Կա՛մ Աստվածաբանության ֆակուլտետի դեկանի պաշտոնավարման ժամկետը չի լրացել, կա՛մ ԵՊՀ ռեկտորը հովանավորչություն է իրականացրել. Աբաջյան
Նմանատիպ
ԵՊՀ-ից պնդում են, թե ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է, սակայն պարզ չէ՝ երբ է եղել դեկանի պաշտոնում նրա ընտրությունը և կոնկրետ որ ժամկետն է լրացել։ ԵՊՀ-ում մինչև 2023թ․ դեկաններն ընտրվում էին ֆակուլտետում, որից հետո՝ հաստատվում ԵՊՀ գիտական խորհրդում։ 2023թ․ ընդունվեց ԵՊՀ նոր կանոնադրություն, որի հիման վրա փոխվեց նաև դեկանների ընտրության ընթացակարգը, համաձայն որի՝ դեկանները ֆակուլտետում չեն ընտրվում, միանգամից ընտրվում են գիտխորհրդում՝ առանց ֆակուլտետների մասնակցության։ Բացի այդ, դեկաններն ընտրվում են հինգ տարի ժամկետով։
ԵՊՀ-ն այժմ Անուշավան Սրբազանին պաշտոնից ազատելու վերաբերյալ պատճառաբանություն ներկայացնում է՝ հղում կատարելով հենց 2023թ․ ընդունված կանոնադրությանը, սակայն դրանից հարցերը միայն ավելանում են։ ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի նախկին փոխտնօրեն Խաչիկ Աբաջյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նկատել է, որ եթե ԵՊՀ-ն ասում է, որ այժմ լրացել է Աստվածաբանության ֆակուլտետի դեկանի պաշտոնավարման ժամկետը, ապա դա նշանակում է, որ Անուշավան սրբազանն այդ պաշտոնում առնվազն 2020թ․ պետք է ընտրված լիներ, որովհետև հինգ տարի ժամկետով է ընտրվում դեկանը, բայց 2020թ․ չէր կարող ընտրված լինել, որովհետև առնվազն այդ ժամանակ ինքը՝ Աբաջյանը, եղել է կառավարման խորհուրդներում և կհիշեր, որ նման ընտրություն է եղել, բացի այդ, ԵՊՀ կայքում առկա չէ նման տեղեկություն՝ ի տարբերություն մյուս դեկանների ընտրության վերաբերյալ։ Այս ամենն, Աբաջյանի դիտարկմամբ, հարցեր է առաջացնում, խնդիր կա՝ ժամկետներ հստակեցնելու․
«Հարց է առաջանում՝ որ ժամկետն է լրացել հիմա և եթե այդ ժամկետն ավելի շուտ էր լրացել, օրինակ, ոչ թե 2020թ․ է եղել վերջին ընտրությունը, այլ՝ ավելի վաղ՝ 2017-18, էական չէ, ապա ինչու հենց հիմա հիշեցին, որ ժամկետը լրացել է, այսինքն՝ եթե ավելի վաղ է լրացել, օրինակ, ԵՊՀ ներկա ռեկտորը պաշտոնավարում է 2021թվականից․, ապա դա նշանակում է, որ նա չորս տարվա ընթացքում կա՛մ հովանավորչություն է իրականացրել, որ նոր մրցույթ չի հայտարարել, կա՛մ պաշտոնեական անփութություն է թույլ տվել և մրցույթ չի հայտարարել»։ Նույնիսկ պաշտոնավարման ժամկետի հնարավոր ավարտն ընդունելու դեպքում, միևնույն է, ընթացակարգային խախտումներ են առկա, քանի որ կանոնադրությամբ նշված է, որ դեկանի պաշտոնավարման ժամկետը լրանալուց երկու ամիս առաջ Համալսարանը պարտավոր է մրցույթ հայտարարել։ Աբաջյանը հիշեցնում է՝ այս գործող ընթացակարգով վերջին 1,5-2 տարվա ընթացքում 11 դեկան է ընտրվել, որ դեկանը վերընտրվել է՝ շարունակել է պաշտոնավարել, իսկ եթե այլ անձ է ընտրվել այդ պաշտոնում, դեկանը շարունակել է պաշտոնավարել՝ մինչև ժամկետի ավարտը, մինչդեռ, Աստվածաբանության ֆակուլտետի դեկանին ծանուցմամբ ազատել են աշխատանքից՝ պնդելով, թե ժամկետը լրացել է, բայց ինչու մյուս դեկանների դեպքում այդպես չի արվել։
«Եթե նույնիսկ ընդունենք, որ ժամկետն է լրանում, ապա պետք է ոչ թե ծանուցեին և ազատեին աշխատանքից, այլ՝ երկու ամիս առաջ մրցույթ հայտարարեին, գուցե նա վերընտրվեր, շարունակեր պաշտոնավարել»,- ասել է Աբաջյանը՝ նշելով, որ ցանկացած մեկնաբանման դեպքում ընթացակարգային կոպիտ խախտումներ կան։
Անդրադառնալով հանգամանքին, որ Անուշավան Սրբազանը պաշտոնավարում է 2005թ․-ից, այսինքն՝ պարբերաբար վերընտրվե՞լ է ֆակուլտետի ներսում, հատկապես, որ նույն անձը երկու անգամից ավել չի կարող ընտրվել դեկանի պաշտոնում՝ Աբաջյանը նկատել է, որ թեև երկու կարգի համաձայն՝ նույն անձն անընդմեջ կարող է երկու անգամ ընտրվել դեկանի պաշտոնում, բայց այս ընթացքում ԵՊՀ-ում մի քանի անգամ կանոնադրություն է փոխվել․ «Երբ Համալսարանում կանոնադրություն է փոխվում, ըստ էության, նախորդ պաշտոնավարման ժամկետը չի դիտարկվում, իրենք հաշվում են՝ նոր կանոնադրության փոփոխությունից հետո։ Տեսականորեն, դրա համար, Համալսարանում կարող են լինել դեկաններ, որոնք 20 տարի կամ գուցե ավել են պաշտոնավարում, որովհետև այդ ընթացքում ընթացակարգեր, կանոնադրություններ են փոխվել»։ Աբաջյանը, սակայն, կարևորեց հարցը, թե երբ է տեղի ունեցել վերջին ընտրությունը՝ Աստվածաբանության ֆակուլտետի դեկանի, երբ դեկանն ընտրվում է, ապա կնքվում է աշխատանքային պայմանագիր, պետք է հստակ նշել, թե որ թվականին կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետն է լրացել, եթե հիմա է լրացել, ապա պետք է կնքված լինի 2020թ․ սակայն այդ ժամանակ նման բան չի եղել, իսկ եթե ավելի վաղ է եղել, ապա ժամկետն ավելի վաղ է լրացել, հետևաբար՝ ինչու ավելի վաղ այդ հարցը չի բարձրացվել։ Աստվածաբանության ֆակուլտետի դեկանին պաշտոնից ազատելն Աբաջյանը դիտարկում է քաղաքական երանգների ներքո, նկատում է՝ ուղղորդվում է դրսից, միայն այդ ֆակուլտետի դեպքն առանձին չպետք է դիտարկել, օրերս նաև ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնն է լուծարվել՝ կրկին ընթացակարգային խախտումներով։ Աստվածաբանության ֆակուլտետի դեկանին պաշտոնից ազատելուն նախորդել է Անուշավան Սրբազանի կողմից՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի հանրահավաքին մասնակցությունը, դրանից անմիջապես հետո հիշեցին, որ ժամկետը լրացել է։
«Եթե այս գործընթացը գումարում ենք երկրում հակաեկեղեցական արշավին, մեր ստորաբաժանման լուծարմանը, ապա ակնհայտ է, որ դա Համալսարանի գործընթաց չէ, այլ՝ Համալսարանում գործող մարդկանց ձեռքով դրսի ուղղորդողներն անում են իրենց ուզած գործընթացը»,- նկատել է Աբաջյանը։
Հարցին՝ հնարավոր համարու՞մ է, որ Աստվածաբանության ֆակուլտետում փորձեն աղանդավորականների ներառել, այդ թվում՝ դեկանի պաշտոնում՝ Աբաջյանը նշել է, չի կարող կանխատեսել, թե ով կընտրվի դեկան, սակայն այն, որ ամեն ինչ արվելու է, որ բարձրաստիճան հոգևորական չլինի՝ ակնհայտ է, քանի որ դա տեղավորվում է անձանց՝ հակաեկեղեցական արշավի մեջ, միևնույն ժամանակ, Աբաջյանը հույս հայտնեց, որ գիտական խորհուրդն այնքան սեփական կարծիք կունենա, որ գոնե արժանավոր մեկին ընտրի, եթե նման ընտրություն լինի։
Դիտարկմանը, որ Աստվածաբանության ֆակուլտետը մշտապես, այդ թվում՝ նախորդ իշխանությունների օրոք լոյալ է եղել այլակարծությանն, ընդդիմադիր հայացքներ ունեցողների նկատմամբ, քանի որ այդ ֆակուլտետի շրջանավարտներ են եղել նաև այսօրվա ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանին աջակցող անձինք, այլ անձինք, որոնք մինչև 2018թ․ էլ վստահաբար իշխանամետ հայացքներ չեն ունեցել, Աբաջյանն արձագանքեց՝ նշելով, որ հիմա էլ կան դասախոսներ, որոնք տարբեր կարծիքներ հայտնում են, դեկանի վերաբերյալ տեղեկություն չունի՝ ակտիվություն ունեցել է, թե՝ ոչ, սակայն այս գործընթացը մեր զրուցակիցը մեկնաբանում է ՀԱԵ-ի և հոգևորականների դեմ իրականացվող արշավի համատեքստում․ «Ցանկանում են ցույց տալ, որ այն անձինք, որոնք իրենց կարծիքը կհայտնեն, չեն ենթարկվի, բոլորի հետևից գալու են»։
Անդրադառնալով ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի լուծարմանը՝ մեր զրուցակիցը նշել է, որ պատրաստվում են դատական կարգով բողոքարկել այդ որոշումը, որում ևս առկա են մի շարք խնդիրներ, անգամ Աշխատանքային օրենսգրքի հոդվածը, որն իրենք մեջբերել են, սխալ է եղել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում