Սյունիքը՝ վարձով. Էրդողանի միջանցքը և Փաշինյանի ճկուն սկզբունքները

Նմանատիպ
Հայաստանի, Հայաստանի տարածքով թուրքական միջանցքի, «Զանգեզուրի միջանցք» կոչվածի մասին այս օրերի գլխավոր հայտարարությունը՝ Վաշինգտոնից։ Եվ հայտարարությունն անում է ոչ ավել, ոչ պակաս՝ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը, որը նաև Սիրիայի հարցով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացն է։ Այն Սիրիայի, որտեղ հիմա թուրքական անուղղակի վերահսկողությունն է։ Եվ ամերիկացի այս դիվանագետը, որը համակարգում է ԱՄՆ քաղաքականությունը թուրքական ազդեցության գոտի դարձած տարածքում, խոսում է նաև Հայաստանի մասին։ Նախ գործածելով ցեղասպանություն եզրը։
«Թուրքիան և Հայաստանը դեռ տառապում են Թուրքիայի կողմից հայերի հետ կատարվածի՝ ցեղասպանության հինազդեցության տակ, բայց Ադրբեջանը, Թուրքիան և Հայաստանը առևտրային գործընկերներ են մի կողմում, ինչպես մյուս կողմում Սիրիան է», – նշում է Բարաքը և սկսում ներկայացնել Թուրքիայի բարդ և միաժամանակ ռազմավարական նշանակություն ունեցող աշխարհագրական դիրքը։
«Թուրքիան հիմա այս ամենի կենտրոնում է, ինչպես Ադրբեջանը և Հայաստանը։ Նրանք վիճում են 32 կիլոմետր երկարություն ունեցող ճանապարհի շուրջ, ինչը կատակ բան չէ։ Մեկ տասնամյակ է վիճում են 32 կիլոմետրանոց ճանապարհի շուրջ։ Եվ ահա թե ինչ է տեղի ունենում։ Միացյալ Նահանգները գալիս է և ասում՝ շատ լավ, մենք վերցնում ենք այն։ Տվեք մեզ վարձակալությամբ, 100 տարով այդ 32 կիլոմետրանոց ճանապարհը և բոլորով օգտվեք դրանից։
Սրան հետևեց ԱՄՆ նախագահի հայտարարությունը։ Սպիտակ տանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը՝ թվարկելով աշխարհի մի քանի հակամարտություններ՝ Թրամփը հիշել է նաև հայ-ադրբեջանականը. «Մենք մի հարց ևս լուծել ենք։ Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունը կարծես թե մոտենում է հաջող հանգուցալուծման»։
Նախորդել էր ԱՄՆ պետքարտուղարի հայտարարութունը՝ նախագահի կողքին նստած. «Հուսով ենք՝ շուտով կլինի նաև խաղաղության համաձայնագիր Ադրբեջանի և Հայաստանի միջև»։
Եվ երբեք ավելորդ չէ հիշել նախորդած գլխավոր հայտարարությունը Թուրանի մասին, իհարկե, Փաշինյանից. «Վա՜յ, նրանց նպատակը Թուրանն ա: Ի՞նչ են ուզում նրանք։ Ուզում են Հայաստանի տարածքով գնան-գա՞ն, թող գնան-գան, վա՞տ ա դա, վա՞տ ա դա, մե՛նք ենք առաջարկում, մե՛նք ենք էս նախագծով (տեսանյութում բացում է իր «խաղաղության խաչմերուկի» բրոշյուրը) իրենց ասում՝ ի՞նչ եք ուզում, ասում են՝ ուզում ենք գնանք արևելք, արևմուտք, հյուսիս, հարավ։ Ասում ենք՝ գնացեք, ինչումն ա պրոբլեմը, իսկ ինչի պիտի չգնան»։
Հիմա՝ Middle East Eye կայքի թուրք մեկնաբան Ռագիփ Սոյլուն, որը գրում է Անկարայից և Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան ներկա գործընթացի մասին վերջին ամիսներին ամենալավատեղյակն է։ Անգամ առաջինը և մեկ շաբաթ շուտ էր հայտնել Աբու Դաբիում Փաշինյան-Ալիև հանդիպման մասին, և այժմ նկատում է՝ Թուրքիայում ԱՄՆ դեսպանի մեկնաբանությունն առաջին պաշտոնական հաստատումն է, որ Թրամփի վարչակազմն իսկապես առաջարկել է միջանցքը շահագործել ամերիկյան առևտրային օպերատոր ընկերության միջոցով, որը նաև կգործի որպես չեզոք երաշխավոր։
Թուրք լրագրողի աղբյուրներից մեկը, որը ինչպես Սոյլուն է նշում, ծանոթ է բանակցությունների ընթացքին, հայտնել է, որ միջանցքը մասնավոր ընկերության շահագործմանը հանձնելու գաղափարի հեղինակը Թուրքիան է։ Հիշենք՝ Էրդողանի հանդիպումը Ստամբուլում Փաշինյանի հետ, Էրդողանն էր նրան Ստամբուլ հրավիրել, և օկուպացված Ստեփանակերտում Էրդողանի հանդիպումն Ալիևի հետ։ Թեև Թուրքիայի առաջին պաշտոնական արձագանքը Հայաստանի տարածքով թուրքական այդ միջանցքային հատվածի ամերիկյան հնարավոր վարձակալության մասին՝ իբր անակնկալի գալն էր, Թուրքիայի նախագահականից հայտնել են, թե տեղյակ չեն «Զանգեզուրի միջանցքը» կառավարելու Վաշինգտոնի մտադրության մասին։ Ընդ որում Անկարայից դա հայտնել են ռուսական «Ռիա Նովոստի»-ի հարցին պատասխանելով։ Սա նշանակում է, որ եթե Թուրքիան Ռուսաստանի մեջքի հետևում նման ամերիկյան առաջարկ է արել, ռուս-թուրքական հարաբերություններում ավելանում է ևս մեկ հակասություն։
Թուրք լրագրողը ավելի շատ մանրամասներ է հայտնում, իր աղբյուրին հղում անելով, պնդում է, որ այդ գաղափարին հավանություն են տվել թե՛ Հայաստանը և թե՛ Ադրբեջանը։
Ավելին, ըստ Middle East Eye-ում հրապարակված տեղեկությունների՝ հայկական կողմը պահանջել է, որ այդ նույն ամերիկյան ընկերությունն աշխատի նաև միջանցքի Նախիջևանի հատվածում, բայց Ալիևի համար դա անընդունելի է եղել։ Եթե այս տեղեկությունը հաստատվի պաշտոնապես, ինչը ժամանակի հարց է, և ինչպես ամեն ինչ հուշում է՝ շատ կարճ ժամանակի հարց, ապա նշանակում է, որ Ալիևը, ինչպես և սպասվում էր, մերժում է Փաշինյանի հիմնական պայմաններից մեկը՝ հաղորդակցության ուղիների վերագործարկման փոխադարձության սկզբունքը։ Բայց, ինչպես հայտարարել է Էրդողանը, Փաշինյանը ճկուն է։
Հնարավոր է, որ հենց այս հիմքով է Երևանում Փաշիյանի մամուլի խոսնակը հայտարարել՝ ԱՄՆ դեսպանի նշած տարբերակը հնարավոր չէ։
Հետո Փաշինյանի ասուլիս, ու թեև ոչ ոք չէր սպասում խիստ գաղտնի պահվող բանակցությունների հրապարակման, և հիմնականում ակնկալվում էր մանիպուլյացիաներ, Փաշինյանը որոշ փակագծեր բացեց ավելի լայն։ Հայաստանի տարածքի արտապատվիրակումից մինչև վարձակալություն՝ ոչինչ չհերքեց, ավելին հիմնավորումներ գտավ նշված երկու հնարավոր տարբերակների համար էլ։
«Հենց այսօր Հայաստանում արտապատվիրակման շատ հայտնի դեպքեր կան, որոնց մի մասից մենք գոհ ենք, մի մասից դժգոհ ենք, հարցը դա չէ։ Օրինակ՝ Զվարթնոց օդանավակայանի կառավարումն արտապատվիրակված է։ Եվ ես չեմ կարծում, թե այդտեղ որևէ ձևով Հայաստանի ինքնիշխանությունը, իրավազորությունը, տարածքային ամբողջականությունը խախտված է։ Ջրային համակարգի կառավարումն արտապատվիրակված է… Բայց նաև շատ քննարկվում է, մասնավորապես, վարձակալության մասին է խոսվում, ներառյալ քննարկվում է հողի վարձակալության թեման։ Ես ուզում եմ ասել, որ մեր օրենսդրությամբ դա կոչվում է կառուցապատման իրավունք։ Եվ այդ կառուցապատման իրավունքի տրամաբանությամբ, այդ կառուցապատման իրավունքով տրված ներդրումները նաև որոշակի պայմաններում այդ պայմանագրի լրանալուց հետո շարունակում են մնալ կամ դառնում են ՀՀ սեփականությունը»։
Փաշինյանի այս հայտարարությունները բաց խոստովանություն են այն մասին, որ և՛ արտապատվիրակման, և՛ վարձակալության տարբերակները քննարկում է։ Իհարկե, իր հայտարարծ սկզբունքների մասին ևս Փաշինյանը շատ խոսեց՝ ինքնիշխանությունը, իրավազորությունը, տարածքային ամբողջականություն, բայց մի կողմից հավելեց, թե օրինակ արտապատվիրակումը չի խախտի այդ սկզբունքները, վարձակալությունն էլ ներդրումներ կբերի։ Փաշինյանի սկզբունքների ճկունության մասին Էրդողանն էր հրապարակավ հայտարարել։
Խաղաղության խաչմերուկից մինչև Զանգեզուրի միջանցք, վարձակալությունից մինչև արտապատվիրակում՝ ինչ էլ անունը դրվի, ինչ որոշում էլ հիմա կայացվի Սյունիքի վերաբերյալ, Փաշինյանը ներկայացնելու է որպես կարևորագույն ձեռքբերում, որպես ինքնիշխանություն, ժողովրդավարություն, հարուստ ապրելու հնարավորություն։ Ինչպես արեց Արցախը կորցնելուց հետո։ Բայց Արցախից հետո ոչ թե հանգիստ և հարուստ ապրում ենք, այլ հետևում ենք, թե ինչպես են քննարկում արդեն Սյունիքի վերահսկողության հարցը։ Ի՞նչ է լինելու Սյունիքից հետո։ Գաղտնիք չէ։ Հայաստանի ամբողջ տարածքն ադրբեջանցիներով լցնելու պլանը ևս գործի է դրված։
Եվ ամենակարևորը՝ պետք է տեսնել այս պատկերը Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա եռանկյունուց ավելի լայն։ Մոսկվա-Վաշինգտոն հարաբերություններում խոստացված խաղաղության փոխարեն նոր էսկալացիա է՝ ԱՄՆ նախագահը հայտարարել է, թե հիասթափված է Պուտինից և Մոսկվային 50 օր է տվել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար։ Մոսկվայից հայտարարում են, որ կցանկանային հասկանալ՝ ինչ է նշանակում Թրամփի այս հայտարարությունը, որ Թրամփի վրա անպարկեշտ ճնշում են գործադրում ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը, որոնք ցանկանում են շարունակել հակամարտությունը։ Եվ պետք չէ մոռանալ, որ կա նաև Իրանը, Իրան-ԱՄՆ-Իսրայել վերջին բախումը։
Անի Ավետյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում