Քաղաքական վակուումի պարադոքսը. երբ իշխանությունը կա, պետությունը՝ ոչ
Կարդացեք նաև
Այսօր Հայաստանում առկա քաղաքական վիճակը չի կարելի անվանել սովորական ճգնաժամ։ Մենք ունենք մի իրավիճակ, որը պետք է կոչել իր անունով՝ իշխանական ձևերի պահպանմամբ տեղի ունեցող պետականության ոչնչացում։ Սա իր հերթին, ստեղծել է աննախադեպ համակարգային քաղաքական վակուում, որտեղ մնում է միայն մեկ խաղացող․ ինքն իրեն խաղացող հռչակած, ինքն իրեն դաշտ «զուգահեռ իրականությունը» հորինած, և ինքն իրեն միանձնյա հաղթանակ շնորհող Նիկոլ Փաշինյանը։
Այս վակուումը տիրույթ է, որտեղ բացակայում է իրական քաղաքական խոսքը, գաղափարական բախումը, պետական տեսլականների մրցակցությունը, փոխարենը լցված է՝ ցինիկ աղմուկով, ինքմախաբկանքով, սոցցանցային ցեխշպրտոցիներ, պետական հովանավորությամբ իրականացվող տոտալ տեռորով, և իհարկե, բացահայտ քաղաքական հետապնդումներով։ Ըստ էության՝ այսօր Հայաստանի քաղաքական դաշտի «նորմալ վիճակը» դարձել է՝ ընդդիմադիրների նկատմամբ ապօրինի ձերբակալումները, պարբերական բնույթ ստացած աննորմալ խուզարկությունները, «կարված» քրեական գործերը։
Ներկայիս իշխանությունն ունի մեկ նպատակ՝ թուլացնել, պառակտել և վերջնականապես խեղել քաղաքական դաշտը, որպեսզի ինքն իր «գոյության փաստը» վերածի այլընտրանք չունեցող իրականության։ Սա է ամբողջ տրամաբանությունը՝ լինի դա կեղծ բարեփոխումների քողի տակ իրականացվող իշխանության կենտրոնացումը, թե հասարակական բևեռացման խորացումը՝ նախկինների ու ներկաների անվերջ հակադրությամբ։ Այս ամենի նպատակը մի բան է՝ պահել իշխանությունը, ոչ թե կառավարվել երկիր։
Հենց այստեղ է, որ առաջանում է գլխավոր քաղաքական պարադոքսը. երբ դաշտում փաստացի ոչ ոք այլևս չի կարող իրական քաղաքականություն վարել, բացի մեկ մարդուց, ով այլևս քաղաքականությամբ չի զբաղվում, այլ՝ բռնի վերարտադրությամբ։ Սա ոչ թե քաոս է, այլ լիբերալ ավտորիտարիզմւ բացահայտ դրսևորում։ Հանրային գիտակցության մեջ, սակայն, սրա հետևանքն արդեն տեսանելի է. ամենուր քաղաքականության հանդեպ բացարձակ անվստահություն և անտարբերություն․ մարդիկ հոգնել են լսել քաղաքական տեքստեր, լսել քաղաքական գործօչների ու վերլուծաբանների ասված թեզերն ու հակաթեզերը։ Հասարակության մեջ զգալի թիվ են կազմում ցինիկ և պասիվ հոծ զանգվածը, որը վերածվում է դիտորդի, ոչ թե քաղաքացու։ Ըստ էության՝ մարդիկ «հուսահատվել են բոլորից», բայց մոռացել են, որ երբ դաշտում մնում է միայն մեկը, դա կոչվում է ռեժիմ։
Ի վերջո, այս իրավիճակն այլևս չունի ներքին ռեսուրս մղսմամբ․ Քաղաքական պայքարը խեղդված է վարչական բռնությամբ, տեղեկատվական արհեստական ինտրիգներով, որոնք Փաշինյանի կողմից ուղղորդվող կառավարելի քաոսի առանցքային բաղադրիչն են։ Ստեղծված իրավիճակում մնում է միայն մեկ տրամաբանական լուծում, որը համարժեք է իրավիճակի վտանգին՝ խոսքը Փաշինյանին խորհրդարանական իմփիչմենթի կյանքի կոչումն է։
Առաջին հայացքից որքան էլ թվում է, թե խորհրդարանական իմփիչմենթը Հայաստանում անիրատեսական պահանջ է, իրականում՝ հենց դա է միակ մեխանիզմը, որով հնարավոր է քաղաքական դաշտը վերադարձնել իրականություն և բանականության տիրույթ։ Իմփիչմենթը այլևս պետք է դառնա ոչ թե ընդդիմության օրակարգն է, այլ՝ ժողովրդի ինքնապաշտպանական ռազմավարությունը, որովհետև երբ իշխանությունն օգտագործվում է պետության ապամոնտաժման, սահմանադրական կարգի խեղման և ազգային արժանապատվության ոչնչացման համար, այն կորցնում է լեգիտիմությունը՝ անկախ հնարավոր ընտրության արդյունքներից։
Այդ պահին քաղաքացին դառնում է ոչ թե «ընտրող», այլ՝ բռնության ենթակա զանգված, իսկ իմփիչմենթը վերադառնում է իր բուն իմաստին՝ որպես սահմանադրական ինքնապաշտպանության գործիք։
Ամփոփելով կարող ենք արձանագրել, որ այսօր Հայաստանի քաղաքական համակարգը գոյություն ունի միայն արտաքուստ։ Ներսից այն դատարկ է՝ բովանդակությունից, հայացքից, նաև զրկվա՛ բարոյական պատասխանատվությունից։ Եվ այս դատարկության անվան տակ շարունակելով հանդուրժել իրավիճակը՝ մենք ոչ թե պահպանում ենք կայունություն, այլ օր օրի խորացնում վերջնական փլուզումը։ Ուստի՝ իմփիչմենթը այլևս ոչ թե ցանկալի նպատակ է, այլ անխուսափելի հանգուցալուծում, եթե մենք իսկապես չենք ուզում վաղը քննարկել՝ ոչ թե ումից ազատվել, այլ՝ ինչի՞ մնացորդներից փորձել վերակառուցել պետականություն։
Արմեն Հովասափյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում