Բնապահպաններն ահազանգում են Արփա գետի աջակողմյան Հերհեր վտակի ցամաքելու մասին
Նմանատիպ
«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունը հերթական ահազանգն է ստացել Արփա գետի աջակողմյան Հերհեր վտակի ցամաքելու մասին և նամակով դիմել է ՀՀ Բնապահպանության նախարարություն: Times.am-ը ներկայացնում է նամակն ամբողջությամբ.
«ՀՀ բնապահպանության նախարար պարոն Ա. Հարությունյանին.
Նորից բնապահպանական ահազանգ ստացանք մեր արշավորդ ընկերներից: Այս անգամ խոսքը գնում է Արփա գետի աջակողմյան Հերհեր վտակին, որի վրա կառուցված են երկու փոքր ՀԷԿ-եր:
Նկարներից պարզորոշ երևում է, թե ինչպես են գետի հունը և ջրվեժներից մեկը ամբողջովին չորացել, իսկ երկրորդ’ Հերհեր ջրվեժից, որը նաև ՀՀ բնության հուշարձանների ցանկում է, շատ փոքր քանակությամբ ջուր է թափվում:
Խնդրում ենք ուսումնասիրել խնդիրը և պարզել, թե Հերհեր գետի վրա կառուցված ՓՀԷԿ-երի սեփականատերերը ինչպես են խախտել բնապահպանական նորմերը, չորացրել գետի հունը և վերացրել կենսաբազմազանությունը՝ էկոհամակարգին պատճառելով զգալի վնաս: Ստուգման ընթացքի և արդյունքների մասին տեղեկացնել մեր նախաձեռնությանը:
Սա միակ դեպքը չէ, երբ ականատես ենք լինում, թե ինչպես են փոքր ՀԷԿ-երի շահագործման արդյունքում զգալի վնաս հասցվում շրջակա միջավայրին: Մեր նախաձեռնությունը շարունակում է իր ուշադրության կենտրոնում պահել սույն հիմնախնդիրը, և փաստերի հավաքագրման աշխատանքներով է զբաղված, որոնք հերթականությամբ կներկայացնենք նախարարությանը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում