ՔԿ-ի գործողություններում փաստաբանի դերի նվաստացման միտում կա. Ս․ Հարությունյան

ՔԿ-ի գործողություններում փաստաբանի դերի նվաստացման միտում կա. Ս․ Հարությունյան

Փաստաբան Սերգայ Հարությունյանը, այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նշել է, որ դաշնակցականների հետ ձերբակալվել էր նաև մի սանտեխնիկ։ «Մարդուն 72 ժամ ձերբակալված պահելուց հետո ազատ արձակեցին, այդպես էլ պարզ չեղավ, թե ինչու»,-ասել է նա։

Փաստաբանը կասկած է հայտնել, որ սանտեխնիկի անուն-ազգանունը շփոթել են դաշնակցականի հետ, սակայն պարզ է, որ այդ մարդը Դաշնակցության հետ որևէ կապ չի ունեցել։

Անդրադառալով ՔԿ-ում փաստաբաններին ձերբակալվածների հետ տեսակցություն թույլ չտալուն՝ Հարությունյանը կասկած է հայտնել, որ այդպիսով փորձում են նսեմացնել փաստաբանի դերը, թուլացնել իրավապաշտպանական գործունեությունը։

«Փաստաբան, կկանգնես դրսում՝ արևի տակ ինչքան պետք է, մենք ենք որոշում՝ երբ կմտնես ներս, երբ չես մտնի։ Վստահ եմ, այդտեղ կա միտում։ Մեզ հետ էր նաև Աբգար Պողոսյանը, մենք բոյկոտեցինք՝ ցույց տալով, եթե ի սկզբանե խախտում են փաստաբանի իրավունքը, ապա ինչպես կարող է ինքը պաշտպանել ուրիշի իրավունքը»,-ասել է փաստաբանը՝ նշելով, որ դրանից հետո իրենց հետ կապ են հաստատել քննիչները, նաև ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչները։

Հարությունյանը նաև ընդգծել է, որ այն, ինչ վերջին մեկ ամսում կատարվում է, մեկ ամբողջական կոմբինացիայի տրամաբանության մեջ է տեղավորվում. նա շեշտել է, որ խոսքը վերջին ամսվա ընթացքում կատարված աղմկահարույց ձերբակալություններն ու կալանավորումներն են։

«Բոլորն այնտեղ են (Բագրատ և Միքայել սրբազաններ, Սամվել Կարապետյան և այլք –խմբ․), որովհետև դրանով այս վարչախումբը մի քանի խնդիր է լուծում․ հանրությանը ցույց տալ, թե ահաբեկչական խմբավորումներ են ձերբակալվել, մեկուսացնել այն մարդկանց, որոնք հաջորդիվ եկեղեցու նկատմամբ ոտնձգությունների ժամանակ կարող էին դժգոհություն հայտնել և փորձել դիմադրություն ցույց տալ։ Իսկ Սամվել Կարապետյանի դեպքում վախ ներշնչել բոլոր տնտեսվարողներին, որ գործարարները կաղապարված լինեն իրենց դիրքորոշումն արտահայտելիս»,-ասել է Հարությունյանը։

Փաստաբանը չի բացառում, որ այս բոլոր գործողություններով իշխանությունները փորձ են անում նաև շեղել հանրության ուշադրությունը ստորագրվելիք նոր ամոթալի փաստաթղթերից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում