Այսօր Երևանը սպասում է Ջենիֆեր Լոպեսի համերգին. իշխանության PR՝ կոռուպցիոն ռիսկերով․ Սուրենյանց

Այսօր Երևանը սպասում է Ջենիֆեր Լոպեսի համերգին. իշխանության PR՝ կոռուպցիոն ռիսկերով․ Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Նիկոլ Փաշինյանը տարիներ շարունակ խոսում է մի երկրի մասին, որտեղ կլինի արդարություն, թափանցիկություն, և պետական փողերը կծախսվեն մարդկանց կյանքի որակը բարձրացնելու համար։

Փաստացի մենք ստանում ենք այլ պատկեր․ պետությունը պետական բյուջեից հատկացրել է մոտ 6 միլիոն դոլար՝ Լոպեսի համերգի համար։

Խնդիրը Լոպեսը չէ։

Նա համաշխարհային աստղ է, և եթե մասնավոր բիզնեսը, նրան բերեր Հայաստան, ես խնդիր չէի ունենա՝ անկախ Լոպեսի մշակույթի վերաբերյալ իմ վերաբերմունոից:

Խնդիրը քաղաքական որոշման էությունը և դրա հետևանքներն են:

Մի քանի փաստ․

37.000 դոլար միայն սննդի առաքման համար,

185.000 դոլար հյուրանոցների համար հարյուր հազարավոր դոլարներ՝ «հատուկ ծառայությունների» և անհայտ ծախսերի համար։

Այս ամենը՝ Հայաստանի հարկատուների հաշվին, այն դեպքում, երբ նույն Նիկոլ Փաշինյանը խոստանում էր կոռուպցիայի բացառում և հաշվետվողականություն։

Իսկ ինչ կարելի էր անել նույն գումարով՝ թվերով

✔ Վերանորոգել առնվազն 15 գյուղական դպրոց

✔ Ապահովել բնակարանով 150 զինծառայողի ընտանիք

✔ Կամ հոգալ մոտ 10.000 մանկապարտեզի սաների մեկ տարվա սնունդը։

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ նման համերգները երբեք չեն ֆինանսավորվում պետական բյուջեից։

ԱՄՆ-ում, Եվրոպայում, նույնիսկ Դուբայում և Կատարում, դրանք կազմակերպում են մասնավոր ընկերությունները, բիզնես ռիսկի հաշվին։

Հայաստանում՝ հակառակ պատկերն է․ պետությունը դառնում է շոու-բիզնեսի հովանավոր՝ քաղաքական շահերի և ընտրական հաշվարկների համար։

Իշխանությունն իր քաղաքացիների սոցիալական խնդիրները թողած, միլիոններ է ծախսում շքեղ շոուների վրա՝ սեփական PR-ի նպատակով:

Սա այլևս մշակութային միջոցառում չէ։ Սա քաղաքական որոշում է, որի հետևում երևում են կոռուպցիոն ռիսկեր և իշխանության մտահոգությունը ոչ թե մարդկանց, այլ սեփական վարկանիշի մասին»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում