«Խաղաղության» արձանագրում թե՞ կապիտուլյացիա

«Խաղաղության» արձանագրում թե՞ կապիտուլյացիա

Օրերս Վաշինգտոնում նախաստորագրված, այսպես կոչված, «խաղաղության» փաստաթուղթը, որն իշխանություններն արդեն քանի օր է օդում ծածանում են, մի փոքր «վեթթինգի» ենթարկելուց հետո ակնհայտ  է դառնում, որ այն ոչ թե խաղաղության, այլ կապիտուլյացիայի հերթական արձանագրությունն է։ Այստեղ սևով սպիտակի վրա գրված է, որ Հայաստանը համաձայնել է Ադրբեջանի օրակարգին՝ առանց որևէ փոխհատուցման կամ հակակշռի։ Տեքստի կառուցվածքը հստակ ցույց է տալիս, որ գործընթացը ոչ թե հավասար կողմերի բանակցություն է, այլ միակողմանի պարտադրված վերջնագիր, որտեղ հայկական կողմի դերակատարումը սահմանափակվում է ձևական ստորագրողի գործառույթով։

Փորձենք մի քանի դիտարկումներով առանձնացնել հայ-ադրբեջանական նախաստորագրված համաձայնագրի այն կետերը, որոնք ցույց են տալիս, որ այնտեղ պրոհայկական ոչ մի դրույթ գոյություն չունի և սպասարկում է բացառապես ադրբեջանա-թուրքական նարատիվը։

Եվ այսպես՝ Հոդված I-II-ում սահմանների և տարածքային ամբողջականության ճանաչման ձևակերպման հետ կապված ակնհայտ է դառնում, որ այս պայմանագիրը հղում է անում 1991թ. Ալմ Աթայի հռչակագրին և փաստացի ամրագրում է, որ նախկին ԽՍՀՄ վարչական սահմանները դարձել են միջազգային սահմաններ։ Սա նշանակում է, որ Հայաստանը իրավաբանորեն հաստատում է Ադրբեջանի ներկայիս սահմանները՝ առանց որևէ վերապահման Արցախի (Լեռնային Ղարաբաղի) կամ ՀՀ օկուպացված տարածքների վերաբերյալ։ Այն փաստը, որ Ադրբեջանը շարունակում է վերահսկել Հայաստանի սուվերեն տարածքի 200 քկմ հատված, պայմանագրում որևէ ձևով չի կարգավորվում։ Արդյունքում՝ մենք ունենք փաստաթուղթ, որը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց ոչ մի մեխանիզմ չի նախատեսում դրա խախտումների վերացման համար։

Ի դեպ՝ Հոդված II-ը նաև բացառում է ապագայի համար տարածքային պահանջները։  Այս կետը փաստացի ամբողջությամբ փակում է ցանկացած իրավական կամ քաղաքական հնարավորություն ապագայում ԼՂ-ի կամ այլ վիճահարույց տարածքների հարց բարձրացնելու համար։ Դա ոչ միայն անցյալի խնդիրների փակումը է, այլև ապագա բանակցային լծակների զրոյացում, ինչը խոսում է օրվա կառավարիչների անհեռատես ու օտարահպատակ կեցվածքի դրսևորման դրվագի մասին։

Թեև փաստաթուղթը հղում է անում (Հոդված III, VII) ուժի չկիրառման սկզբունքին, այնտեղ ակնհայտ բացակայում է հստակ մեխանիզմ, թե ինչպես է ապահովվելու դրա պահպանումը։ Սահմանին երրորդ կողմի ուժեր չտեղակայելու կետը, մի կողմից, կարող է ընկալվել որպես ռուսական խաղաղապահների կամ այլ արտաքին ներկայության բացառման հիմք, մյուս կողմից՝ չի երաշխավորում, որ Ադրբեջանը չի կուտակի ուժեր սահմանին։

Հոդված IV-ում խոսվում է երկու կողմերի միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի մասին, թեև սա գրված է որպես սկզբունք, սակայն իրական քաղաքական պրակտիկայում այն արդեն խախտված է՝ Ալիևի հրապարակային պահանջով Հայաստանի Սահմանադրության փոփոխության մասին։ Այս փաստաթուղթը որևէ մեխանիզմ չի նախատեսում նման միջամտությունների կանխման համար։

Հոդված XV-ում անդրադարձ է արվում իրավական գործերի և բողոքների չեղարկման փաստին։ Նշենք, որ սա ամենաբարդ և վտանգավոր կետերից է Հայաստանի համար։ Այն պարտադրում է դադարեցնել և հետ կանչել բոլոր միջազգային իրավական գործընթացները (այդ թվում՝ ՄԱԿ-ում, ՄԻԵԴ-ում, Հաագայի դատարանում) և հետագայում չսկսել նորերը։ Սա հսկայական նվեր է Ադրբեջանին, որովհետև այս կետով Ադրբեջանն ազատվում է որևէ միջազգային պատասխանատվությունից անցյալ և ներկա գործողությունների համար։

Հավելենք նաև, որ ֆորմալ անունով «TRIPP» կոչված միջանցքը հանում է տարածաշրջանային ենթակառուցվածքների վերահսկողությունը՝ միաժամանակ ամրագրելով ԱՄՆ-ի՝ տնտեսապես և քաղաքականապես շահագրգռված մասնակցությունը (զարգացման իրավունքներ, կայունացման նախագծեր)։ Սա բնավ ինքնանպատակ արված չէ, այն մեծ խաղի մաս է՝ որտեղ տնտեսական ներդրումն ու ռազմավարական մուտքը նույնականցված են, ինչի արդյունքում տեղի են ունենում տարածաշրջանային աշխարհաքաղաքական փոփոխություններ՝ Ռուսաստանի և Իրանի ազդեցության թուլացումամբ՝ միաժամանակ ԱՄՆ-ի բավական շոշափելի ներկայությամբ։ Վերջինիս պատճառով տարածաշրջանային խաղացանկը փոխվում է՝ նոր դերաբաշխումներով և նաև նոր հակազդումներով (Իրանն արդեն բացահայտ դժգոհություն է հայտնել նախագծից)։

Ըստ էության՝ այս պայմանագիրը կտրուկ սեղմում է Հայաստանի քաղաքական և իրավական մանևրելու տարածքը։ Այն ամրագրում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը առանց սահմանային վեճերի լուծման նախապայմանի, զրոյացնում է ապագա տարածքային պահանջների և միջազգային իրավական գործերի հնարավորությունը, թույլ է տալիս Բաքվին ազդեցություն ունենալ Հայաստանի ներքին օրակարգի վրա և չի ստեղծում որևէ հստակ անվտանգային երաշխիք։ Իրականում սա նման է պարտվող կողմի պարտավորությունների փաթեթի, որը ձևակերպված է «փոխադարձ» խաղաղության լեզվով, բայց բովանդակությամբ միակողմանի է։

Այն դասական օրինակ է, թե ինչպես կարելի է արտաքին ճնշման տակ քանդել պետության հիմքերը՝ այդ ամենը գեղեցիկ բառերով փաթեթավորելով։ Ընդհանուր առմամբ եզրակացությունը մեկն է․ այս գործընթացը ոչ թե խաղաղության, այլ պետականության թուլացման ուղի է, որը երկարաժամկետ կտրվածքով կարող է դառնալ Հայաստանի ինքնիշխանության կորստի գլխավոր պատճառը։

Արմեն Հովասափյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում