Ի՞նչ է Թուրանը. Էնվերից և Զիա Գյոքալփից մինչև Էրդողան և Փաշինյան

Նմանատիպ
Թուրանի վերաբերյալ Փաշինյանի ընկալումների ստամբուլյան բացահայտումը Հայաստանում մեդիաօրակարգի առաջին պլանից դուրս մղվեց Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի շուրջ խուզարկության, ձերբակալության, գաղտնի ձայնագրությունների և կալանավորման աղմուկով։ Բայց խնդրի վտանգավորությունն աղմուկով ծածկել հնարավոր չէ։
Եվ այսպես, Թուրքիայում հայերի հետ հանդիպմանը, երբ այդ հանդիպումն արդեն մեկ ժամ ընթանում էր Էրդողանի հետ նորմալացող հարաբերությունների մեծ ակնկալիքիների տրամադրություններով, վստահաբար Թուրքիայի հատուկ ծառայությունների ներկայությամբ, ոտքի է կանգնում Հրանտ Դինքի հիմնած «Ակոս» շաբաթաթերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը։ Եվ հարցնում՝ որքա՞ն կարելի է քաղցր խոսքով սիրաշահել գազանին, որը Զանգեզուրի միջանցք կոչվածը՝ չի էլ թաքցնում Թուրանի երազանքի ճանապարհ է դիտարկում։
«Վա՜յ, նրանց նպատակը Թուրաննա: Ի՞նչ են ուզում նրանք։ Ուզում են Հայաստանի տարածքով գնան ֊ գա՞ն, թող գնան ֊ գան, վատա՞ դա, վատա՞ դա, մե՛նք ենք առաջարկում, մե՛նք ենք էս նախագծով (տեսանյութում բացում է իր «խաղաղության խաչմերուկի» բրոշյուրը) իրենց ասում՝ ի՞նչ եք ուզում, ասում են՝ ուզում ենք գնանք արևելք, արևմուտք, հյուսիս, հարավ։ Ասում ենք՝ գնացեք, ինչումնա պրոբլեմը, իսկ ինչի պիտի չգնան», – հարցնում է Փաշինյանը:
Որովհետև նպատակը անխոչընդոտ գնալն է, ինչպես մի քանի անգամ և բացահայտ հայտարարվել է։ Օրինակ՝ 2025-ի հունվարի 28-ին, երբ Ալիևը բառացի պահանջեց այդ անխոչընդոտ միջանցքը՝ շեշտելով, թե Սյունիքի ամբողջ տարածքն է ադրբեջանական. «Ե՛վ միջազգային մակարդակով, և՛ Հայաստանի հետ երկկողմ շփումներում մենք անընդհատ շեշտում ենք՝ պետք է լինի Ադրբեջանից Ադրբեջան անխոչընդոտ անցում։ Պետք է լինի հարմարավետ և ազատ անցում Ադրբեջանից դեպի Ադրբեջան՝ առանց որևէ ստուգումների և խոչընդոտների։ Սա մեր պահանջն է՝ հաշվի առնելով, որ 1920 թվականի նոյեմբերին խորհրդային իշխանությունը մեզնից խլեց Արեւմտյան Զանգեզուրը, հանցանք գործեց Ադրբեջանի ժողովրդի դեմ։ Մենք չենք մոռացել և չենք մոռանա Զանգեզուրը: Մենք տարածքային պահանջ չունենք Հայաստանից, սակայն Հայաստանը պետք է կատարի իր պարտավորությունները՝ ապահովելով Ադրբեջանից Ադրբեջան անարգել անցում»:
Հայաստանի տարածքով անխոչընդոտ գնալ-գալու թուրք-ադրբեջանական ընկալումը, Ալիևի՝ բավական բաց դիվանագիտական խոսքից թարգմանությունը Հայաստան պետության գոյություն չունենալու մասին է։ Սա պարզ տեսանելի է նրանց գործողություններում՝ օրինակ Արևմտյան Ադրբեջան պլանը, որը Հայաստանի, հայկական, հայաբնակ Հայաստանի տակ դանդաղ գործող ռումբ է։ Այսօր գնալ-գալ, վաղը՝ ադրբեջանցիներով լցնել, մյուս օրը՝ վերցնել սկզբունքով:
Փաշինյանն առաջարկում է չքննարկել մանրամասները, թե ով է փակել Հայաստան – Թուրքիա սահմանը, ինչու, բայց խնդիրն այն է, որ հենց այդ մանրամասներն են իր՝ «իսկ ինչու պիտի չգնան» հարցի պատասխանը։ Որովհետև անգամ Էրդողանի դուռը գնալուց հետո՝ Ցեղասպանությունից մինչև Արարատ և Պատմական Հայաստան շղթայով նախընթաց բոլոր զիջումներով, այդ սահմանը Թուրքիան դեռ շարունակում է փակ պահել: Որովհետև կարող են ստանալ ավելի շատ զիջումներ, որովհետև Թուրքիա-Ադրբեջան զույգը չի կարող և չի պատրաստվում թույլ տալ, որ Հայաստանն ապրի:
Թուրանի դրոշակակիրը դարձած Փաշինյանը իր հայտարարությանը հավելել է, թե Թուրքիան կապեր ունի Կենտրոնական Ասիայի, Չինաստանի հետ, ուզում է ավելի շատ հաղորդակցության ճանապարհներ ունենա։ Ու հարցնում ՝ ինչն է անտրամաբանական։
«Մենք էդ ամեն ինչին մի հատ վերնագիրը դնում ենք Թուրան ու վերջ գնաց, վայ, վայ ուզում են Թուրան: Եկեք մենք էլ ապրենք, ուրիշներին էլ հնարավորություն տանք, իրենք էլ ապրեն»,- նյարդայնանում է Փաշինյանը:
Եթե համառոտ և ավելի լուրջ՝ Թուրանը Հայոց ցեղասպանության պատճառներից մեկն է, Թուրանը պանթյուրքիզմի գաղափարախոսության կոնտեքստներից մեկն է։ Թուրանի և պանթյուրքիզմիգաղափարախոսության մասին անգամ մեկ ժամընթերցանությունը Փաշինյանի համար պարզ կդարձնի, որ հայերին ապրել թողնելը, հայկական անկախպետության գոյությունը Թուրանը չի ներառում։Ընթերցանությունը կարելի է սկսել պանթյուրքիզմի, երիտթուրքերի գաղափարախոս Զիյա Գյոքալփից, որը Թալեաթ Փաշայի տեղակալն էր, Էնվերի մոտիվացիան, և այսօրվա Թուրքիայում՝ էրդողանից փառաբանվողն է։ Գյոքալփը Հայոց ցեղասպանության կազմակերպիչների երկրորդ հիմնական շղթայի մեջ է՝ առաջին և ավելի հայտնի դեմքերի հետևում։ Որովհետև նրա գաղափարները Օսմանյան կայսրության քրիստոնյա ժողովուրդների դեմ էին, և թուրքերի առաջընթացի նրա պատկերացումը դարձավ Հայոց ցեղասպանության գլխավոր պատճառներից մեկը։ Ըստ Գյոքալփի, թուրքերին գերիշխանությունն ապահովելու համար պետք էր ստեղծել գործարար թուրքերի խավ, ինչն իրագործվեց կայսրության հայ մեծահարուստների կյանքի գնով։
Գյոքալփը գնաց ավելի հեռու։ 1986-ին սկսել էր հետաքրքրվել ազգայնականությամբ, հինգ տարի անց՝ 1911-ին սկսեց դիտարկել Թուրանի գաղափարը, որովհետև երիտթուրքերն ունեին ավելի մեծ նպատակ՝ թուրքական ազգայնականության հոսքերը միտված էին միավորելու իսլամական աշխարհը և Թուրքիայից դուրս գտնվող թուրքերին։ Թուրանն աշխարհագրական այն շրջանն է, որտեղ բնակվում են բոլոր թուրքերը։ Բալկաններում թուրքերի կրած պարտությունը ցնցում էր, որը սկիզբ դրեց թուրքական ազգայնականության նոր փուլին։ 1914-ին միութենականներն արդեն մշակել էին ծրագիր, որի նպատակն էր Կենտրոնական Ասիան ընդգրկել կայսրության տարածքում`Եվրոպայում կորցրած տարածքների փոխարեն: Էնվերը հավատացած էր, որ Ռուսաստանի փլուզումը ճանապարհ կհարթի հզոր թուրքական կայսրության համար, որը կփոխարինի բազմազգ և թույլ օսմանցիներին, կմիավորի բոլոր թուրքերին։ Կարճ ժամանակ անց այս գաղափարները հայտարարվեցին պատերազմական հատուկ նպատակներ: Պանթուրանական այս տեսլականն իրականացնելու համար «Միություն և առաջադիմություն» կուսակցությունը հիմնեց Հատուկ կազմակերպությունը՝ Թեշքիլաթը մահսուսեն։ Սա Հայոց ցեղասպանության «պաշտոնական» սկիզբն էր։
Գյոքալփը հայտնի էր իր բաց գործելու դիրքորոշմամբ։ Ինչպես Էրդողանը հիմա։ Իր հոդվածներից մեկում Գյոքալփը խոստովանել է, որ ո՛չ Թանզիմաթի ռեֆորմիստները, ո՛չ էլ երիտթուրք առաջնորդներն անկեղծ չէին, երբ խոստանում էին ազգային և մշակութային իրավունքներ տալ էթնիկ և կրոնական տարբեր խմբերին: Թանզիմաթի կողմնակիցները ցանկանում էին քողարկել թուրքականության դեմքը, երիտթուրքերը որոշեցին շարունակել խաբեությունը։ Եվ իսկապես, օսմանիզմի քաղաքականությունը ոչ այլ ինչ էր, քան գաղտնի թուրքացման գործընթաց։ Գյոքալփն առաջարկում էր պարզապես վերջ տալ օսմանիզմի դիմակի տակ թաքնվելուն և բացահայտորեն առաջ մղել թուրք ազգայնականության գաղափարը: Կային դիմադրողներ, սակայն բոլորը համակարծիք էին մի հարցում՝ փրկել կայսրությունը, և դրա կողքին ամեն բան երկրորդական էր։ Արդյունքում օսմանիզմը շարունակում էր մնալ ներքին քաղաքականության գլխավոր թեման, թուրքական ազգայնամոլությունը` Ռուսաստանի թաթարների հետ հարաբերությունների, պանիսլամիզմը՝ կայսրության ներսում արաբների և այլ ոչ թուրք մուսուլմանների, Հյուսիսային Աֆրիկայի, ինչպես նաև կայսրության սահմաններից դուրս բնակվող մուսուլման ժողովուրդների հետ հարաբերություններում։
Ճիշտ ինչպես այսօրվա՝ էրդողանական Թուրքիայի քաղաքականությունն է՝ տարբեր ուղղություններում տարբեր գաղափարներով, բայց պատմական Թուրքիայի այս նույն հիմքով, խորամանկությամբ և բազմաշերտությամբ, ինչն արտացոլվում է գրեթե ամեն ելույթում։ Ներառյալ Հայաստանի և հայերի ուղղությամբ քաղաքականության մեջ։
Թուրանի ռիսկերը ոչ միայն Հայաստանի համար են, այլև հենց Կենտրոնական Ասիայի, Ռուսաստանի, Իրանի: Անգամ Կենտրոնական Ասիայում, ուր ուզում է հասնել Թուրքիան Հայաստանի տարածքով, շատ ուրախ չեն Թուրքիայի այդ ցանկությամբ, որովհետև գիտեն՝ ինչ է դա նշանակում։ Ռուսաստանի և Իրանի դիմադրության մասին ավելորդ է անգամ նշել: Բոլորը՝ Մոսկվայից մինչև Թեհրան, սխալ են հասկանում Թուրանի նպատակն ու ռիսկերը, միայն Փաշինյանն է ճիշտ հասկանում: Ո՞ւմ է պետք Կենտրոնական Ասիա հասած և հզորացած Թուրքիա, թուրքական կայսրություն։
Խնդիրն այն է, որ Փաշինյանը Թուրանի մասին նման հայտարարություններով նախ ցույց է տալիս, թե մինչև ուր է պատրաստ զիջել Թուրքիային, ապա վտանգավոր կերպով նվազեցնում է հայերի գոյությանը սպառնացող ռիսկերը։ Ո՞ւմ է պետք, որ հայերը մտածեն, թե թուրքերի Թուրանը վտանգավոր չէ Հայաստանի համար։ Թուրանի ճանապարհի՝ Զանգեզուրի միջանցքի մասին երազողներին։
Մեկ ամիս առաջ՝ մայիսի 21-ին, Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթաժողովին՝ Ալիևի և Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու պետությունների առաջնորդների ներկայությամբ Էրդողանը հայտարարել էր, որ Փաշինյան-Ալիև «խաղաղության համաձայնագիրը» բազմաթիվ հնարավորություններ է բացելու թյուրքական աշխարհի համար: Թյուրքական աշխարհը և Թյուրքալեզու պետությունների կազմակերպությունը Թուրանի ժամանակակից ձևակերպումն են։
«Թյուրքական աշխարհի համար ռազմավարական նշանակություն ունեցող Կովկասում տեղի ունեցող իրադարձություններին մենք ուշադիր հետևում ենք: Ուրախ ենք, որ ջան Ադրբեջանը խաղաղության համաձայնագրի շուրջ համաձայնության է հասել Հայաստանի հետ։ Եթե երկու երկրների միջև հնարավոր լինի հաստատել մշտական խաղաղություն, ապա այդ դրությունը, անկասկած, բազմաթիվ հնարավորություններ կբացի մեր թյուրքական աշխարհի համար։ Այս պահին վստահ եմ, որ հաղթանակած նախագահը, իմ սիրելի եղբայր Ալիևը, պատմության մեջ կմտնի որպես տարածաշրջանին խաղաղություն բերող առաջնորդ», – հայտարարել էր Էրդողանը:
Եվ Ստամբուլում Փաշինյանը նաև ուղիղ Զանգեզուրի միջանցքի մասին է խոսել. «Ես ասել եմ, որ Զանգեզուրի միջանցք չի լինելու, լինելու է խաղաղության խաչմերուկ»:
13 րոպե անց հավելելով. «Էդ էլ է պետք խոստովանել, որ «Խաղաղության խաչմերուկը» բացվեց, Ադրբեջանն էլ ասելու է՝ տեսեք, «Զանգեզուրի միջանցքը» բացվեց: Սրան էլ պետք է պատրաստ լինենք: Բայց մեր ինքնիշխանության (ներքո), իրանցն էլ … և պարզեցումներ պետք է լինեն, և էդ պարզեցումները, որպեսզի կայուն, երկարատև լինի, պիտի փոխադարձաբար լինի, այսինքն շահագրռվածություն պետք է ունենանք և կունանք»:
Սա ուղիղ հայտարարություն է այն մասին, որ «խաղաղության խաչմերուկ» կոչվածը Թուրանի ճանապարհ «Զանգեզուրի միջանցքի» այլ անունն է։
Անի Ավետյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում