Yerevan
8
+29°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը նախատեսում է ՄԻԵԴ-ում որպես ներկայացուցիչ ներգրավել Ամալ Քլունիին

Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը նախատեսում է ՄԻԵԴ-ում որպես ներկայացուցիչ ներգրավել Ամալ Քլունիին

Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Ավստրալա-բրիտանացի հայտնի փաստաբան, իրավաբան-գիտնական Ջեֆրի Ռոբերտսոնը (King’s Counsel, KC) իր խորը մտահոգությունն է հայտնել Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված չափազանց խիստ քրեադատավարական միջոցների առնչությամբ՝ ընդգծելով նրան ներկայացված մեղադրանքի քաղաքական ենթատեքստը։

Ռոբերտսոնի գնահատմամբ՝ նախաքննության փուլում կալանքի կիրառումը, որն ուղեկցվել է իրավասու մարմինների ներկայացված սին և անբավարար հիմնավորումներով, դատարանների ընդունած չպատճառաբանված որոշումներով, հակասում է իրավունքի գերակայության սկզբունքին և միջազգային իրավունքով նախատեսված երաշխիքներին։

Պարոն Ռոբերտսոնը ներկայումս դիտարկում է պարոն Սամվել Կարապետյանի պաշտպանությամբ զբաղվող փաստաբանների միջազգային խմբին միանալու և խմբի կողմից միջազգային կազմակերպություններ ներկայացվող հայցադիմումներին աջակցելու հնարավորությունը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ներկայացուցչության հետագա փուլերում կարող է պաշտոնապես դիտարկվել նաև տիկին Ամալ Քլունիի ներգրավումը գործընթացում։

Ջեֆրի Ռոբերտսոնը Doughty Street Chambers ընկերության հիմնադիր-ղեկավարն է։ Նախկինում նա Ամալ Քլունիի հետ ներկայացրել է Հայաստանի շահերը ցեղասպանության ժխտման իրավական պատասխանատվության գործով։ Ջեֆրի Ռոբերտսոնը հայտնի է նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցին և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանն իր մեծ նվիրվածությամբ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում