Փաշինյանի՝ ռիսկային մեսիջներով ասուլիսը

Նմանատիպ
Օրերս տեղի ունեցած 4,5 ժամանոց ասուլիսում Նիկոլ Փաշինյանի, առաջին հայացքից պարզունակ թվացող ձևակերպումները իրականում պարունակում էին խորքային ռիսկեր, բազմաշերտ ակնարկներ և համակարգային նպատակադրումներ։ Սա սովորական տեղեկատվական միջոցառում չէր, այլ՝ ճշգրտորեն մշակված հանրային ազդակների փաթեթ, որն առնվազն երկու հիմնական ուղղություն ուներ՝ արտաքին օրակարգերի լեգիտիմացում և ներքին դիմադրողականության թուլացում։
Փաշինյանը շարունակեց քաղաքական նեղ շահերն ներկայացնել որպես բարոյական անհրաժեշտություն՝ դրանով իսկ հարցականի տակ դնելով այլընտրանքի գոյության իրավունքը։ Արևմուտքին ուղղված ակնարկները վկայում են, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, հավանաբար, արդեն ներկայացրել է «փոխզիջումների» կոնկրետ ցանկ։ Սակայն ասուլիսում նա խոսում էր ոչ թե որպես պետության առաջնորդ, այլ որպես ձևով իշխանություն ունեցող, բայց ըստ էության՝ արդեն հանձնված համակարգի գործիք, որի հիմնական խնդիրն է հանրությանը համոզել, որ հանձնվելը «խաղաղություն» է, իսկ դիմադրությունը՝ «ռևանշիզմ»։
Այս ամենի խորքային նպատակն, ըստ երեւույթին, հասարակական գիտակցությունը բարոյապես և հոգեբանորեն նախապատրաստել այն իրականությանը, որտեղ Հայաստանը հանդես է գալիս ոչ թե որպես սուբյեկտ, այլ՝ որպես պարտավորություններ կատարող օբյեկտ։ Սա արդեն պետական հայեցակարգ չէ, այլ ինքնիշխանության ապամոնտաժման ծրագիր՝ փաթեթավորված «պատմական պահի» շղարշով։
Առավել մտահոգիչ էին նաև Փաշինյանի ակնարկները Սյունիքով անցնող ճանապարհների վերահսկողության վերաբերյալ։ Խոսքն այն մասին էր, որ հարցը ներկայումս կարգավորվում է «գետնի վրա»՝ առանց պաշտոնական միջպետական համաձայնագրի, սակայն՝ հստակ ծրագրի շրջանակում։ Սա ոչ թե փաստի արձանագրում էր, այլ հասարակությանը հոգեբանորեն պատրաստելու փորձ՝ այն գաղափարին, որ Սյունիքի միջանցքի գաղափարը այլևս սպառնալիք չէ, այլ՝ ընթացիկ օրակարգ։ Այդ տեսանկյունից «տրանսպորտային ապաշրջափակման» ձևակերպումն օգտագործվում է՝ քողարկելու համար պետական սուբյեկտության կորուստը։
Իր ոճին հավատարիմ՝ Փաշինյանը հանդես եկավ ոչ թե որպես տարածքային ամբողջականության երաշխավոր, այլ որպես գործընթացի մասնակից, որը չունի կանխարգելման կամ դիմակայության կարողություն։ Հակառակը՝ նա կարծես համակերպված է և նպատակ ունի այդ միտքը փոխանցել նաև հասարակությանը։
Բավականին աղմկահարույց էր նաև նրա վերաբերմունքը Հայ Առաքելական եկեղեցու հանդեպ։ Ասուլիսում հնչած արտահայտությունները վկայում են, որ Մայր Աթոռի դեմ իրականացվող արշավը ոչ միայն չի դադարել, այլ մտնում է նոր՝ ավելի ռադիկալ փուլ։ Կաթողիկոսը, ըստ ասուլիսի տրամաբանության, դիտարկվում է ոչ միայն հոգևոր առաջնորդ, այլ նաև քաղաքական այլընտրանքի սիմվոլ՝ հասարակության այն հատվածի համար, որը իշխանությունից անկախ որոնում է ինքնության պահպանման ինստիտուցիոնալ հենարաններ։
Նույն տրամաբանությամբ էր կառուցված անդրադարձը ՀՅԴ-ին։ Փաշինյանը փաստացի նախանշեց Դաշնակցության իրավական լուծարման հնարավոր հիմքերը՝ ներկայացնելով դա որպես իրավական գործընթաց, սակայն ակնհայտ էր՝ սա քաղաքական ազդակ էր՝ ընդդիմադիր ինստիտուցիոնալ հիմքերի թուլացման շարունակական գործընթացում։ Այլ կերպ ասած՝ վերկուսակցական մոնոպոլիայի հաստատման հերթական քայլ։
Այս ամենը տեղի է ունենում մի փուլում, երբ իշխանությունն արդեն մտածում է նախընտրական փորձարկումների մասին։ Ասուլիսում պարբերաբար հնչում էին արտահայտություններ՝ «հանրային մանդատ», «պատմական ընտրություն», «բանավեճ հասարակության հետ»։ Սա վկայում է, որ իշխանությունը պատրաստվում է նոր ինստիտուցիոնալ մանևրի՝ փորձելով ստեղծել կառավարվող հանրային թատերաբեմ, որտեղ ընտրության տարբերակները սահմանափակված են նախապես գծագրված սցենարով։
Ի վերջո, Փաշինյանի ելույթը ուղեկցվեց նաև հրապարակային հակառուսական հայտարարություններով։ Ռուսաստանին ուղղված անուղղակի քննադատությունները՝ անվտանգության բացերի, ռազմաքաղաքական հաշվարկներից դուրս մնալու և կախվածության վերաբերյալ, իրականում ուղերձ էին արևմտյան կենտրոններին․ իշխանությունն արդեն պատրաստ է գնալ մինչև վերջ՝ նույնիսկ ինքնիշխանության նահանջի գնով, եթե միայն ստանա իր վերարտադրության կամ անվտանգության նվազագույն երաշխիքներ։
Այս ասուլիսը ցույց տվեց, որ իշխանությունը անցել է «խաղաղության» պարտադրման և տոտալ վերահսկողության նոր փուլ։ Փաշինյանը բաց տեքստով մատնանշեց, որ ինքը ոչ թե պահապան է պետականության և ինքնիշխանության, այլ՝ պայմանագրային պարտավորություններ կատարող։ Հանրությունը այս գործընթացում դիտարկվում է ոչ թե որպես քաղաքական դերակատար, այլ՝ որպես հարմարվող «մատերիալ», որին անհրաժեշտ է ուղղորդել՝ առանց իրական ընտրության իրավունքի։
Արմեն Հովասափյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում