Ստամբուլից Ստեփանակերտ. Ալիևը Հայաստանից պահանջում է 150 մլրդ դոլար, ՀՀ պետական պարտքը 12 մլրդ դոլար է

Նմանատիպ
«Պատմական ադրբեջանական հող համարվող Խանքենդի բարով եք եկել», ֊հայտարարեց Ալիևը Արցախի Հանրապետության օկուպացված մայրաքաղաք Ստեփանակերտի մասին՝ ողջունելով Թուրքիայի, Իրանի, Կենտրոնասիական տարածաշրջանի երկրների, Պակիստանի և Աֆղանստանի նախագահներին, ներկայացուցիչներին։
Դեռ մեկ օր առաջ էին այս երկրների դրոշները հայտնվել օկուպացված հայկական մայրաքաղաքի մատույցներում՝ «Մենքենք,մերսարերը» հուշարձանի առաջ, «Դեդո-բաբոյի» աչքի առաջ։
Տնտեսական համագործակցության կազմակերպության 17-րդ գագաթնաժողով. սա այն առիթն էր, որն օգտագործելով Բաքվի օկուպանտը վերջին օրերին տանտիրոջ նման Արցախում ինտենսիվ հյուրեր էր ընդունում՝ նշված երկրների առաջնորդներին, և ամրագրում իր դիրքը հենց իբր տանտեր՝ միջազգային հանրության աչքում։ Այն էլ գերկարևոր տարածաշրջանի միջազգային հանրության։ Թուրանի ճանապարհի միջազգային հանրության։ Այն Թուրանի, որին ՆիկոլՓաշինյանը դեմ չէ, ինչպես բաց հայտարարեց Ստամբուլում։
Ու քանի դեռ Երևանում Հայաստանի իշխանությունների օրակարգի գլխավոր թեման Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղված վեհարանից դուրս գալու պահանջներն են, արքեպիկոպսներ ու գործարար կալանավորելը, ահաբեկչության և կուսության մասին խոսելը, Հայաստանին և Երևանին շատ մոտ՝ Հայաստանին ուղղված թուրանական ուղերձներ են հնչում։
Առաջինը Թուրքիայի նախագահականի տարածած տեքստում էր՝ Էրդողան-Ալիև երկկողմ ձևաչափով հանդիպումից հետո. «Նախագահ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև համապարփակ խաղաղության բանակցություններին, և ակնկալում է համաձայնագրի ստորագրում, որը կբավարարի Ադրբեջանի օրինական պահանջները»։ Ընդ որում այս մանրամասնը նշված է միայն թուրքական կողմի հայտարարության տեքստում, Բաքվի հայտարարությունը «ընդամենը» բոլոր հարցերում միմյանց կողքին լինելու մասին էր՝ ինչպես նախկինում, այնպես էլ այսուհետև։
Ժամեր անց Ալիևը հրապարակավ և հերթական անգամ ձևակերպեց իր պահանջները, բայց մինչև դրանց անցնելը՝ ստացվում է, որ հենց սա՞ է ասել Էրդողանը Փաշինյանին Ստամբուլում կայացած հանդիպմանը, որ Ադրբեջանի պահանջներն օրինակա՞ն են և պետք է բավարարվե՞ն։ Հազիվ թե Փաշինյանի առաջ Էրդողանի դիրքորոշումը կտրուկ այլ լիներ։
Ինչո՞ւ է Էրդողանն ակնկալում այդ «խաղաղության համաձայնագրի» ստորագրումը։ Պատասխանը վերջին անգամ հնչել է Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթաժողովի ժամանակ՝ Ալիևի և Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու պետությունների առաջնորդների ներկայությամբ: Էրդողանը հայտարարել էր, որ Փաշինյան-Ալիև «խաղաղության համաձայնագիրը» բազմաթիվ հնարավորություններ է բացելու թյուրքական աշխարհի համար:
«Թյուրքական աշխարհի համար ռազմավարական նշանակություն ունեցող Կովկասում տեղի ունեցող իրադարձություններին մենք ուշադիր հետևում ենք: Ուրախ ենք, որ ջան Ադրբեջանը խաղաղության համաձայնագրի շուրջ համաձայնության է հասել Հայաստանի հետ։ Եթե երկու երկրների միջև հնարավոր լինի հաստատել մշտական խաղաղություն, ապա այդ դրությունը, անկասկած, բազմաթիվ հնարավորություններ կբացի մեր թյուրքական աշխարհի համար։ Այս պահին վստահ եմ, որ հաղթանակած նախագահը, իմ սիրելի եղբայր Ալիևը, պատմության մեջ կմտնի որպես տարածաշրջանին խաղաղություն բերող առաջնորդ»,- նշել էր Էրդողանը։
Հիմա Ալիևի պահանջները և առանձնացնենք միայն երկուսը։ Դեռ շարունակելով բոլորի առաջ գլուխ գովել անգամ Հայաստանից անպաշտպան մնացած 150 հազար հայերի դեմ հաղթանակով (որին հասավ միայն երեք տասնամյակի նավթադոլարներով, Թուրքիայի, Պակիստանի, Իսրայելի աջակցությամբ), Բաքվի օկուպանտը հայտարարել է, թե օկուպացիայի 30 տարում՝ նկատի ունի Ազատ Արցախի 30 տարին, Հայաստանը Ադրբեջանին պատճառել է 150 միլիարդ դոլարի վնաս։
Նման հայտարարություն առաջին անգամ չէ, որ հնչում է, բայց կրկնությունը և հետևողականությունը հուշում են, որ ինչպես այլ պահանջների պարագայում, այստեղ ևս Բաքվի օկուպանտն անելու է նախ դանդաղ քայլեր, ապա ավելի վերջնագրային՝ վերջնարդյունքում պահանջելով Հայաստանից 150 միլիարդ դոլար։
2024 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի պետական ամբողջ պարտքը՝ ներքին և արտաքին պարտքի հանրագումարը, կազմում է 12 մլրդ 842 մլն ԱՄՆ դոլար։ Դրանից 6 մլրդ 454 մլն դոլարը Հայաստանի արտաքին պետական պարտքն է, 6 մլրդ 388 մլն դոլարը՝ ներքին պարտքը։ Տվյալները հրապարակում է Ֆինանսների նախարարությունը։
(«Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը 12 միլիարդ դոլար չէ, Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը 5 միլիարդ 962 միլիոն դոլար է, կրկնում եմ՝ 5 միլարդ 962 միլիոն դոլար»,- փետրվար 17-ին 51 վայրկյան տևողությամբ հոլովակով հայտարարել էր էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ չհիշատակելով պաշտոնական վերջին տվյալներով մոտ 6.4 միլիարդ դոլար կազմող ներքին պարտքը: Պետական պարտքն իրականում ներքինի ու արտաքինի գումարն է):
Ալիևի նշած թվի հնարավոր հետևանքները ՀՀ գոյության և զարգացման ուղղությամբ այսքանով ակնհայտ են։
Երկրորդ պահանջը՝ «ԱրևմտյանԱդրբեջան»։ Բաքվի օկուպանտն իր ելույթում հայտարարել է. «Մեծ նշանակություն ունի նաև Հայաստանից արտաքսված արևմտյան ադրբեջանցիների իրավունքների ապահովումը: Մենք բարձր ենք գնահատում անցած ամիս Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարների խորհրդի՝ Ստամբուլում կայացած նիստում բոլոր 57 անդամ պետությունների կողմից աջակցված միաձայն բանաձևի ընդունումը, որը վերահաստատում է Հայաստանից բռնի արտաքսված ադրբեջանցիների վերադարձի իրավունքը։Այս բանաձևին զուգահեռ ժամանակակից Հայաստանի տարածքից բռնի կերպով արտաքսված ադրբեջանցիների վերադառնալու իրավունքը վերահաստատվում է նաև Նախարարների խորհրդի նիստից հետո ընդունված «Ստամբուլի հռչակագրով»։ Հռչակագիրը նաև դատապարտում է Արևմտյան Ադրբեջանի համայնքի հետ երկխոսություն սկսելուց Հայաստանի հրաժարվելը։ Արևմտյան ադրբեջանցիների՝ իրենց նախնիների հողեր՝ Հայաստան խաղաղ վերադարձն ապահովելու ջանքերը կշարունակվեն նաև ապագայում»։
Ստեփանակերտում կայացած այս հավաքից ևս մեկ դրվագ։ Հայկական մայրաքաղաքի փողոցներից մեկում Բաքվի պետական հեռուստաալիքը նկատել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարին (Էրդողանն այնտեղ էր իր ամբողջ շքախմբով՝ Ֆիդան, Ալթուն), որը «Զանգեզուրի միջանցք» կոչված նախագծի թուրքական կողմից, այսպես ասենք, համակարգողն է։ Եվ Ուրալօղլուին հարցրել են, թե ի՞նչ են խոսել Էրդողանն ու Փաշինյանը Ստամբուլում, այդ միջանցքը քննարկե՞լ են։ Ուրալօղլուն նախ լայն, բոլոր ատամներով ու խոսուն ժպտում է, ապա ավելացնում՝ ճիշտ չի լինի, որ ինքը մանրամասներ հայտնի, «Ալլահի կամքով Զանգեզուրի միջանցքը կբացվի»։
Եվ վերջում, հունիսի 21-ին Փաշինյանը Ստամբուլում նաև պնդեց, թե «խաղաղության խաչմերուկի», որ նույնն է թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածի բացումն անխուսափելի է։ «Խաղաղության խաչմերուկ»-ը չի կարող չիրականանալ։ Դա ժամանակի հարց է։ Այլ բան է, որ ժամանակը կարող է մի քիչ կարճ լինել, մի քիչ երկար լինել։ Բացառված է, որ դա տեղի չունենա», ֊ հայտարարեց Փաշինյանը։
Հիմա, Ստեփանակերտում հայտնված թուրքերի այս հայտարարությունները լսելով, ավելի է ընդգծվում հարցը՝ գուցե Հայաստանի տարածքով թուրքական միջանցքից հնարավոր լիներ խուսափել, եթե չօկուպացվեր Արցախի տարածքը, եթե Արցախի տարածքը Փաշինյանը չճանաչեր Ադրբեջանի տարածքային ամողջականության մաս, որ Ստեփանակերտում զբոսնող թուրքերը հիմա էլ աչքը չտնկեին ՀՀ տարածքի վրա։
Սա հերթական ու ոչ երբեք ավելորդ ապացույցն է, որ «Արցախը տանք, հանգիստ ապրենք» թեզը կեղծ էր, թշնամական էր, ներմուծված ու ներարկված հատուկ նպատակով։ Հիմա գոնե պետք է տեսնել, թե այն ներմուծող ֊ ներարկողներն այսօր ինչ թեզերով են զբաղված։ Օրինակ՝ Հայ առաքելական եկեղեցու դեմ։
Անի Ավետյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում