Թուրքիան միլիարդներ կստանա Զանգեզուրի միջանցքից. Ուրալօղլու
Կարդացեք նաև
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղին, որը կապում է Թուրքիան Նախիջևանի սահմանի հետ, և ընդհանրապես Զանգեզուրի միջանցքը 30 տարվա ընթացքում Թուրքիային կբերի 147,6 միլիարդ լիրա (3,6 միլիարդ դոլար՝ ներկայիս փոխարժեքով) շահույթ։
«Ադրբեջանի հետ սահման տանող երկաթուղային զարկերակը կդառնա կարևոր օղակ Զանգեզուրի միջանցքում, որը հատկապես կարևոր է ամբողջ տարածաշրջանի համար», – ընդգծել է նա:
Նախարարի խոսքով՝ Միջին միջանցքը զգալիորեն կկրճատի Եվրոպայի և Ասիայի միջև ապրանքների առաքման ժամանակը, ինչը երկաթուղային տրանսպորտը կդարձնի ավելի պահանջված, քան ծովային տրանսպորտը։ «Արևելյան Անատոլիայում 224 կիլոմետրանոց երկաթուղու կառուցման ծախսերը բազմապատիկ կարդարացվեն», – հավելել է Ուրալօղլուն։
Թուրքիայի տրանսպորտի նախարարության ղեկավարը Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղին անվանել է «ռազմավարական ներդրում»։ «Զանգեզուրի միջանցքը թյուրքական պետություններ և Հարավարևելյան և Արևելյան Ասիայի երկրներ տանող ամենակարճ ճանապարհն է։ Այս երթուղով տարեկան կտեղափոխվի մոտ 15 միլիոն տոննա բեռ», – նշել է նախարարը։
30 տարվա ընթացքում կանխատեսվող շահագործման եկամուտը կկազմի 135 միլիարդ լիրա, վթարներից խնայողությունները՝ 3 միլիարդ, կլիմայական օգուտները՝ 2.1 միլիարդ, ժամանակի խնայողությունները՝ 3.5 միլիարդ, իսկ ճանապարհների պահպանման խնայողությունները՝ 4 միլիարդ լիրա։ Ընդհանուր առմամբ, 30 տարվա ընթացքում եկամուտը կհասնի 147.6 միլիարդ լիրայի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում