Նավարան Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով հայտարարություն է տարածել

Նավարայի (Իսպանիայի ինքնավար համայնք/մարզ) խորհրդարանի խոսնակների խորհուրդը նոյեմբերի 3-ին հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որով Նավարայի խորհրդարանը կոչ է անում միջազգային հանրությանը, հատկապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբին և Եվրամիությանը, ձեռնարկել բոլոր անհրաժեշտ արդյունավետ քայլերը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և ժողովրդավարական ճանապարհով կարգավորման համա? ?։

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, հայտարարության մեջ համոզմունք է հայտնվում, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պետք է պարտադիր կողմ հանդիսանան ցանկացած ձևաչափի, որը կարող է վճռորոշ դերակատարություն ունենալ երկրի ապագայի համար և ողջունվում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նվիրվածությունը ժողովրդավարությանը։

Նավարայի խորհրդարանը իր հայտարարության մասին ծանուցելու է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ), Եվրոպական Միությանը, Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններին և Լեռնային Ղարաբաղի Նախագահին ու խորհրդարանին:

Հայտարարության ամբողջական տեքստին կարելի է ծանոթանալ հետևյալ հասցեով՝ http://www.parlamentodenavarra.es/57/section.aspx?idnoticia=6038

Խոսնակների խորհուրդը խորհրդարանական մարմին է, որտեղ խորհրդարանական խմբակցությունները ներկայացված են իրենց խոսնակներով։ Այն մասնակցում է խորհրդարանի կողմից քաղաքական բանաձևերի մշակմանն ու ընդունմանը և իրավասու է հանդես գալու պաշտոնական հայտարարություններով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում