Կոպտորեն խախտվել են արդար դատաքննության երաշխիքները․ Սիրանուշ Սահակյան
Կարդացեք նաև
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ ռազմագերիների ներկայացուցիչ և փաստաբան Սիրանուշ Սահակյանը պարզաբանումներ է ներկայացրել Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ:
Սահակյանը նշել է, որ կոպտորեն խախտվել են արդար դատաքննության երաշխիքները, մասնավորապես՝ կողմերի հավասարության և մրցակցության սկզբունքը: «Թե՛ նախաքննական մարմինները, թե’ դատարանն անտեսել են պաշտպանական կողմի ներկայացրած բոլոր միջնորդությունները՝ իրականացնելով միակողմանի և կանխորոշված ելքով քննություն։ Ավելին, դատավորները մերժել են Ռուբեն Վարդանյանին տրամադրել լիարժեք հասանելիություն գործի նյութերին՝ միաժամանակ գործին կցելով կեղծված փաստաթղթեր»,-ընդգծել է նա։
Քրեական գործի պաշտոնական նյութերի վրա հիմնված զեկույցը փաստում է Ռուբեն Վարդանյանի հիմնարար իրավունքների համակարգային անտեսումը, այդ թվում՝
- Նրան մեղադրանքների մասին ժամանակին և օրինական կերպով չտեղեկացնելը.
- Գործի նյութերին իրեն հասկանալի լեզվով հասանելիություն չտրամադրելը.
- Նրա պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունները և դատավարական պահանջները շարունակ մերժելը.
- Դատական արձանագրությունների մանիպուլյացիան և չստորագրված կամ թերի փաստաթղթերի օգտագործումը.
- Դատավարության անցկացումը ռազմական դատարանում, չնայած փաստին, որ Ռուբեն Վարդանյանը քաղաքացիական անձ է.
- Դատավարությունը պաշտոնապես բաց հայտարարելով հանդերձ՝ միջազգային դիտորդների և լրագրողների մուտքը հետևողական ձեևով մերժելը։
Զեկույցը եզրակացնում է, որ այս խախտումների ամբողջությունը ձևավորել է մի գործընթաց, որը չի համապատասխանում և՛ Ադրբեջանի, և՛ միջազգային իրավունքի՝ արդարության նույնիսկ նվազագույն չափանիշներին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում