Եվլախում հանդիպման մասնակիցները որևէ փաստաթուղթ չեն ստորագրել․ Շահրամանյան
Կարդացեք նաև
Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում Արցախի հինգերորդ նախագահ Սամվել Շահրամանյանն ասել է․ «Հարգանքի տուրք ենք մատուցում մեր զոհերի հիշատակներին, այն հայրենակիցների, որոնք առաջինը դիմադրեցին Ադրբեջանի ագրեսիան և հնարավորություն տվեցին մեր բնակչությանը ինչ-որ չափով անվտանգ դուրս գալ։
Ցավոք, այդ ագրեսիայի հետևանքով այսօր հայրենազրկվել ենք, բռնի տեղահանվել։ Մեծ մասը մշտական բնակության վայր է գտել Հայաստանում, որը համարում ենք մեր հիմնական հայրենիքը»,-ասել է նա։
Խոսելով 2023 թվականի սեպտեմբերի 19-ի իրադարձությունները պատմության դասագրքերում խեղաթյուրված ներկայացնելու մասին՝ Շահրամանյանը նշել է, որ իրավական ճանապարհով վիճարկում են դրանք։
«Ես առիթ եմ ունեցել անդրադառնալու Եվլախի հանդիպմանը։ Ցանկանում եմ հստակ ասել՝ ես երբևէ Եվլախում չեմ եղել և այդ հանդիպմանը չեմ մասնակցել։ Եվլախում հանդիպման մասնակիցները որևէ փաստաթուղթ չեն ստորագրել։ հայտարարել է նաև Արցախի նախագահը»,-ասել է նախագահը։
Շահրամանյանը նաև նշել է, որ Արցախում 2023-ին զոհված ու հայրենիքում հուղարկավորված 66 արցախցիների արտաշիրիմում անելու ու Հայաստան տեղափոխելու հարց են բարձրացրել Արցախի իշխանությունները։
«Նրանք հուղարկավորված են և Ստեփանակերտի եղբայրական գերեզմանում, և շրջաններում։ Հարցը բարձրացրել ենք Հայաստանի իշխանությունների մոտ, Ադրբեջանի ներկայացուցիչների մոտ։ Ստացել ենք համաձայնություն, բայց ցավոք սրտի, մինչ օրս դա տեղի չի ունեցել»,-ասել է Շահրամանյանը։
Նրա խոսքով, իրենք բարձրացրել են անհետ կորածների, գերիների ազատ արձակման հարցերը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում