Մեր մտահոգությունն ենք հայտնում մինչ օրս Բաքվում պահվող հայ գերիների առնչությամբ․ Մայր Աթոռ

Մեր մտահոգությունն ենք հայտնում մինչ օրս Բաքվում պահվող հայ գերիների առնչությամբ․ Մայր Աթոռ

Սեպտեմբերի 3–7-ը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել «Ապրելով Հավատամքն այսօր. Նիկիայի տիեզերաժողովի 1700-ամյակի հիշատակում» խորագրով միջեկեղեցական համաժողովը։ Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի նախաձեռնությամբ կազմակերպված համաժողովին մասնակցել են Հայոց Եկեղեցու նվիրապետական Աթոռների՝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության, Կ․ Պոլսի և Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունների, ինչպես նաև Քույր Եկեղեցիների, տարբեր հարանվանությունների և միջեկեցական կառույցների ներկայացուցիչներ։

Միջեկեղեցական հավաքին քննարկվել են Նիկիական ժառանգության հոգևոր, հովվական և ժամանակակից կողմերին և քրիստոնեական միասնությանն առնչված հարցեր, ինչպես նաև Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերները։

Նիստերի ընթացքում Քրիստոնեական Եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների ներկայացուցիչներն իրենց մտահոգությունն են հայտնել Հայաստանում և ամբողջ աշխարհում տիրող ներկայիս դժվարին կացության, հատկապես արցախահայերի բռնի տեղահանության, Բաքվում մինչ օրս պահվող հայ գերիների, ինչպես նաև Արցախի հայկական հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացման ու յուրացման փաստերի առնչությամբ։ Ժողովը վերահաստատել է Եկեղեցու անսասան առաքելությունը, որպես հույսի, բժշկության աղբյուր և հաշտության ու համերաշխության միջոց բոլոր ժողովուրդների և ազգերի համար, որոնք կանգնած են տառապանքի ու փորձությունների առջև։

Հատուկ անդրադարձ է կատարվել նաև թվային տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններին՝ ի խնդիր հոգևոր ծառայության, քարոզչության և կրթության առավել արդյունավորման՝ ուշադրության հրավիրելով նաև դրացում առկա վտանգներին։ Միևնույն ժամանակ ընդգծվել է, որ Նիկիայի ոգին, միասնության և Ավետարանին հավատարիմ մնալու հրամայականով, այսօր էլ կարող է ներշնչել քրիստոնյաներին վստահությամբ ու հույսով դիմագրավելու առկա մարտահրավերները՝ աճող աշխարհիկացման պայմաններում։

Ժողովի մասնակիցները վերահաստատեցրել են իրենց հանձնառությունը քրիստոնեական սիրով, միասնաբար և համատեղ տեսլականով ամեն ջանք գործադրել ի խնդիր ժողովուրդների ու ազգերի միջև խաղաղության, արդարության ու համերաշխության հաստատման։

Հավաքի մասնակիցների համար կազմակերպված է եղել նաև ուխտագանցություններ Հայաստանի տարբեր սրբավայրեր։

Սեպտեմբերի 6-ին՝ Նիկիայի Սուրբ ժողովի 318 հայրապետների հիշատակության օրը, ժողովականները Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում մասնակցեցին Կիրակնամտի ժամերգությանը։ Այս առիթով դուրս է բերվել Նիկիայի առաջին տիեզերաժողովին Հայոց Եկեղեցու կողմից մասնակցած Սուրբ Արիստակես Հայրապետի մասունքակիր Աջը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում