Գերմանիան նախատեսում է ձեռք բերել ևս 15 F-35 կործանիչ
Կարդացեք նաև
Ինչպես հայտնում է Politico եվրոպական հրատարակությունը վկայակոչելով մի քանի աղբյուրներ՝ Գերմանիայի կառավարությունը մտադիր է ձեռք բերել ևս 15 հինգերորդ սերնդի F-35 կործանիչ՝ զինված ուժերի աճող կարիքները բավարարելու նպատակով։
Խոսքը վերաբերում է 2022 թվականին Գերմանիայի և ԱՄՆ-ի միջև ստորագրված նախնական պայմանագրի ընդլայնմանը, որի համաձայն Բեռլինը պետք է ստանար 35 միավոր F-35։ Այժմ Գերմանիան ցանկանում է այդ թիվը ավելացնել մինչև 50։ Աղբյուրների համաձայն՝ բանակցություններն արդեն սկսվել են, և գերմանական կողմը վճռական է գնում այս քայլի։
Չնայած Գերմանիան, Ֆրիդրիխ Մերցի ղեկավարությամբ, ներկայումս պաշտպանում է Եվրոպայի ռազմական ինքնավարության գաղափարը, այդ թվում՝ նախընտրելով եվրոպական 6-րդ սերնդի կործանիչի՝ FCAS նախագծի զարգացումը, համաշխարհային մարտահրավերները և նախագծի շուրջ բարդությունները՝ մասնավորապես Ֆրանսիայի հետ տարաձայնությունները՝ պարտադրում են Բեռլինին ընտրել ավելի արագ իրագործելի տարբերակներ։
Politico-ի տվյալներով՝ այս քայլը ցույց է տալիս Գերմանիայի ավելի պրագմատիկ մոտեցումը, որը կարճաժամկետ հեռանկարում պահպանելու է որոշ կախվածություն ԱՄՆ-ի մատակարարումներից, քանի որ ամերիկյան կործանիչները կարող են շատ ավելի արագ մատակարարվել, քան դեռևս մշակման փուլում գտնվող եվրոպական համանման մոդելները։
Նշենք, որ արդեն հուլիսի վերջին սպասվում է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անձնական հանդիպումը, որի օրակարգում ընդգրկված է նաև FCAS նախագծի շուրջ տարաձայնությունների լուծման հարցը։ Բացի այդ, հաջորդ շաբաթ նախատեսվում է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի և ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի հանդիպումը՝ նոր ինքնաթիռների ձեռքբերման շուրջ բանակցությունների համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում