Եթե Սամվել Կարապետյանն իր սեփական միջոցներից այլևս չուղղի, ՀԷՑ-ն ընդհանրապես կործանման է գնալու. Ղազինյան
Կարդացեք նաև
ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը, հրավիրված ասուլիսի ժամանակ նշել է․ «ՀԾԿՀ սակագին ձևավորելուց ներառում է աշխատավարձային ֆոնդ՝ հստակ սահմանված, կոնկրետ թիվ։ ՀԷՑ-ի համար հանձնաժողովի սահմանած աշխատանքային ֆոնդից 2015 թվականից մինչ օրս ՀԷՑ սեփականատեր Սամվել Կարապետյանը տրամադրել է 11,6 միլիարդ դրամ ավելի գումար»։
Նա նշել է, որ եթե շարժվեն ՀԾԿՀ տված աշխատավարձային ֆոնդով, պետք է աշխատող կրճատվի կամ աշխատավարձ իջնի։
«Սեփականատերն անքակտելի իրավունք ունի և ուներ, ունենալու է իր սեփական միջոցներն այլևս չուղղել, որոշել՝ այլևս չեմ ուզում տրամադրել ամսական 150 միլիոն, տեղավորվեք աշխատանքային ֆոնդի մեջ։ Սամվել Կարապետյանը, ըստ ինձ, այս բոլոր անարդար մեթոդներից հետո չի անում այդ քայլը, մի քանի պատճառով. առաջին՝ որպես պետականամետ մարդ, չի պատժում կառավարչին կամ իշխանությանը, հանձնաժողովին, երկրորդ՝ իր գրպանից տված գումարը կրճատելու դեպքում, միանշանակ կրճատումներ պետք է արվեն, աշխատակիցներ կրճատվեն։ Հաշվի առնենք, որ այդ աշխատակիցներ կրճատվելու են հիմնականում պրոֆեսիոնալ թիմից, ոչ թե իրենց բերած մարդկանցից։ Երրորդ՝ այդ պարագայում ՀԷՑ-ն ընդհանրապես կործանման է գնալու»,- ասել է Ղազինյանը։
Նա նաև հավելել է որ ՀԷՑ-ից մոտ 45-50 աշխատակից է հեռացվել ժամանակավոր կառավարչի (Ռոմանոս Պետրոսյանի) նշանակումից հետո, և թեպետ կարող է թվալ, որ ՀԷՑ–ի 6800 աշխատակիցների մեջ դա փոքր թիվ է, բայց խոսքը հիմնականում ղեկավարների մասին է։
«Եկեք չխոսենք միայն հեռացվածների մասին։ Կան շատ դիմում գրողներ, որոնք դա արել են տարբեր ճնշումների տակ։ Ես համարում եմ, որ իր նշանակումից հետո մինչև այսօր դիմում գրողները նույնպես հեռացվածի կարգավիճակ պետք է ունենան, որովհետև տարբեր ճնշումներին չեն դիմացել, շառից-փորձանքից հեռու` դիմում են դրել, գնացել»,- ասել է նա։
Ղազինյանն ուշադրություն հրավիրել, որ աշխատանքից ազատվել են հիմնականում ղեկավար պաշտոնյաները, որոնք նշանակվել էին ոչ թե ըստ կուսակցական պատկանելիության, այլ՝ ունեցել են հստակ գործառություներ։
«Հիմա այսպես գլխատելով ՀԷՑ-ը՝ բերում են ՔՊ-ականների կամ ՔՊ-ամերձ անձանց, պարտված թեկնածուների՝ նպատակ չեն հետապնդում իրենց հռչակած նպատակը չէ՝ ՀԷՑ-ի լավ աշխատանքը, չի կարող նման բան լինել։ Այդ պարագայում ինչ են պատրաստվում անել՝ իմ կարծիքով՝ ունեն շատ կարճաժամկետ ծրագիր՝ ընդամենն իրենց քաղաքական հայացքներին դեմ մարդկանցից ազատվելը»,- ասել էՂազինյանը։
Նա նաև մտահոգություն է հայտնել, որ աշխատանքի տեսչությունը, տեսնելով այս ազատումները, վարույթ չի հարուցում։ Ի դեպ, Դավիթ Ղազինյանն ինքն իր աշխատանքից ազատման մասին իմացել է «Սիվիկ» լրատվականից։
Ղազինյանն իր խոսքում ընդգծել է, որ իրականում Սամվել Կարապետյանը երրորդ նախագահի հետ փրկել է ՀԷՑ-ը` ձեռք բերելով այն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում