Առանցքային հարցերի շուրջ Կիևի հետ պայմանավորվելը գրեթե անհնար է. Պուտին

Առանցքային հարցերի շուրջ Կիևի հետ պայմանավորվելը գրեթե անհնար է. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Վլադիվոստոկում ընթացող Արևելյան տնտեսական համաժողովի լիագումար նիստում անդրադարձել է Ուկրաինայի հետ հակամարտությանը և անվտանգության երաշխիքներին:

Պուտինի ելույթից հատվածներ է մեջբերել «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, որտեղ նշվում է, որ ՌԴ նախագահը հայտարարել է, որ Մոսկվան օրինական թիրախ կհամարի Ուկրաինայի տարածքում գտնվող ցանկացած ուժեր: Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանը կհարգի անվտանգության երաշխիքները, որոնք պետք է մշակվեն և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի համար:

«Առայժմ ոչ ոք լուրջ մակարդակով Ռուսաստանի հետ չի քննարկել անվտանգության երաշխիքները», – ասել է Կրեմլի ղեկավարը:

Ինչ վերաբերում է Ուկրաինայի տարածքում օտարերկրյա զորքերի տեղակայմանը, ապա կայուն խաղաղության համաձայնագրից հետո, Պուտինի խոսքով, դրա կարիքը չի լինի:

Պուտինը նշել է, որ պատրաստ է ուկրաինական կողմի հետ շփումների, սակայն դրա իմաստը չի տեսնում:

«Առանցքային հարցերի շուրջ ուկրաինական կողմի հետ պայմանավորվելը գրեթե անհնար կլինի», – ասել է ՌԴ նախագահը:

Միևնույն ժամանակ Պուտինը նշել է, որ Մոսկվան լավագույն վայրն է Ուկրաինայի հետ բարձր մակարդակով հանդիպման համար: Նրա խոսքով՝ Ռուսաստանը կապահովի նման հանդիպման անվտանգությունը:

Ավելի վաղ նա Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն հրավիրել էր Մոսկվա: Ուկրաինական կողմը մերժել էր նման հնարավորությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում