Բագրատ Սրբազանի կալանքի ժամկետը երկարաձգվեց 3 ամսով. Սրբազանը շնորհակալություն հայտնեց դատավորին

Բագրատ Սրբազանի կալանքի ժամկետը երկարաձգվեց 3 ամսով. Սրբազանը շնորհակալություն հայտնեց դատավորին

Դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նկատմամբ ընտրված կալանքի ժամկետը երկարեցվեց 3 ամսով։ «Կալանքի պայմանները չեն նվազել, չեն փոխվել, տվյալ դեպքում խոչընդոտելու ու հանցանք կատարելու ռիսկերն այս փուլում բարձր են, այլընտրանքային խափանման միջոցներն ի զորու չեն ապահովելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը»,-ասել է դատավորը։

Որոշման հրապարակումից հետո ներկաները վանկարկեցին՝ ամոթ, ամոթ։ Իսկ Բագրատ Սրբազանը շնորհակալություն է հայտնել դատավորին։

«Պատվարժան դատարան, շատ շնորհակալություն եմ հայտնում Ձեր ազնիվ դրսևորման համար։ Այնքան լավ եմ զգում ինձ, որ ուրիշ որոշում Դուք չկայացրեցիք, քանի որ այն ինձ համար մահ կլիներ։ Լիդյա Մանթաշյանի կալանավորումը երկարացնելուց հետո ես գետնի տակը պիտի մտնեի, ամոթ ինձ, եթե ես դուրս գայի այդ միջավայրից, շնորհակալություն Ձեզ, որ չարեցիք այդ քայլը»,-ասել է նա։

Իր հերթին ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանն էլ դատավորին առաջարկեց առանց մեղադրանքները կարդալու կալանք տան, իրենք էլ գնան իրենց խցերում հանգստանան։

«Ես սա առաջարկում եմ առանց ձեռ առնելու։ Անունը կարդացեք, կալանքը տվեք, նույն տեքստն է, բոլորին վերաբերվում է, հեքիաթ է»,-ասել է Սարգսյանը։ «Ես հիմա ստեղ բոյ եմ տալիս, մեղադրյալների, իմ 18 ընկերների հետ ստեղ բոյ եմ տալիս, իմ տեսակնա, անարժանապատվության, անարդարության դեմ, իմ պատվի համար բոյ եմ տալիս: Դա տեռորիզմա՞ ես չեմ հասկանում: Բայց սենց չի մնալու, բոլորդ պատասխան եք տալու:  Էս պայքարը մեր հայրենիքի համար ա, արժանապատվության համար ա, բոլորդ պատասխան եք տալու: Էս փուչիկը տրաքելու ա, արդարությունը հաղթելու ա»,-ասել է նա:

Դրանից հետո դատավորը հայտարարել է, որ 3 ամսով երկարացվում է նաև մեղադրյալ Արմեն Իսրայելյանի կալանքի ժամկետը։ Մինչ այդ երեք ամսով երկարացվել էր Արա Ռոստոմյանի կալանավորման ժամկետը։ Նրան եռամսյա ժամկետում արգեկվեց ունենալ նամակագրություն, փոստային առաքում, շփում այլ անձանց հետ, հյուրընկալել նրանց։ Այդ սահմանափակումները չեն վերաբերում ընտանիքի անդամներին, պաշտպաններին, անհրաժեշտության դեպքում փրկարարներին ու բժիշկներին։ Ռոստոմյանին թույլատրվեց շաբաթը առնվազն երկու անգամ ոստիկանի կամ Պրոբացիայի ծառայության աշխատակցի ուղեկցությամբ այցելել Եռաբլուր։

Նշենք նաև, որ երեք ամսով երեկարացվեց Վահագն Չախալյանի կալանքի ժամկետը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում