Իսրшյելը հшրվшծել է Սիրիային՝ դրпւզներին պաշտպանելու համար

Իսրшյելը հшրվшծել է Սիրիային՝ դրпւզներին պաշտպանելու համար

BBC-ի փոխանցմամբ՝ նախօրեին իսրայելական բանակը հարվածներ է հասցրել Սիրիայի կառավարական ուժերին հարավային Սիրիայի Սուվեյդա նահանգում, այն բանից հետո, երբ հուլիսի 14-ին գերազանցապես դրուզներով բնակեցված քաղաքում բեդվին ցեղերի և տեղի զինյալների միջև բախումների հետևանքով զոհվել էր ավելի քան 30 մարդ։

Նշենք, որ Իսրայելը պնդում է, որ գործում է դրուզ փոքրամասնությանը պաշտպանելու համար։ Սուեյդայում տեղի ունեցած բախումները կրոնական բռնության առաջին դեպքն են անցյալ տարվա դեկտեմբերին Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից ի վեր։

«Իսրայելը հանձնառու է կանխել Սիրիայում դրուզներին վնաս հասցնելը՝ ելնելով Իսրայելում մեր դրուզ քաղաքացիների հետ խորը եղբայրական դաշինքի շահերից։ Մենք գործում ենք Սիրիայի հետ մեր սահմանին հարակից տարածքի ապառազմականացումն ապահովելու համար», – ասված է հայտարարության մեջ:

Դրուզների ազդեցիկ առաջնորդ շեյխ Հիքմաթ ալ-Հաջրին իր հերթին հայտարարություն է տարածել, որում մեղադրել է Սիրիայի կառավարական ուժերին հրադադարը խախտելու և քաղաքը ռմբակոծելու մեջ և կոչ է արել զինյալներին դիմակայել կառավարական ուժերին։

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը Սիրիայի կառավարությանը սպառնացել էր «ցավոտ հարվածներով». «Դամասկոսին ուղղված ազդանշաններն ավարտվել են, հիմա ցավոտ հարվածների ժամանակն է։ Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի ակտիվ գործողություններն Աս-Սուվեյդայում՝ դրուզների վրա հարձակված ուժերին ոչնչացնելու համար, մինչև նրանք լիովին նահանջեն։ Մեր դրո՛ւզ եղբայրներ Իսրայելում, կարող եք հույս դնել Իսրայելի պաշտպանության բանակի վրա՝ Սիրիայում ձեր եղբայրներին պաշտպանելու համար: Վարչապետ Նեթանյահուն և ես՝ որպես պաշտպանության նախարար, պարտավորություն ենք ստանձնել, և մենք այն կկատարենք», – ասել է Կացը:

Հարձակումը կատարվել է Սիրիայի հարավում իրավիճակի սրման լույսի ներքո. այնտեղ բախումներ են տեղի ունենում տեղացի փոքրամասնության՝ դրուզների մասնակցությամբ, որոնց պաշտպանում է Իսրայելը։

 

Bild-ը հայտնում է, որ Սիրիայի հարավում կառավարական ուժերի և տեղի փոքրամասնության՝ դրուզ աշխարհազորայինների միջև մարտերը շարունակվում են, հաղորդվում է առնվազն 200 զոհի մասին։

Կատաղի մարտերը բռնկվել են Սիրիայի բանակի և դրուզների ուժերի միջև: Պատճառը, ականատեսների վկայությամբ, նոր իշխանություններին աջակցող տեղացի բեդվինների և Սիրիայի հարավում գտնվող մի երիտասարդ դրուզի միջև կոնֆլիկտն էր: Ավելի ուշ տարածաշրջան են տեղափոխվել կանոնավոր զորքեր, և այնտեղ սկսվել են լայնածավալ մարտեր:

Սիրիական մարդու իրավունքների դիտորդական կենտրոնի տվյալներով՝ վերջին օրերին Աս-Սուվեյդա նահանգում սպանվել է ավելի քան 200 մարդ։ Բանակի գլխավոր նպատակը երկրի հարավի վերահսկողությունը ստանձնելն է, որտեղ նախկին նախագահ Բաշար ալ Ասադի տապալումից հետո իշխանությունը գործնականում անցել է տեղական աշխարհազորայիններին։

Համացանցում շրջանառվում են գերի վերցված դրուզների նկատմամբ բռնության տեսանյութեր, որոնցում երևում է, թե ինչպես են սիրիացի զինվորները սափրում բեղերը, որը նրանց մշակույթի կարևոր կրոնական խորհրդանիշ է: Հատկանշական է, որ արմատական իսլամիստները, որոնք նախկինում մեղադրվել են քրիստոնյաների և ալավիների կոտորածի համար, ներգրավված են սիրիական բանակում:

Ստեղծված իրավիճակում Իսրայելը հարձակվել է Աս-Սուվեյդայում գտնվող սիրիական բանակի դիրքերի վրա՝ դրուզ համայնքին աջակցելու համար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում