10 տարի հետո լինի, ես արդարանալու եմ, դուք եք մնալու մեղավոր ձեր զավակների առաջ. Միքայել Սրբազան

10 տարի հետո լինի, ես արդարանալու եմ, դուք եք մնալու մեղավոր ձեր զավակների առաջ. Միքայել Սրբազան

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբանն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավոր Արմինե Մելիքսեթյանին։ Փաստաբան Երեմ Սարգսյանն ընդգծել է, որ համոզված է՝ Մելիքսեթյանը չի կարող այդ գործով ապահովել արդար քննություն։

Նիստերի դահլիճում էլ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դիմել է դատարանին. «Դուք, պատվարժան դատարան, իմ բնակության հաշվառման հասցեն կարդացիք՝ եպիսկոպոս Սմբատյան: Վստահ եմ՝ Ձեզ մոտ հարց չառաջացավ՝ ով է եպիսկոպոս Սմբատյանը: Արտակ Սմբատյանը Շիրակի թեմի առաջին առաջնորդն էր: Բազմաթիվ անգամներ նրան բռնեցին, ձերբակալեցին ու բաց թողեցին, և ի վերջո, 1937թ. հայտնի «տռոյկան» գնդակահարեց նրան: Այսօր նրան գնդակահարողների անունները չկան, վստահ եմ՝ նրանց գերեզմաններին խոտ էլ չի բուսնում, բայց Արտակ սրբազանի անունով փողոց կա: Այսօր չլինի, լինի 10 տարի հետո, ես արդարացվելու եմ, բայց դուք լինելու եք մեղավոր: Ձեր զավակներն ամաչելու են: Չեմ կարողանում հասկանալ՝ Ձեզ ի՞նչն է դրդում մասնակից դառնալ այս խայտառակությանը։ Սա է մեծագույն դժբախտությունը ինձ և մեզ համար։ Ես ցավում եմ ձեզ համար»,-ասել է հոգևորականը:

Հիշեցնենք, այսօր Սրբազանի գործով տեղի է ունենում երկրորդ նիստը։ Նախորդ նիստի ժամանակ դատարանը մերժել էր կալանքը փոխելու միջնորդությունը և միաժամանակ երկարացրել սրբազանի անազատությունը ևս 10 օրով։ Դատարանը մերժել էր նաև Միքայել սրբազանի վերաբերյալ գործը Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանին փոխանցելու միջնորդությունը և հետաձգել քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդության քննարկումը։

Փաստաբանական թիմը պնդում է, որ դատարանը գործում է իշխանության հրահանգով և նպատակ ունի գործը հնարավորինս արագ ավարտել։ Որպես փաստարկ նրանք մատնանշում են, որ 6 աշխատանքային օրվա ընթացքում անցկացվել է արդեն 4 նիստ:

Նշենք, որ Միքայել արքեպիսկոպոսին մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու կոչի հոդվածով՝ հիմնված նրա մեկ տարի առաջ տված հարցազրույցի վրա, որտեղ հոգևորականը խոսել է հեղաշրջման անհրաժեշտության մասին։ Մինչդեռ այդ խոսքերում մեկ տարի առաջ Գլխավոր դատախազությունը հանցակազմ չէր տեսել և գործ չէր հարուցել։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում