Փաշինյանն այսօր կա, վաղը չկա. 5 րոպե թուրքական հեռուստաեթերից

Նմանատիպ
Թուրքիայում գործող, բայց ադրբեջանցի գործարարի պատկանող Haber Global հեռուստաալիքի ուղիղ եթերում քննարկում են Փաշինյան-Ալիև բանակցություններն ու պայմանավորվածությունները։ Առաջարկում ենք ընդամենը մեկ՝ հինգ րոպեանոց հատվածով, նկատել թուրքական մեդիայի թեզերը Փաշինյան-Ալիև շփումների, Հայաստանի ներսում Փաշինյանի գործողությունների, Փաշինյանի՝ այսօր լինել, վաղը չլինելու մասին։
«Աբու Դաբիում կայացած հանդիպումը, առանց միջնորդների հանդիպումը, 5 ժամ ձգված հանդիպումը, ձևաչափը, ժեստերը, դեմքի արտահայտությունները, ի՞նչ են մեզ ասում», ֊ հարցնում է հեռուստաալիքի գլխավոր մեկնաբաններից Սայնուր Թեզելը Թուրքիայի արտաքին քաղաքականությունը մեկնաբանող Գյուլռու Գեզերին։
«Նախ, սա չափազանց կարևոր հանդիպում է։ Թույլ տվեք ասել, որ սա շատ ժամանակին տեղի ունեցող հանդիպում է։ Որովհետև մեր տարածաշրջանը շատ կարևոր ժամանակաշրջան է ապրում։ Մենք չենք կարող Հարավային Կովկասն առանձնացնել այն ամենից, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում և Մերձավոր Արևելքումհենց հիմա», -պատասխանում է Գեզերը։
Թուրքական ավանդական քարոզչությունն են կրկնում, թե առանց Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու Հայաստանը կկործանվի։ Միայն թե հիշեցնենք, որ այդ հարաբերությունները կարգավորելու համար Էրդողանը հրապարակային կերպով պահանջել է, որ Փաշինյանը կատարի Ալիևի՝ Էրդողանի ձևակերպմամբ օրինական պահանջները։
Թուրքերի ուշադրության կենտրոնում են եկեղեցու և Ռուսաստանի դեմ Փաշինյանի գործողությունները։ Այս երկուսը դիտարկում են մեկ տողով, մեկ տրամաբանության մեջ։
«Այն Հայաստանը, որը լեզու չի գտնում հարևանների հետ, դատապարտված է տնտեսական ավելի խորը ճգնաժամի, ավելի մեծ դժվարությունների։ Տեսեք, Ռուսաստանը այլևս նրանց հետևում կանգնած չէ։ Հիմա, ինչպես գիտեք, սա Ռուսաստանի դեմ վերջին գործընթացն էր՝ նկատի ունեմ եկեղեցու դեմ գործընթացը։ Լավրովից անմիջապես հայտարարություն եղավ։ Ասաց՝ դուք չպետք է սա անեիք նաև եկեղեցու դեմ։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անմիջապես պատասխանեց՝ ասելով՝ մի՛ խառնվեք մեր ներքին գործերին», ֊ թուրք հեռուստադիտողներին այսպես է ներկայացնում Հայաստանի վիճակը և Փաշինյանի գործողությունները Գեզերը։
Հիշում են Մոսկվա-Բաքու վերջին հիստերիկ դեմարշը, մեղադրում Ռուսաստանին տարածաշրջանում իրազդեցությունը տարածելու փորձերի մեջ։ Թուրքերը, որ տարածաշրջանում այս ու այն կողմ ազդեցություն, նաև ու անգամ ահաբեկչական խմբավորումներով ազդեցություն տարածելու դասեր կարող են տալ, մեղադրում են ռուսներին, ու առանց վայրկյան կորցնելու սկսում են արդարացնել Ալիևի հայտնի պահանջներից մեկը՝ Մինսկի խումբը լուծարելու վերաբերյալ։ Սրա հետևում մեկ և հստակ նպատակ կա՝ միջնորդ երեք երկրների փոխարեն ունենալ միայն թուրքական ազդեցություն։
«Ո՞վքեր են այս Մինսկի խմբի համանախագահները՝ Ամերիկա, Ռուսաստան, Ֆրանսիա։ Ի՞նչ ընդհանուր բան ունեն նրանք՝ մեծ հայկական սփյուռք։ Սա նշանակում է, որ այս երկրները չէին կարող չեզոք լինել։ Հետևաբար, մինսկյան գործընթացը մեռելածին էր»,-նշում է Գեզերը։
Հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու և «խաղաղության համաձայնագիրը» ստորագրելու մասին խոսող նույն մեկնաբանը րոպեներ անց իրական երեսն է ցույց տալիս՝ իր և Թուրքիայի արտաքին քաղաքականության՝ մի քանի անգամ ընդգծելով, թե իրենց խնդիրները կարողացան լուծել միայն ռազմական ճանապարհով։ Հետևաբար՝ Բաքու ֊ Անկարա զույգի համար բանակցությունները ֆոն են, ռազմական ագրեսիան՝ լուծում։
«Ղարաբաղյան հաղթանակը, որին հաջորդեց հակաահաբեկչական գործողությունը, փակեցին բոլոր հարցերը։ Փաշինյանը հիմա հստակ տեսնում է սա։ Նա գիտակցում է կատարվածը, նա մեծ պայքար է մղում իր երկրի ներսում»,- այս պնդումից հետո Գեզերը սկսում է ավելի բաց խոսել այն մասին, որ Փաշինյանն այսօր կա, վաղը չկա, հետևաբար, իրենք գործում են այս պահին՝ այս հարմար պահին առավելագույնը ստանալու, երաշխիքներ ստանալու պլանով, որովհետև հայտնի չէ, Փաշինյանից հետո եկողը ինչ կխոսի, ինչպես կխոսի։
«Ադրբեջանն իրավացիորեն ասում է՝ «Փաշինյանն այսօր այստեղ է, վաղը չկա», ես պետք է երաշխիք ստանամ։ Հետևաբար, ինձ համար զգայուն հարցերը պետք է լուծվեն այսօր։ Սա շատ բնական ռեֆլեքս է։ Որովհետև մեր ցանկությունն է, որ այսօր Հայաստանում տիրող այս ներքին խառնաշփոթի մեջ ոչինչ տեղի չունենա։ Բայց ի՞նչ կլինի, եթե ինչ-որ բան պատահի՝ Փաշինյանը հեռանա, վաղը մեկ ուրիշը գա, խոսի էքսպանսիոնիստական հռետորաբանությամբ։ Ահա թե ինչու Հայաստանը պետք է մաքրվի այս բոլոր տարրերից, որոնք կարող են թունավորել հարաբերությունները՝ սկսած Սահմանադրությունից, Անկախության այդ հռչակագրից, այդ դրոշի վրայի խորհրդանիշներից։ Սա Ադրբեջանի շատ օրինական պահանջն է»,-Էրդողանի ձևակերպումներով խոսում է Գեզերը։
Իհարկե, նշում են գլխավոր պահանջը՝ Զանգեզուրի միջանցք կոչվածը, հայտարարում, որ հիմա ամենահարմար պահն է այդ գործն էլ ավարտին հասցնելու համար. «Առանց ժամանակ կորցնելու, այս միջանցքը բացելով, Թուրքիայի կամքով կարծում եմ, որ այս գործընթացը կավարտվի հնարավորին չափ շուտ»։
Ահա սա են համարում ավարտը՝ Հայաստանի տարածքով թուրքական միջանցքը բացելը։ Իսկ եթե սա ամենահարմար պահն է թուրքերի համար, գուցե՞ ամենաանհարմարն է հայերի համար։ Գուցե՞ պետք է պարզապես դիմանալ և սպասել՝ արագ որոշումներ կայացնելու փոխարեն։ Գուցե՞ պետք չէ որոշումներ կայացնել թուրքերի համար ամենանպաստավոր պահին։
Անի Ավետյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում