Փաշինյանի բառամթերքի իրական «բանալիները»

Նմանատիպ
Իրականում Նիկոլ Փաշինյանի հռետորաբանությունն այսօր գերազանցում է սովորական քաղաքական խոսքի սահմանները և դառնում է կառավարման գործիք։ Նա իր հրապարակային պնդումները ներկայացնում է, որ փաստական նկարագրություններ, իրականում նա ուղիղ տեքստով նախանշում է այն թիրախները, ինչին հասցնելու է իր գործողություններով։ Փաշինյանի այնպիսի արտահայտությունները, ինչպիսիք են՝ «մենք կորցրեցինք Արցախը, որպեսզի պահենք Հայաստանը», «վերջապես ձեռք ենք բերել ինքնիշխանություն» կամ «այսօր Հայաստանն ունի պետական սահման», ոչ թե արձանագրում են կատարվածը, այլ փորձում են նախապատրաստել հանրային ընկալումը այն իրականության հանդեպ, որը դեռևս կարող է իրականություն դառնալ։ Այլ կերպ ասած, այս խոսույթը գործի է դրվում հանրային ընկալումը վարժեցնելու, հասարակության դիմադրողականությունը չեզոքացնելու և հետագա՝ առավել ծանր ու կտրուկ որոշումներին ճանապարհ հարթելու նպատակով։
Նման խոսույթն աշխատում է երկու մակարդակում։ Առաջինը՝ ներքին ուղղվածությամբ, հասարակության նկատմամբ հոգեբանական ճնշման գործառույթով։ Հանրությանն անընդմեջ ներկայացնելով, թե Հայաստանը իբր ունի սահմանի հստակեցվածություն կամ վերջապես ազատագրվել է արտաքին կախվածություններից, իշխանությունը ստանում է մեկ կարևոր արդյունք՝ ստեղծում է իբր կայունության պատրանք (ժամանակվոր ծխածակույթ)։ Այս պատրանքը, սակայն, մշտապես հակասության մեջ է արտաքին և ներքին իրադարձությունների հետ՝ սահմանային լարվածություններ, ազգային անվտանգության սպառնալիքներ, տարածաշրջանային մեկուսացում և երկրի ներսում ձևավորվող խորացող անվստահություն։ Նշենք, որ հենց այս հակասությունն է, որ ավելի ուժեղացնում է հանրային պառակտվածությունը՝ իրականության ընկալման բևեռացման խորացմամբ։
Երկրորդ մակարդակն առնչվում է արտաքին քաղաքականության հետ։ Այն պահին, երբ Փաշինյանն ասում է, որ «Հայաստանը դարձյալ ինքնիշխան է» կամ «վերջապես գծված սահման ունի», նա ոչ թե զուտ հայտարարում է աշխարհաքաղաքական փաստ, այլ միջազագային լսարանին է ուղերձ հղում, եթե ավելի կոնկրետ՝ արևմտյան և ադրբեջանա-թյուրքական ուժային կենտրոններին։ Այս ուղերձի հիմնական բովանդակությունը հետևյալն է՝ «մենք հրաժարվել ենք նախկին ռազմավարական դիրքերից և այժմ պատրաստ ենք խաղալ նոր պայմաններով»։ Իրականում սա իրենից ներկայացնում է ռազմավարական պարտվողականություն, որը Փաշինյանը փաթեթավորում է կեղծ ազգային ինքնահաստատման գաղափարներով ու մանիպույատիվ շղարշով։
Այս ամբողջ հռետորաբանության հիմքում ընկած է մեկ հիմնական տրամաբանություն. նախօրոք ներարկված քաղաքական թեզերն օգտագործվում են ապագայում տեղի ունենալիք գործընթացները որոշակիորեն մեղմելու, հասարակությանը չեզոքացնելու և բուն որոշումների պատասխանատվությունը շրջանցելու համար։ Փաշինյանն այս կերպ նախապես ասում է՝ «ես զգուշացրել էի», որից հետո գործողությունը՝ ինչքան էլ աղետալի լինի, դիտարկվում է ոչ թե որպես իշխանության ձախողում, այլ անխուսափելի իրականություն։ Այլ կերպ ասած՝ հերթական անգամ կիրառվում է փորձված օվերտոնյան պատուհանի էֆեկտը։
Այս մոտեցումն իր վտանգավորությամբ գերազանցում է անգամ պաշտոնական պարտվողական հայտարարություններին, քանի որ այն վերածվում է հանրային ճշմարտության վերաշարադրման փորձի։ Թերևս կա մի իրողություն, որտեղ երբ իշխանությունն է ձևակերպում՝ ինչն է իրական, ինչը՝ կորուստ, որտեղ է սկսվում երկիրը, և որտեղ է վերջանում նրա ինքնիշխանությունը, ապա ցանկացած այլ տեսակետ մղվում է մարգինալ դաշտ, իսկ հանրությունը, կորստի կամ հիասթափության պահին՝ կանգնում է մոլորության ու շփոթմունքի առաջ։
Ըստ էությոն՝ երբ խոսքը պետության ճակատագրի մասին է, խոսույթը դառնում է ոչ միայն ազդեցության գործիք, այլ նաև՝ քաղաքական ենթագիտակցություն վրա ուղղակի ազդող միջոց։ Այսպիսի խոսույթի վտանգն այն է, որ այն վերացնում է հանրային բանավեճի հնարավորությունը, իսկ դրա փոխարեն ձևավորում է անվիճելի ճշմարտությունների փաթեթ, որը դառնում է հարվածային գործիք ընդդիմադիր մտածողության դեմ։ Հանրությունը սկսում է մոռանալ, որ իրականությունը հնարավոր է փոխել, և ընկալում է այն՝ որպես իշխանության կողմից ձևակերպված բացարձակ ճշմարտություններ։
Այսօր արդեն ակնհայտ է, որ այս պահին՝ Փաշինյանի խոսույթի տակ, հանրությունը կորցնում է ոչ միայն քաղաքական սուբյեկտություն, այլ նաև սեփական պատմության վրա վերահսկողություն։ Ընդունել է կրավորական կեցվածք և դադարել է պայքարել, քանի որ իրականն ու տրամաբանականը խառնվել է փաշինյանական լղոզված ստերի սոուսում։ Սա է այսօր տեղի ունեցող ամենամեծ և ամենաանտեսված գործընթացը, իսկ դրա վերջնական փուլը լինելու է պարտության հետ՝ հաշտեցումը ոչ թե որպես սխալ քաղաքականության հետևանք, այլ իբր անհրաժեշտ պատմական ուղի։
Հ․գ․ «Ինչ էլ լինի, ոչ մի դեպքում, մենք մեզ պարտված չենք ճանաչելու»․ այս միտքը Փաշինյանն արտասանեց 2020-ի սեպտեմբերի 27-ին՝ պատերազը սկսելուց ժամեր անց։
Արմեն Հովասափյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում