեիի սպանություն մի բեր», և Նեթանյահուն էլ դուրս է գալիս ABC-ի՝ ամերիկյան ալիքի եթերում ասում՝ «դու սխալ գիտես, սխալ ես մտածու, դա գործերը չի բարդացնի, հակառակը ամեն ինչ կվերջանա»… նաև պետք է հիշել, որ անցած տարի Նեթանյահուն Նյու Յորք էր եկել, այն ժամանակ ԱՄՆ-ը՝ Բայդենի վարչակազմը, հայտարարեց՝ Հզբոլլահի և Իսրայելի միջև հրադադար պետք է լինի, հաջորդ օրը սպանեցին Նասրալլահին»,-ասում է Փաքսոյը։
Նկատի ունի, որ Իսրայելը սպանեց Հզբոլլահի առաջնորդ Նասրալլահին, նրա հետ Հզբոլլահի առաջին այլ դեմքերի, գլխատեց կառույցը, որը վայելում էր Իրանի հովանավորությունը։
Իհարկե, միամտություն է կարծել, թե թուրքական հեռուստաալիքները Խամենեիի հնարավոր սպանությունը քննարկելով, լրջորեն մտահոգված են, որ կարող է նման բան լինել։ Իրանի թուլացումը միայն բխում է Թուրքիայի շահերից, բայց եթե Իսրայելը Խամենեիի սպանություն ծրագրելով ցանկանում է ոչնչացնել Իրանի գործող վարչակազմն ու որպես հետևանք մասնատել ու թուլացնել իր համար վտանգավոր պետությունը, ապա Թուրքիայում պարզ գիտակցում են՝ դրա պոտենցիալ հետևանք կարող է լինել Իրանի տարածքի փշուրների վրա քրդական պետության ձևավորումը, ինչն անխուսափելիորեն կարթնացնի Թուրքիայի, Իրաքի և Սիրիայի քրդերին։ Այս սցենարը բխում է Իսրայեի ռազմավարական շահից, որը վաղուց է քրդական գործոնը և քրդական անկախ պետության ձևավորումը դիտարկում Միջին Արևելքի՝ իր համար թշնամական պետությունները թուլացնելու միջոց։ Էրդողանը, անկասկած, սա տեսնում է պարզ ու հստակ, և այս պատճառով է, որ փորձում է խուսափել Իրանի տարածքում կտրուկ շարժերից։ Դա կնշանակի Թուրքիայի տակ դրված ռումբի հետհաշվարկի սկիզբ։
Թուրքիայի այս սարսափը թափանցիկ կերպով արտացոլված է Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ, Էրդողանի կոալիցիոն գործընկեր, հայատյաց ազգայնամոլ գորշ գայլերի առաջնորդ Դևլեթ Բահչելիի հայտարարության տեքստում։
Նա նշել է, թե Իրանի դեմ Իսրայելի այս գործողության իրական թիրախը Թուրքիան է և կարծում է, որ Իսրայելին պետք է անհապաղ ստիպել կանգ առնել՝ ուժով։ Այլ տարբերակ չի մնացել։
«Թիրախը միայն Իրանը չէ։ Այս քաոսի և ճգնաժամի էպիկենտրոնում Թուրքիան է։ Իսրայելի ահաբեկչական ռեժիմը փորձում է խանգարել մեզ, խանգարել Թուրքիան առանց ահաբեկչության մեր պլանին, մեր տարածաշրջանը թաղել մթության մեջ»,-Բահչելիի խոսքը ներկայացնում է HaberTurk-ը։
Թուրքիան առանց ահաբեկչության. Այս ֆրազը նշանակում է քրդերի հետ Թուրքիայի սկսած խաղաղության գործընթացը, որի շրջանակում ահաբեկչական հայտարարված Քրդական աշխատավորական կուսակցությունը հայտարարեց ինքնալուծարման և զինաթափվելու մասին։ Եթե Իսրայելը ցանկանում է տապալել «Թուրքիան առանց ահաբեկչության» գործընթացը, ապա նշանակում է՝ Իսրայելը չի ցանկանում, որ Թուրքիայի զինյալ քրդերը վայր դնեն զենքը։
Ավելի վաղ Էրդողանը ևս նշել էր, որ Իսրայելի թիրախը Թուրքիան է։ «Ես բաց կասեմ, թե Պաղեստինից և Լիբանանից հետո Իսրայելի վարչակազմը աչքն ուր է դրել։ Մեր հայրենի հողերն են լինելու հաջորդը։ Թուրքիայի ներսում Իսրայելի որոշ ընկերների, սիոնիզմի որոշ աջակիցների, կամավոր կամ փողի դիմաց սիոնիզմի պրոպագանդայով զբաղվողների չհասկացածը սա է։ Նեթանյահուի կառավարությունը ուտոպիստական երազներ է գծում նաև Անատոլիայի մասին և զանազան առիթներով բացահայտում է իր այդ երազները»,-հայտարարել էր էրդողանը 2024-ի հոկտեմբերի 1-ին Թուրքիայի մեջլիսում Էրդողանի հայտարարությունից։
Էրդողանի ընկեր Բահչելին, այս երկուսը պարբերաբար թեյում են միասին, հայտարարում է, որ այն ինչ կատարվում է Իրանում հիմա, քողարկված ուղերձ է Թուրքիային։ Բայց անգամ այդ ուղերձի ֆոնին ԱՄՆ-ի դաշնակիցներ Իսրայելը և Թուրքիան արևելքի այս շուկայում շարունակում են փոխշահավետ առևտուրը, այնքան շահավետ, որ Էրդողանը Իսրայելին ցեղասպան ու ահաբեկիչ, Թուրքիայի համար սպառնալիք կոչելուց հետո անգամ այդ առևտրից հրաժարվել պատրաստ չէ։
Այսօր արդեն՝ հունիսի 18-ին էրդողանը, խոսելով Իսրայել-Իրան պատերազմի մասին, հայտարարեց. «Թուրքիայի զսպման քաղաքականության շնորհիվ ոչ ոքի մտքով անգամ չի անցնի մեզ վրա հարձակվել։ Թուրքիան պատրաստ է բոլոր սցենարներին»։
Այս ամենից բացի, Իսրայելի հարձակումը տարածաշրջանի բոլոր երկրները, ներառյալ Իրաքը, Կատարը և անգամ Եգիպտոսը կոշտագույն հայտարարություններով դատապարտեցին անմիջապես՝ առաջին իսկ ժամերին, Իսրայելի գործողությունները գնահատելով պրովոկացիոն և տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող։ Լուռ էր միայն մեկ երկիր։ Այո, Թուրքիան, որը հավակնում է տարածաշրջանային որոշիչ խաղացողի և իսլամական աշխարհի առաջնորդի դերին։ Միայն հինգ ժամ անց Թուրքիայի ԱԳ նախարարությունը տարածեց զուսպ, համառոտ և ուշացած հայտարարություն.«Անկարան վճռականորեն դատապարտում է Իրանի դեմ Իսրայելի ավիահարվածը և համարում է այն վտանգավոր սադրանք, Թուրքիան կոչ է անում միջազգային հանրությանը շտապ միջոցներ ձեռնարկել հետագա էսկալացիան կանխարգելելու ուղղությամբ և հայտնում է մտահոգություն Մերձավոր Արևելքում հնարավոր արյունահեղության կապակցությամբ»։
Սա այն պարագայում, երբ իսլամիստ սուլթանը կոչ է անում իսլամական աշխարհին միավորվել Իսրայելի դեմ, որի հաջորդ թիրախը կարող է լինել Թուրքիան, բայց հիմա երբ Իրանի Իսլամակա՛ն Հանրապետության դեմ այսպիսի հարձակում է, թուրքական կողմում այնքան էլ վրդովված չեն։ Եվ չվրդովվելու պատճառներ, իհարկե, ունեն։
Ավելացնենք նաև, որ Իրանի ռազմական կենտրոնական ուժի՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ առնչվող տելեգրամյան ալիքը հայտնում է, որ ՆԱՏՕ-ի հետախուզական և հսկողության ինքնաթիռները անընդհատ և անխափան թռչում են Թուրքիայի ներկա տարածքում՝ Վանի օդային տարածքում՝ Իրանի հետ սահմանի մոտ, Իրանի զինված ուժերիօդային և ցամաքային գործողությունները որքան հնարավոր է շուտ հայտնաբերելու և Իսրայելին հետախուզական տվյալներ տրամադրելու համար։
Այս ամենը նշանակում է, որ Թուրքիայի խաղը բազմաշերտ է, այնքան բազմաշերտ, որ նաև իրենց համար այս վտանգավոր պահին ոչ թե մտածում են խաղաղության ու հաշտության, այլ ավելին ստանալու մասին։ Իհարկե, նաև Հայաստանից։ Էրդողանի հրավերով Փաշինյանը կմեկնի Ստամբուլ։ Այս հրավերը ճիշտ այն ժամանակ է, երբ Սյունիքով թուրքական միջանցքին դեմ Իրանում պատերազմ է։
Անի Ավետյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում