Թրամփի նախկին խորհրդականը մեկնաբանել է Ուկրաինային Patriot մատակարարելու նրա որոշումը

Նմանատիպ
Եվրոպական դաշնակիցների փողերով Ուկրաինային Patriot համակարգեր մատակարարելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը չի վկայում այն մասին, որ նա կանգնել է Ուկրաինայի կողքին կամ փոխել է ռազմավարությունը։ Այսպես կարծում է Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Թրամփը հայտարարեց, որ Patriot ՀՕՊ համակարգերի համար հրթիռներն արդեն ուղարկվում են Ուկրաինա, դրանք կմատակարարվեն Գերմանիայից, որը հետո դրանք ինքը կլրացնի՝ ԱՄՆ-ից նոր հրթիռներ գնելով:
«Ես կարծում եմ, որ չի կարելի ասել, որ այժմ նա (Թրամփը – խմբ.) իսկապես Ուկրաինայի կողմն է։ Այս որոշումը, անշուշտ, չի նշանակում ռազմավարության իրական փոփոխություն։ Թվում է, թե շատերն են այդպես մտածում, բայց սխալվում են։ Եվ, ցավոք, Ուկրաինան նույնպես չպետք է մտածի, որ ապագայում կարող է հույս դնել Թրամփի վրա։ Այն, որ նա այժմ աջակցում է Ուկրաինային Patriot համակարգերի միջոցով, պարզապես ցույց է տալիս, որ այդ հարցը նրան նյարդայնացնում է»,- Deutschlandfunk ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Բոլթոնը։
Նա նշել է, որ Թրամփի նման որոշումը հաստատ «շրջադարձային կետ» չէ Ուկրաինայի նկատմամբ ԱՄՆ նախագահի քաղաքականության մեջ:
Բացի այդ, նախկին խորհրդականը չի բացառել, որ Թրամփն այժմ կարող է օգտվել Patriot-ի մատակարարման խնդրից՝ որպես մաքսատուրքերի շուրջ վեճում ճնշման գործիք:
«Միանգամայն հնարավոր է, որ նա փորձում է ինչ-որ կերպ կապել ռազմական աջակցությունը մաքսատուրքերի հետ կապված իր պահանջների հետ»,- հավելել է Բոլթոնը: