Yerevan
15
+9°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

Նիկոլ Փաշինյանին հնարավոր է ընտրությունների միջոցով հեռացնել իշխանությունից․ Վանեցյան

Նիկոլ Փաշինյանին հնարավոր է   ընտրությունների միջոցով հեռացնել իշխանությունից․ Վանեցյան

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի գնահատմամբ՝ ԱԱԾ տնօրենների հաճախակի փոփոխությունը կապված է բացառապես Նիկոլ Փաշինյանի վախերով։ «Վախենում է ամեն ինչից, վախենում է յուրաքանչյուրից, չի վստահում որևէ մեկին, իր իշխանությունը պահելու համար անընդհատ ուժային կառույցներում փոփոխություններ է կատարում»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա։

Վանեցյանի խոսքով՝  Նիկոլ Փաշինյանի միակ հենքը իրավապահ համակարգի սատարումն է։ «Նիկոլ Փաշինյանն ուրիշ որևէ հենք չունի, նա հայ ժողովրդի շրջանակում ունի զրոյական վարկանիշ, մերժված է բոլորի կողմից ու միակ տարբերակն ուժային մեթոդներով իշխանությունը պահելն է»,- նշել է ԱԱԾ նախկին տնօրենը։

Իր խոսքում Վանեցյանն ընդգծել է, որ վստահ է՝ կալանքներով իշխանության նպատակն է լռեցնել ընդդիմախոսներին։ «Լռեցնել այն մարդկանց, որոնք կարողանում են հասարակակական կարծիքի վրա ազդել, լռեցնել բոլոր այն մարդկանց, որոնք կկարողանան ինչ-որ մի կերպ հակազդել իշխանությունների հակահայկական օրակարգերին, իսկ մնացած բոլորին ուղղակի վախեցնել»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է նա։

Վանեցյանի խոսքով՝  մարդիկ այսօր սիրով համալրում են իր կուսակցության շարքերը, բայց ասում՝ «կլինի՞ չերևանք»։ «Բայց վախի մթնոլորտը կարող է ձգվել շատ կարճ, դա ինչ-որ մի փուլում տրաքվում է ու բերում է հակառակ էֆեկտի,- ընդգծել է նա։

Ի դեպ՝ Վանեցյանի պնդմամբ՝ Հայ առաքելական սուրբ եկեղեցին ամենաբարձր հեղինակությունն ունի այսօր Հայաստանում։ «Նիկոլ Փաշինյանը փորձում է եկեղեցին վարկաբեկելով՝ մի իրավիճակ ստեղծել, որ չկան հեղինակություններ, չկան կարմիր գծեր ու ինքը կարող է անցնել բոլոր կարմիր գծերի վրայով»,- ասել է նա։

Վանեցյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի նպատակն է եկեղեցականների մեջ մտցնել ատելություն ու կռիվ, որ վարկաբեկի եկեղեցին։

«Ճանաչելով Նիկոլ Փաշինյանին՝ ես վստահ եմ, որ նա ոչ մի բան չի մոռացել, ոչ մի բանից չի հրաժարվել, այդ թվում՝ եկեղեցին գրավելուց, հավատացեք, գալու է մի օր, երբ հասկանա՝ դա հարմար օր է, շոու է կազմակերպելու ու փորձելու է գրավել Վեհարանը, ինքն էլ առաջնորդելու է այդ արշավը դեպի եկեղեցի՝ ցույց տալով, որ ինքն, իբր, եկեղեցու դեմ չի պայքարում, այլ՝ կոնկրետ անձերի»,- ընդգծել է Վանեցյանը։

Վանեցյանը վստահ է՝ Նիկոլ Փաշինյանին հնարավոր է   ընտրությունների միջոցով հեռացնել իշխանությունից։

«Ես բազմիցս ասել եմ՝ չբացառելով փողոցային պայքարն ու հնարավորությունը՝ Նիկոլ Փաշինյանին օր առաջ հեռացնելու, մենք պետք է պատրաստվենք նաև ընտրությունների, որովհետև ընտրություններն, այսպես թե այնպես, մի օր լինելու են ու իշխանությունն իր վարչական լծակներով պատրաստ է լինելու ընտրություններին, իսկ ընդդիմությունը, ցավոք սրտի,  պատրաստ չի լինելու, եթե հիմիկվանից չպատրաստվի»,- ասել է նա։

Ըստ Վանեցյանի՝ ցանկացած ընդդիմադիր ուժ, որը կկարողանա առաջնորդել ու իրագործել օր առաջ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը, ողջունելի է, ինքը կանգնելու է այդ ուժի կողքին։

Ինչ վերաբերում է  գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կողմից ստեղծվելիք նոր քաղաքական ուժին՝  Արթուր Վանեցյանն ասել է, որ դեռ չի կարող գնահատական ալ, թե ինչպիսի քաղաքական գործիչ է Կարապետյանը։

«Շատ ցավում եմ, որ հիմա կալանավորված է, դա մեր բոլորի ամոթն է, որ մեծանուն հայ գործարարն ու բարերարն այսօր ճաղերի հետևում է շինծու քրեական գործի շրջանակներում, ինչ վերաբերվում է  քաղաքական ուժ ձևավորելուն՝ լսել ենք հայտարարությունը, ընդունել ենք ի գիտություն, քաղաքական ուժը կձևավորվի, կտեսնենք՝ ովքեր են ներառված, մեր գնահատականները կտանք։ Որպես բարերար ու գործարար՝ Սամվել Կարապետյանին գնահատում եմ շատ բարձր, որպես քաղաքական դերակատար՝ դեռևս չեմ կարող որևէ գնահատական տալ»,- հավելել է Արթուր Վանեցյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում