Մոգերինին կոչ Է արել ԵՄ-ին՝ չսահմանափակվել միայն Մոսկվայի վրա ճնշումներ գործադրելով

Ուկրաինական ճգնաժամից ելք գտնելու համար Եվրամիությանն անհրաժեշտ Է ոչ միայն ճնշում գործադրել Մոսկվայի վրա, այլեւ նրա հետ շփման ուղիներ փնտրել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության նոր գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել Է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Գժեգոժ Սխետինայի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում:

«Մեզ կպահանջվի միաժամանակ ուժեղ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա եւ նրա հետ շփվելու արդյունավետ ուղի գտնել, ինչը կբերի Ուկրաինայի միասնության պահպանման ընդհանուր լուծում գտնելուն»,-ասել Է նա՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

Նաեւ, նրա խոսքով, անհրաժեշտ Է, որ ԵՄ-ն եւ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի նկատմամբ մշակեն ընդհանուր, համակարգված դիրքորոշում: Մոգերինիի գնահատմամբ՝ Ուկրաինայում իրադրությունը զարգանում Է բացասական սցենարով: «Այսպես կոչված ընտրությունները, որոնք նոյեմբերի 2-ին տեղի ունեցան Դոնբասում, դրությունը չեն շտկում, դրանք այն վատթարացնում են: Դրանք անօրինական են եւ արգելք են ստեղծում երկխոսության եւ լուծումներ գտնելու ճանապարհին»,-նշել Է նա:

Ինչ վերաբերում Է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելուն կամ հները չեղարկելուն, եվրոպական դիվանագիտության ղեկավարը հիշեցրել Է, որ այդ որոշումները պահանջում են Եվրամիության բոլոր 28 անդամ երկրների համաձայնությունը: Մոգերինիի խոսքով՝ նոյեմբերի 17-ին այդ հարցը կքննարկվի Բրյուսելում կայանալիք հերթական նիստի ընթացքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում