«Խաղաղության» անվամբ բացվող միջանցք կամ աշխարհաքաղաքական խայտառակություն
Կարդացեք նաև
Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինյանի մի շարք աշխարհաքաղաքական նախաձեռնություններ՝ Ստամբուլում Էրդողանի հետ հանդիպում, Աբու Դաբիում Ալիևի հետ բանակցություններ, ինչպես նաև այցելություններ Բրյուսել և Փարիզ, բացահայտում են մեկ ընդհանուր ռազմավարական շղթա, որը դուրս է պարզապես երկկողմ հարաբերությունների տրամաբանությունից։ Այլ խոսքով՝ այս քայլերը հանդիսանում են մի մաս այն լայնածավալ աշխարհաքաղաքական փազլի, որի վերջնական նպատակը Ռուսաստանի ազդեցության լիակատար ոչնչացումն է Հարավային Կովկասում։
Ստամբուլում տեղի ունեցած հանդիպումը՝ Փաշինյան–Էրդողան ուղիղ շփման հարթակ էր, որտեղ «տետ ա տետ» քննարկման արդյունքում Փաշինյանը, ըստ էության, ստացավ իր առաջիկա անելիքների ուղեցույցը։ Նիկոլ Փաշինյանի այն արտահայտությունը, ըստ որի «Թուրան» կառուցելն ՀՀ տարածքով «վատ բան չէ», հանդիսանում է ոչ միայն վտանգավոր գաղափարական շեղում, այլ նաև մի ուղիղ ազդակ, որ Հայաստանի իշխանությունները պատրաստ են համագործակցել տարածաշրջանային ծրագրերում, նույնիսկ եթե դրանք խարսխված են թուրանական աշխարհաքաղաքականության վրա։ Այս դիրքորոշումը ոչ թե նահանջ է, այլ ռազմավարության գլխիվայր փոփոխում։
Աբու Դաբիում Ալիևի հետ հանդիպումը, որին հետևեց ՀՀ ԱԳ փոխնախարարի՝ Սյունիքի ճանապարհների «արտաքին կառավարումը հնարավոր է՝ սկզբունքների պահպանմամբ» հայտարարությունը, ամրապնդում է այն նախապատրաստական գործընթացը, որով Հայաստանը փաստացի նահանջում է նախկինում հռչակած «ոչ մի միջանցք» դիրքորոշումից։ Սրան զուգահեռ՝ ԱՄՆ-ում շրջանառության մեջ դրված այն հայտարությունը, թե հնարավոր է, որ «Զանգեզուրի միջանցքի վերահսկողությունը 100 տարով փոխանցել ամերիկյան ընկերությանը», ընդգծում է այս փազլի արևմտյան բնույթը։ Թեև Թուրքիայի նախագահական աշխատակազմը «տեղյակ չէ» նման ծրագրից, ակնհայտ է՝ խոսքը համակարգված քաղաքական դիզայնի մասին է, որը ենթադրում է ճանապարհի վերահսկողության միջազգայինացում՝ բացառելով ռուսական ներկայությունը։
Այս ամենի խորքային իմաստն, այնուամենայնիվ, առավել հեռուն է ձգվում։ Նիկոլ Փաշինյանի՝ եվրոպական մայրաքաղաքներ այցելությունների ձևաչափն ու խորհրդակցությունների տրամադրությունը վկայում են, որ նա փաստացի հանդես է գալիս որպես տարածաշրջանային վերադասավորումների տարանցիկ օղակ։ Ելիսեյան պալատում Մակրոնի «բացառիկ ջերմ» ընդունելությունը, Բրյուսելում եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների «դաշնակցային հռետորաբանությունը» պայմանավորված են ոչ թե մարդու իրավունքներով, այլ Հայաստանի՝ որպես աշխարհաքաղաքական գործիքի ներգրավմամբ՝ Ռուսաստանի դեմ։ Փաշինյանն իր քայլերով սպանում է ռուսական վերջին կամուրջներն այս տարածաշրջանում, և Արևմուտքը նրան ընդունում է հենց այդ դերի համար։
Իսկ փազլի այս ձևաչափին վերջնական հաստատում է տալիս ամերիկյան քաղաքականության այսօրվա տրամաբանությունը։ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ նախօրեին հնչեցրած միտքը, թե «Հայ-ադրբեջանական համաձայնությունը պետք է կյանքի կոչվի», ևս մեկ անգամ վկայում է, որ արևմտյան կենտրոնները մեծ խաղ են կառուցում հենց այս պայմանավորվածության վրա՝ դռնփակ հանդիպումների միջոցով, առանց Մոսկվայի ներգրավման։ Այլ խոսքով՝ Արևմուտքը տարածաշրջանում խաղաղություն է հաստատում ոչ թե Ռուսաստանի մասնակցությամբ, այլ՝ Ռուսաստանի բացակայությամբ։
Այս համատեքստում հարկ է հստակ ընդգծել, որ Ռուսաստանի ռազմավարական ընկալման մեջ Հարավային Կովկասը երբեք մեկուսացված չէ։ Եթե Ռուսաստանը այս տարածաշրջանում վերջնականապես կորցնում է դիրքերը, ապա անմիջապես թիրախ են դառնում Հյուսիսային Կովկասը (առաջին հերթին՝ Դաղստանը, Չեչնիան, Ինգուշեթիան), ապա՝ ամբողջ Կենտրոնական Ասիան։ Արևմուտքի համար Հարավային Կովկասը փորձադաշտ է, որի հաջող մոդելից հետո հնարավոր է ստանդարտիզացված գեոպոլիտիկա կիրառել ռուսական ազդեցության գոտիների հարավային հատվածի ամբողջ երկայնքով։
Ռուսաստանը, իհարկե, գիտակցում է այս ամբողջ շղթան։ Այն, որ այս փուլում Կրեմլը պահպանում է հարաբերական լռություն, չի նշանակում, թե հետևանքներ չեն լինելու։ Տրամաբանությունը հուշում է, որ պատասխանն անխուսափելի է՝ ոչ թե ուղղակի ռազմական ներգրավվածությամբ, այլ՝ աստիճանաբար խորացող դիվանագիտական մեկուսացմամբ, տնտեսական ճնշմամբ, հիբրիդային արձագանքով և նույնիսկ՝ հնարավոր ապակայունացնող ներքին գործոնների ներգործմամբ։ Մոսկվան չի ներում դաշնակիցների կողմից բացահայտ դավաճանությունը, առավել ևս, երբ դրա հետևում կանգնած է համակարգված արևմտյան ճարտարապետություն։
Նիկոլ Փաշինյանը, ներկայանալով իբրև «խաղաղություն բերող»՝ իրականում գործում է որպես Արևմուտքի և Թուրքիա-Ադրբեջան տանդեմի ծառայող գործիք։ Նրա կոմբինացիան՝ Էրդողան, Ալիև, եվրոպացի առաջնորդներ և ամերիկյան գործիչներ, այս պահին էլի կարող է թվալ գեոպոլիտիկ մանևր, սակայն պատմական իրողության մեջ այն դառնում է հայկական պետականության չեղարկման գործընթացի մի մասը։
Մեզ համար, թերևս, ամենաողբերգականն այն է, որ այս կոմբինացիան ավարտից հետո Հայաստանը դառնալու է ոչ թե խաղաղության գոտի, այլ՝ սովորական շահագործվող տարածք։ Իսկ երբ արևմտյան փազլը դառնա ամբողջական, Հայաստանը կզգա, որ իր դերը՝ որպես միջանցք ու գործիք, սպառվել է։ Նման պահերին պատմությունն անողոք է լինում՝ հատկապես նրանց հանդեպ, ովքեր ընտրել են լինել ոչ սուբյեկտ, այլ՝ օբյեկտ։ Իսկ երբ նման իրավիճակում պետության ներսում չկան բավարար ինստիտուցիոնալ և հանրային զսպող մեխանիզմներ, ապա նման ընթացքը ոչ միայն անդառնալի է, այլ նաև՝ գոյաբանական վտանգներով հղի։
Արմեն Հովասափյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում