Թուրքիայի ԱԳՆ-ն` հայատյաց Փերինչեքի պաշտպան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ մոտիկից հետեւում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Դողու Փերինչեք-Շվեյցարիա դատավարությանը եւ հանդիսանում են դատական գործընթացի կողմ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական odatv.com լրատվական կայքը, Չավուշօղլուն հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի արտաքին հանձնաժողովում արտաքին քաղաքականության մեջ զարգացումների հետ կապված ելույթում:

Չավուշօղլուն ասել է, ո հայկական հարցում իրենք «պաշտպանվող կողմ չեն»: «Մենք մշտապես վերահաստատում ենք, որ անհնարին է, որ մենք ընդունենք մեր պապերի եւ ազգի վրա բարդվող ցեղասպանությունը», -ասել է նա:

Անդրադառնալով ՄԻԵԴ-ում Թուրքիայի աշխատանքի կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքի դատավարությանը` Չավուշօղլուն ասել է. «Մենք մոտիկից հետեւում ենք այդ դատին: Շվեյցարիան այն փոխադրեց ՄԻԵԴ: Ֆրանսիան եւ Հայաստանը դատական գործընթացի կողմ դարձան: Մենք եւս կողմ ենք հանդիսանում այդ դատում, եւ հետեւում ենք դատական գործընթացին»:

Հայատյաց գործունեությամբ հայտնի Դողու Փերինչեքը 2005 թվականին Շվեյցարիայում մի գիտական կոնֆերանսում հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանությունը «միջազգային սուտ է»: Լոզանի դատարանը Շվեյցարիայի քրեական օրենսգրքի համաձայն «ռասիստական խտրականության» հիմնավորմամբ դատապարտել էր Փերինչեքին: Վերջինս Թուրքիայի կառավարության հովանավորությամբ 2008 թվականին դիմել էր ՄԻԵԴ: 2013 թվականի դեկտեմբերի 17-ին ՄԻԵԴ-ը չեղյալ էր համարել շվեյցարական դատարանի որոշումը` նշելով, որ ոտնահարվել է Եվրոպայի մարդու իրավունքների համաձայնագրի «Արտահա յտվելու ազատությունը» հոդվածը: Շվեյցարիայի Վճռաբեկ դատարանի որշումն ուսումնասիրելուց հետո ՄԻԵԴ-ը չեղյալ է համարել իր նախկին որոշումը եւ դատական գործը փոխադրել ՄԻԵԴ բարձրագույն ատյանի վճռին: Հայաստանը եւս դիմել է ՄԻԵԴ եւ պահանջել դատական գործում կողմ ճանաչել նաեւ իրեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում