Սրբազաններն այս ամենին վերաբերում են հումորով, հասկանում են՝ սա քաղաքական հետապնդում է․ Հարությունյան

Սրբազաններն այս ամենին վերաբերում են հումորով, հասկանում են՝ սա քաղաքական հետապնդում է․ Հարությունյան

MediaHub-ի հետ զրույցում փաստաբան Սերգեյ Հարությունյանը, ներկայացնելով երկամսյա կալանքի տակ գտնվող Բագրատ և Միքայել սրբազաններին երեկ գիշեր կատարած այցից որոշ մանրամասներ, ասել է, որ Սրբազանների առողջական վիճակը լավ է, իրենց լավ են զգում։

«Ամեն բան նորմալ է, առողջականը նորմալ է։ Սրբազանների տրամադրությունն էլ է նորմալ։ Այս ամենին վերաբերում են հումորով, գիտակցում են, որ սա էլ կանցնի, որ սա քաղաքական հետապնդման դրսևորում է։ Իրենք հստակ գիտեն, որ իրենց մեկուսացնելով փորձել են հող ստեղծել առաջիկայում և՛ եկեղեցու դեմ, և՛ այլ բռնաճնշումների համար»,- նշել է Հարությունյանը։

Հավելենք, որ երկու սրբազանները գտնվում են ԱԱԾ մեկուսարանի նույն խցում ։

Նրա խոսքով՝ Բագրատ և Միքայել սրբազանները հասկանում են, որ այս իշխանությունը փորձում է իրենց մեկուսացնել, որպեսզի հաջորդ ամոթալի զիջումների ժամանակ իրենք չկարողանան իրենց ձայնը հնչեցնել։

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Բագրատ սրբազանը պահանջում է հրապարակել ամբողջական ձայնագրությունները։ Եթե լսենք, թե այդ հրապարակված հատվածներից առաջ և հետո ինչ է ասվում, ապա պատկերն ամբողջությամբ կփոխվի։ Կոնտեքստից դուրս հատվածը, որ տեղադրել են՝ փորձելով հանրության վրա ինչ-որ տպավորություն գործել, թե խոսքն ահաբեկիչների մասին է, վտահ եմ, ամբողջական ձայնագրությունների հրապարակումից հետո այլ տպավորություն կթողնի»,- նշել է Հարությունյանը

Նա նաև ընդգծել է, որ իրենք միջնորդություն են ներկայացնելու, որպեսզի ամբողջական ձայնագրությունները տրամադրվի իրենց։

«Բայց միջնորդություն ներկայացնենք-չներկայացնենք, իրենք պատճառաբանում են, թե նախաքննական գաղտնիք է, այս պահին նպատակահարմար չէ տրամադրել այդ ձայնագրությունները։ Խտրական, անարդար պայմաններ են ստեղծված»,- ամփոփել է փաստաբանը։

Հիշեցնենք, որ Բագրատ և Միքայել սրբազաններին մեղադրում են «ահաբեկչությամբ իշխանափոխություն» կատարելուն նախապատրաստվելու մեջ։ Իշխանական Civic.am-ում հրապարակվել է այդ «ահաբեկչության պլան»-ը, որից հետո ՔԿ-ն նաև ձայնագրություններ է հրապարակել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում