Փաստաբանները քննադատում են ՔԿ-ի պահվածքը․ նրանք չեն կարողանում հանդիպել ձերբակալվածների հետ

Փաստաբանները քննադատում են ՔԿ-ի պահվածքը․ նրանք չեն կարողանում հանդիպել ձերբակալվածների հետ

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը, որը մյուս փաստաբանների հետ վաղ առավոտից ՔԿ մոտ էր՝ դաշնակցական երիտասարդների պաշտպանությունը ստանձնելու համար, սակայն քննիչները թույլ չեն տվել փաստաբաններին մուտք գործել ՔԿ, հայտարարել է, որ ՔԿ-ում գտնվող անձանց սահմանադրական՝ իրավաբանական օգնություն ստանալու  իրավունքը խախտված է։

«Եթե ՔԿ-ն պնդում է, որ այս անձինք ինչ-որ բանի մեջ են կասկածվում, ապա ինչու՞ պաշտպաններին թույլ չեն տալիս մուտք գործել ՔԿ։  Երբ երկու օր առաջ Ռուբեն Մելիքյանը պատմեց ծիծաղելի պատմությունը, երկու օր առաջ դեռ ծիծաղելի էր, քանի որ Անդրանիկի մոտ հայտնաբերել են ինչ-որ սթրայքբոլի առարկաներ, Անդրանիկը ՀԵՄ անդամ է՝ «տեխնար»․ այսինքն՝ բեմ է հավաքում, հնչյունային սարքավորումներ կազմակերպել, նորոգել։ Իր աշխատանքային պարագաներն են գտել, ենթադրվում էր, որ մանրամասն ցուցմունքից հետո, եթե ՔԿ-ն նպատակ ուներ օբյեկտիվ իրականություն բացահայտելու, այդ ցուցմունքից հետո որևէ հարց ՔԿ-ի մոտ պետք է չառաջանար, բայց ունեինք նաև մտահոգություն, որ սա կարող է դառնալ ՀՅԴ-ի նկատմամբ նոր ռեպրեսիոն ալիք»,- ասել է փաստաբանը։

Փաստաբան Սերգեյ Հարությունյանն իր հերթին նշել է, որ փաստաբաններս որոշում կայացրեցինք, որ այստեղ չունենք անելիք։ Սա հերթական ապօրինի մասկի շոուն է լինելու, իբրև ահաբեկչական ինչ-որ խմբավորում հայտնաբերելն է լինելու։ Արդեն երեք ժամ արևի տակ կանգնած ենք, նույնիսկ ՄԻՊ աշխատակազմի գալուց հետո թույլ չեն տվել մուտք գործել ՔԿ։

«Մեր մասնակցությամբ մենք լեգիտիմացնելու ենք»,- նշել է փաստաբանը՝ հավելելով, որ գործի համար առիթ հանդիսացած Անդրանիկը ցուցմունքում հանգամանալից ասել է, որ ընդամենը սպորտային նախասիրություն է ունեցել և հայտնաբերված առարկաները միայն սպորտային ատրիբուտներ են, բայց այն հանգամանքը, որ դա առիթ է եղել, որ այսօր դա շոու ներկայացվի՝ Բագրատ Սրբազանի շոուից հետո, ուստի, փաստաբանները չեն ցանկանում լեգիտիմացնել այդ ապօրինությունը։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում