Ինքնիշխանության մասին խոստումներ՝ առանց ինքնիշխանության

Ինքնիշխանության մասին խոստումներ՝ առանց ինքնիշխանության

Օգոստոսի 9-ին հրապարակված փաստաթուղթը, որը Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է որպես «պատմական աննախադեպ ձեռքբերում», կրկնակի և նույնիսկ եռակի ուշադրությամբ ուսումնասիրելուց հետո հարց է առաջանում՝ ո՞րն է իրականում այդ պատմականության էությունը և ինչպիսի՞ ձեռքբերումից է ոգևորվել իշխանական շրջանակը, որոնք, միմյանց հերթ չտալով մի քանի օր է տեղեկատվական դաշտում գերդոզավորում են ապահովում։

Փաստաթղթում հստակ արձանագրված է, որ Հայաստանով դեպի Նախիջևան անցնող 42 կիլոմետրանոց ճանապարհային հատվածը՝ որն իր բովանդակությամբ և նշանակությամբ միջանցք է, ներկայացվում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա» (“Trump Route for International Peace and Prosperity” — TRIPP) ծրագրի շրջանակում։ Առաջին իսկ հայացքից ակնհայտ է, որ եթե փաստաթղթի տակ ստորագրում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ապա սա ոչ միայն երրորդ կողմի նախաձեռնություն է, այլ նաև երկուստեք շահագրգռվածություն ենթադրող գործարք։

Ըստ էության՝ Ալիևը, լինելով հաշվենկատ և փորձառու քաղաքական խաղացող, երբեք չէր դնի իր ստորագրությունը մի փաստաթղթի տակ, որտեղ իրեն չի երաշխավորվում ակնհայտ կամ ոչ ակնհայտ շահ։ ԱՄՆ-ի մասնակցությունն ու ներդրումների խոստումը տրամաբանական են՝ դրա համար էլ ստորագրում է Վաշինգտոնը, սակայն հարց է առաջանում՝ ի՞նչ է ստանում այս գործընթացից Բաքուն, և արդյո՞ք հայկական կողմը գիտակցում է դրա իրական գինը։ «Գետնի վրա» ունենք այնպիսի իրողություն, երբ փաստացի չի կնքվել «խաղաղություն», բայց Ադրբեջանն արդեն ունի «անխոչընդոտ միջանցք»։

Փաստաթղթից բացակայում են մի շարք առանցքային անվտանգության երաշխիքներ։ Դիցուկ, եթե ՀՀ տարածքով անցնող հատվածում անվտանգության պատասխանատվությունը փաստացի ստանձնում է ԱՄՆ-ը, ապա որևէ հստակեցում չկա, թե, օրինակ, Նախիջևանից մինչև Երասխ ընկած ուղղությամբ հայկական տրանսպորտային և բեռնափոխադրումների անվտանգությունն ո՞վ է ապահովելու։ Այս հարցը մնում է օդում կախված՝ Ադրբեջանի՞ իշխանությունները, թե՞ երրորդ երկրի (օրինակ՝ Թուրքիայի) վերահսկողության ներքո գործող պահնորդական կամ ռազմական ստորաբաժանում է այդ գործառույթն իրականցնելու։ Բացակայում է նաև պարզաբանում այն մասին, թե ի՞նչ կերպ է ապահովվելու այսպես կոչված «միջին միջանցքը», որի միջոցով Հայաստանը, ըստ իշխանական հայտարարությունների, պետք է կապ հաստատի դեպի Չինաստան կամ Կենտրոնական Ասիա կամ ո՞ր երթուղով է դա լինելու և ի՞նչ անվտանգային երաշխիքներով։

Այստեղ տեղին է նաև հարցադրումը՝ եթե Փաշինյանի պնդմամբ սա «փոխադարձ հայելային փաստաթուղթ» է, որը հավասարապես ազդում է երկու կողմերի վրա, ապա ո՞րն է Ադրբեջանի կատարած զիջումը։ Հայաստանի կողմից ակնհայտորեն կան զիջումներ և հետքայլեր, սակայն փաստաթղթում ոչ մի տող չկա ադրբեջանական զորքերը ՀՀ սուվերեն տարածքից, այդ թվում՝ շուրջ 200 քառակուսի կիլոմետր օկուպացված հողերից դուրս բերելու մասին։ Սա նշանակում է, որ հայկական կողմի անվտանգային շահերը փաստաթղթում որևէ ձևով ամրագրված չեն։ Փաշինյանի բացատրություններն էլ, որ նա «ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման» մասին բազմիցս կրկնում է որպես հիմնարար սկզբունք, հնչում են ոչ թե որպես հստակ երաշխիքներ, այլ՝ դատարկ հռետորաբանություն՝ կենաց։

Պատկերը լրացուցիչ մտահոգիչ է դառնում, երբ հաշվի ենք առնում Ալիևի հայտարարությունը, թե Փաշինյանի առջև «տնային աշխատանք» է դրված՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխության ուղղությամբ։ Սա հստակ ազդակ է, որ Բաքուն ոչ միայն կողմնակից է փաստաթղթին, այլև հայկական ներքաղաքական և իրավական օրակարգի վրա ունի ուղիղ ազդեցություն։ Այս պարագայում «ինքնիշխանության» մասին Փաշինյանի խոսքերը վերածվում են քաղաքական ինքնախաբեության՝ երբ ինքնիշխանությունը փաստացի հանձնվում է հակառակորդի ճնշման ներքո։

Հատկանշական է, որ Վաշինգտոնում ստորագրված այս փաստաթուղթը որոշակիորեն հիշեցնում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ Երկուսն էլ ստորագրվել են երեք առաջնորդների կողմից, որոնցից մեկը գերտերության ղեկավար է։ Սակայն եթե նոյեմբերի 9-ի հայտարարությունը ներկայացվում էր որպես հրադադարի և պատերազմի ավարտի փաստաթուղթ, ապա հետագա իրադարձությունները ցույց տվեցին, թե որքան սահմանափակ և միակողմանի էր դրա բովանդակությունը։

Այսօր մենք նոր փաստաթղթի առջև ենք կանգնած, որը կրկին պարունակում է հստակ պարտավորություններ Հայաստանի համար, սակայն մշուշոտ են ու չման ոչ մի հստակ երաշխիքներ մեր անվտանգության և տարածքային ամբողջականության համար։ Վերջինիս ճակատագիրը, ցավոք, կարող է կրկնել նոյեմբերի 9-ի սցենարը, երբ գրավոր ամրագրված կետերը վերածվում են գործնականում միայն մեկ կողմի պարտավորությունների, իսկ մյուս կողմի շահերը մնում են ապահովված։

Արմեն Հովասափյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում