Լիբերալ-ավտոկրատիա Հայաստանում․ Փաշինյանի իշխանության ռեպրեսիվ վերափոխումը

Նմանատիպ
Նիկոլ Փաշինյանի իշխանության վերջին փուլը բնութագրվում է բացահայտ ռեպրեսիվ դրսևորումներով, որոնք, սակայն, պատված են օրինականության և ժողովրդավարության ձևական ծխածածկույթով։ Հայաստանում ձևավորվում է այնպիսի քաղաքական համակարգ, որն արտաքինից պահպանել է ընտրությունների, դատական համակարգի ու խորհրդարանական կառույցի գոյությունը, սակայն իրականում իրականացնում է պետական իշխանության կենտրոնացում՝ ընդդիմադիր և հասարակական դաշտերի համակարգված ճնշման ճանապարհով։ Սա այն է, ինչ քաղաքագիտության մեջ սահմանվում է որպես լիբերալ ավտոկրատիա։
Հայաստանի դեպքում այս մոդելի ներդրումն ի հայտ է գալիս ոչ միայն տեսական մակարդակով, այլ՝ կոնկրետ գործողություններով, որոնք միտված են հանրային վերահսկողության բոլոր լծակների վերջնական ոչնչացմանը։ Եթե նախորդ տարիներին իշխանությունն աշխատում էր սահմանափակել միայն նախկին համակարգի ներկայացուցիչներին, ապա 2024-ից սկսած և հատկապես 2025-ի ընթացքում ռեպրեսիվ թիրախն ընդլայնվել է՝ ընդգրկելով գործող ընդդիմադիրներին, քաղաքացիական շարժումների ղեկավարներին, հոգևորականներին և ընդհանրապես բոլորին, ովքեր որևէ ձևով կասկածի տակ են դնում գործող իշխանության լեգիտիմությունը կամ արժեքային հիմքերը։
Ասվածի ցցուն դրվագները Սամվել Կարապետյանի և Հայ Առաքելական եկեղեցու երկու բարձրաստիճան նվիրապետերի նկատմամբ իրականացված գործողություններն են։ Այս գործիչները հանդես էին եկել որպես ազգային-ավանդական արժեքների կրողներ ու պաշտպաններ, և նրանց նկատմամբ կիրառված քրեական գործերը ոչ միայն իրավական, այլ բացահայտ քաղաքական բնույթ ունեն։ Սրան զուգահեռ իշխանությունն ուժեղացրեց ճնշումը եկեղեցու վրա՝ ձգտելով սահմանափակել հոգևոր դաշտի ազդեցությունը հասարակական-քաղաքական կյանքում։
Հատուկ ուշադրության է արժանի նաև Սեյրան Օհանյանի, Արծվիկ Մինասյանի և Արթուր Սարգսյանի նկատմամբ իրականացված գործողությունների շարքը։ Նրանց զրկումը պատգամավորական մանդատից ու հետագա քրեական հետապնդումը ցույց են տալիս խորհրդարանական ընդդիմության ամբողջական չեզոքացման՝ իրավական մանիպուլյացիաներով քողարկված փորձ։ Խոսքը գնում է ոչ թե սահմանադրական կարգի պահպանման, այլ այդ կարգի ներսից վերաձևման մասին՝ ընդդիմադիր ձայների լռեցմամբ ու խորհրդարանական դաշտի միահածան վերահսկման միջոցով։
Բացի քաղաքական գործիչներից, ռեպրեսիաները հասնում են նաև քաղաքացիական ակտիվիստներին, անկախ վերլուծաբաններին և մեդիա ներկայացուցիչներին։ Վերջին ամիսներին գրանցվել են մի շարք դեպքեր, երբ ակտիվիստների դեմ ձևակերպվել են արհեստական քրեական մեղադրանքներ, իրական կամ հորինված սպառնալիքների հիմքով կատարվել են ձերբակալություններ, խուզարկություններ կամ ուղիղ վախեցման գործողություններ։ Այս ամենը նպատակ ունի կոտրելու դիմադրության հնարավորությունները ոչ միայն քաղաքական, այլև հասարակական դաշտում։
Ըստ էության՝ իշխանությունն իր այս քաղաքականությունը կառուցում է մի քանի հիմնական ուղղությամբ։ Առաջինը՝ քրեական գործերի ընտրողական կիրառումն ընդդիմության դեմ։ Երկրորդը՝ հանրային խոսքի և քաղաքական դիսկուրսի վերահսկումը քարոզչական միջոցներով։ Երրորդը՝ դատական և ուժային կառույցների վրա լիակատար վերահսկողության միջոցով իրավական դաշտը վերածելը քաղաքական հաշվեհարդարի գործիքի։ Չորրորդը՝ ազգային ինքնության և հոգևոր արժեքների կրողների՝ այդ թվում հոգևորականության դեմ գործադրվող ճնշումները, որոնք ենթադրում են մշակութային դիմադրության իսպառ բացառման փորձ։
Այս համակարգը վտանգավոր է հատկապես այն պատճառով, որ ներկայացվում է իբրև «իրավակարգի պահպանում և ազգային անվտանգության ապահովում», Սսակայն իրականում այն վերածվում է իշխանության կենտրոնացման մեխանիզմի, որտեղ օրինականությունը ծառայում է ոչ թե արդարության, այլ ճնշման նպատակներին։
Բնութագրված իրականության արձանագրումը միայն մեկնաբանություն չէ, այլ հրամայական՝ ի շահ հասարակական առողջացման և քաղաքական ճշգրտման։ Լռությունը, անտարբերությունը կամ ձևականություն ներկայացնելու փորձերը միայն ամրացնում են ռեժիմի ինքնավստահությունն ու հաշվետվությունից դուրս մնալու մշակույթը։ Ակնհայտ է, որ ներկայումս Հայաստանը կանգնած է ճակատագրական հարցի առջև՝ արդյո՞ք թույլ տալ ձևի անվան տակ բովանդակության ոչնչացումը։ Եթե պատասխանն «ոչ»-ն է, ապա հարկավոր է իրականության մասին խոսել ուղիղ, փաստացի և պատասխանատվությամբ։
Արմեն Հովասափյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում