Փաշինյանը Վաշինգտոնում հուշագիր է ստորագրելու, որը չի համապատասխանում Հայաստանի շահերին. Արա Աբրահամյան

Փաշինյանը Վաշինգտոնում հուշագիր է ստորագրելու, որը չի համապատասխանում Հայաստանի շահերին. Արա Աբրահամյան

«ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը հայտարարել է, որ ԱՄՆ կատարելիք իր ծրագրված այցի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է հուշագիր ստորագրել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ, սակայն դա չի համապատասխանում Հայաստանի շահերին,

Նրա կարծիքով, երբ խոսքը գնում է «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ Հայաստանի ինքնիշխանությունը Միացյալ Նահանգներին պատվիրակելու մասին, պետք է նկատի ունենալ Թուրքիան, քանի որ Միացյալ Նահանգները և Թուրքիան նույն ռազմական բլոկի մաս են կազմում։

Նա հավելել է, որ Հայաստանի ներկայիս կառավարությունը իր գոյատևումը և վերընտրությունը տեսնում է միայն Հայաստանի շահերը Միացյալ Նահանգների բարձր հովանավորության ներքո Թուրքիային և Ադրբեջանին զիջելու մեջ։

«Ի՞նչ շահ ունի այսօր Հայաստանը։ Այսօր Հայաստանը պետք է միջոցներ ստանա բազմաթիվ սոցիալական և տնտեսական խնդիրներ լուծելու համար։ Ինչո՞ւ չկառավարել ճանապարհն ինքնուրույն։ Դա կլիներ իրական, կարգին գումար։ Կամ Ռուսաստանի հետ համատեղ։ Բայց ոչ, անպայման պետք է հրավիրել ամերիկացիներին»,- ասել է Աբրահամյանը։

Աբրահամյանը ենթադրում է, որ Փաշինյանն, ըստ ամենայնի, այդ քայլին դիմել է Ադրբեջանից, Թուրքիայից կամ Միացյալ Նահանգներից որոշակի անձնական երաշխիքներ ստանալուց հետո։ «Նա ամբողջովին կատարում է այն, ինչ իրեն թելադրում են Թուրքիան և Բաքուն։ Եվ նա գործում է նրանց շահերից ելնելով։ Հնարավոր է՝ նա որոշակի երաշխիքներ է ստացել ամերիկացիներից, բայց մենք գիտենք, թե իրականում նրանք ինչպես են կատարում իրենց երաշխիքները»,- նշել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում