Երկրի վարչապետի կարգավիճակի տեսանկյունից ոչ մեկին չի հետաքրքրում, թե այդ օրը մեկ թե երկու ոտքի վրա է արթնացել. նա պառակտում է եկեղեցին. Թաթոյան

Երկրի վարչապետի կարգավիճակի տեսանկյունից ոչ մեկին չի հետաքրքրում, թե այդ օրը մեկ թե երկու ոտքի վրա է արթնացել. նա պառակտում է եկեղեցին. Թաթոյան

Մայր աթոռում աղոթասրահի բացմանը այսօր մասնակցել են  նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը եւ Նարեկ Կարապետյանը: Լրագրողների հետ զրույցում  ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը ծավալում է Հայ Առաքելական սուրբ եկեղեցին պառակտող գործունեություն:

«Այն, ինչ այսօր անում է վարչապետը, Նիկոլ Փաշինյանը բացարձակ ապօրինի գործընթաց է: Նա թաքնվում է  հայոց եկեղեցու հավատավոր զավակ լինելու արտահայտության ներքո ու դրա տակ ծավալում է Հայ առաքելական  սուրբ եկեղեցին պառակտող, հայ ժողովրդի մեջ թշմանք սերմանող գործունեություն», – նշել է Թաթոյանը` արձանագրելով, որ երկրի վարչապետն ունի կոնկրետ լիազորություններ ու  պարտավոր է գործել հստակ սահմանված լիազորությունների շրջանակում։

«Նրա կարգավիճակի տեսանկյունից որևէ մեկին չի հետաքրքրում՝ նա ինչ համոզմունքներ ունի, այդ օրը ինչ տրամադրությամբ է արթնացել՝ մի ոտքի վրա է արթնացել, երկու ոտքի վրա է արթնացել, ինչ-որ հույզերով է արթնացել։ Նա ունի պաշտոնական կոնկրետ կարգավիճակ և կոչված է այդ կարգավիճակից բխող լիազորություններն իրականացնելու, և դրանից ցանկացած շեղում արդեն օրենքի կոպիտ խախտում է», — ասել է նախկին ՄԻՊ-ը։

Թաթոյանը նաև անդրադարձել է պետական համակարգի ներսում նկատվող ընդհանուր վարքագծին՝ նշելով․ «Չի կարելի թաքնվել այդպիսի բարոյական, հոգևոր արտահայտությունների ներքո և դրանից հետո ծավալել անօրինական, այդ կարգավիճակը կոպիտ խախտող գործողություններ։ Նույնը վերաբերում է պատգամավորներին, նույնը վերաբերում է որոշ նախարարների։ Տպավորություն է, որ այստեղ կազմակերպված գործընթաց է՝ հստակ բաժանումով, որ նրանից բխում է ամբողջ քաղաքականությունը»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում