«ՌԴ և ՀՀ միջև առևտուրը մինչև 2025 թվականի վերջը կարող է նվազել 3 միլիարդ դոլարով»․ Ալեքսեյ Օվերչուկ

Նմանատիպ
Սանկտ-Պետերբուրգում ընթացող տնտեսական ֆորումի ժամանակ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտուրը մինչև 2025 թվականի վերջը կարող է նվազել 3 միլիարդ դոլարով, նաև ընդգծել, որ երկու երկրները մինչև տարեվերջ փոխադարձ առևտրում կկորցնեն 6 միլիարդ դոլար։
«Ամենապահպանողական գնահատականներով՝ անցյալ տարի մենք կորցրել ենք մոտ 2 միլիարդ դոլար։ Այս տարի մեր անկումը ներկայիս իրավիճակում կազմում է 3 միլիարդ դոլար։ Ակնհայտ է, որ մինչև տարեվերջ մենք կկորցնենք մոտ 6 միլիարդ դոլար։ Սրանք լուրջ թվեր են», – հայտարարել է Օվերչուկը։
Հիմնական պատճառների թվում նա նշել է խոչընդոտները, արգելքները և կարգավորող մարմինների աշխատանքը։ Կան նաև խնդիրներ փոխադարձ հաշվարկների հետ կապված. «Մենք պետք է նաև ընդլայնենք Վերին Լարսի անցակետերի քանակը, որտեղ այս օրերին կրկին գրանցվում են մեծ խցանումներ։ Սակայն, ՀՀ մասնակցությունը ԵԱՏՄ-ին ապահովում է երկրի կայուն տնտեսական աճը»,-ընդգծել է ՌԴ փոխվարչապետը։
Օվերչուկի խոսքով՝ 10 տարի առաջ՝ ԵԱՏՄ-ին միանալու ժամանակ, Հայաստանի մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմում էր մոտ 3,8 հազար դոլար, այսօր այն հասել է 8,5 հազար դոլարի։ «Իհարկե, սա չի կարելի անվանել մեծ եկամուտ, բայց ցուցանիշը խոսում է տեմպերի և ներուժի մասին»,- հավելել է Ռուսաստանի փոխվարչապետը։
Նշենք, որ ֆորումն անցկացվում է հունիսի 18-ից 21-ը, և այս տարվա հիմնական թեման ընդհանուր արժեքներն են՝ որպես բազմաբևեռ աշխարհում աճի հիմք։
Հետևեք մեզ նաև Telegram-ում