«Իրավական լուրջ գործընթացներ են սկսվելու հանցակազմ պարունակող արարքների համար». ՀԷՑ–ի գլխավոր տնօրենի ժ/պ

Նմանատիպ
ՀԷՑ–ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը նշել է․ «Այս գործընթացում գտնվող մարդիկ վաղ թե ուշ պատասխան են տալու, իրավական լուրջ գործընթացներ են սկսվելու հանցակազմ պարունակող արարքների համար։ Ճշմարտությունն իրականում պարզվելու է։ Եթե կա կանխակալ վերաբերմունք, եթե նրանք գիտեն՝ ում են տալու կազմակերպությունը, դա կրկնակի ու եռակի անգամ ծանրացնելու է պատասխանատվությունը»։
Անդրադառնալով շրջանառվող խոսակցություններին այն մասին, որ ՀԷՑ–ի կառավարումը կարող է հանձնվել եվրոպական կամ ամերիկյան որևէ կազմակերպության, Ղազինյանն ասել է, որ ավելի լուրջ մտավախություններ ունի՝ ակնարկելով, որ ՀԷՑ–ի կառավարումը կարող է անցնել ադրբեջանական կամ թուրքական որևէ կազմակերպության։
«Ես չգիտեմ՝ ՀԿԾՀ–ն ու ՔՊ–ական պատգամավորներն ինչու են մտել այդ ամենի տակ, դա նրանց հարցրեք»,–հավելել է Ղազինյանը։
Պատասխանելով հարցին՝ ինչ կադրային փոփոխություններ են սպասվում ՀԷՑ–ում՝ նոր կառավարչի նշանակմամբ պայմանավորված, Ղազինյանն ասել է.
«Մենք գիտակցում ենք ինչ է կատարվելու, հասկանում ենք՝ ինչ են վերցնել 2015 թվականին և այսօր ինչ ունենք. մեր այստեղից գնալը կդիտվի որպես դավաճանություն՝ և՛ պետության, և՛ մեր քաղաքացիների, և՛ սեփականատիրոջ նկատմամբ։ Անկախ նրանից, որ մեր նկատմամբ վարվեկլ են շատ վատ, մեր փորձով օգնելու ենք, որպեսզի համակարգը չփլվի։ Կազուս է ստացվում՝ գալիս է կառավարիչ պետության կողմից նշանակված, ինքը աշխատելու է, Սամվել Կարապետյանը որպես սեփականատեր պատասխան է տալու»։
Պատասխանելով հարցին, թե ինչպես են աշխատելու նորանշանակ կառավարիչի հետ, Ղազինյանը հայտնել է, որ իրենք շարունակելու են աշխատել ի բարօրություն ժողովրդի ու պաշտպանելով ընկերության շահերը։
Դիտարկմանը, թե մտավախություններ կա՞ն, որ կլինեն աշխատակիցներ, ովքեր կհեռացվեն աշխատանքից, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռևս մեկ ամիս առաջ էր Նիկոլ Փաշինյանը սպառնացել աշխատանքից ազատել և իրավական գործընացներ սկսել նրանց նկատմամբ, Ղազինյանն ասել է․ «Իշխանական լրատվամիջոցներում հեռախոսային խոսակցություններ էին տարածվել, բայց եթե այդ ձայնագրություններում գոնե 0.1 տոկոս ապացույց լիներ, իրենց արածն արած կլինեին։ Կարծում եմ՝ առաջին հերթին դա ինձ է վերաբերվել։ Անկեղծ ասած, չեմ վախենում։ Հիմա այնպիսի հարգարժան մարդիկ են կալանավայրում նստած, որ ստացվում է՝ չնստելն է ամոթ։ Մենք չենք վախենում, որովհետև հավատքի և որևէ մեկի նկատմամբ վատ բան չենք արել։ Բացի այդ, իրավական պրոցես չկա։ Եթե իրավական պրոցես լիներ, Սամվել Կարապետյանն ուղղակի կալանավայրում չէր լինի։ Մի արտահայտության համար միայն… ես էլ եմ հիմա ասում՝ մեր ձևով մնալու ենք այստեղ։ Սամվել Կարապետյանի բոլոր խոսքերի տակ ստորագրում եմ»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում