Թուրքիայի նախագահական վարչակազմը անտեղյակ է ԱՄՆ-ի՝ Զանգեզուրի միջանցքի հետ կապված պլաններից

Թուրքիայի նախագահական վարչակազմը անտեղյակ է ԱՄՆ-ի՝ Զանգեզուրի միջանցքի հետ կապված պլաններից

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմը հայտարարել է, որ տեղյակ չէ ԱՄՆ-ի՝ Զանգեզուրի միջանցքը կառավարելու մտադրությունների վերաբերյալ շրջանառվող տեղեկություններից։

Ավելի վաղ Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան, ինչպես նաև Սիրիայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Թոմաս Բարրաքը հայտնել էր, որ ԱՄՆ պատրաստ է կառավարել տրանսպորտային միջանցք Իրանի սահմանին՝ նպաստելու Բաքվի և Երևանի միջև բանակցություններին։

«Մենք այս մասին տեղեկություն չունենք, ուստի մեկնաբանելու ոչինչ չունենք»,– հայտարարել են Թուրքիայի նախագահի վարչակազմից։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը չի քննարկում իր տարածքով անցնող ճանապարհների վերահսկողությունը երրորդ կողմին փոխանցելու որևէ տարբերակ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր, որ «սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը»։ «Վերահսկողությունը սխալ բառ է, որովհետև դա կիրառելի չէ այդ դեպքում, կրկնեմ նորից՝ այդ գործընթացը պետք է իրականացվի Հայաստանի ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության ներքո: Եթե դա համապատասխանի այս սկզբունքներին, այո, կարող է դա իրականացնել: Դա քննարկման հարց է, փոխադարձություն պետք է ապահովվի»,-ասել էր նա:

Ի դեպ, դեռևս 2024 թվականի օգոստոսին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան կողմ է Երևան-Բաքու խաղաղ պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը Սյունիքի մարզի տարածքով։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում