Պորտուգալիան պաշտոնապես ճանաչել է Պաղեստինի Պետությունը

Պորտուգալիան պաշտոնապես ճանաչել է Պաղեստինի Պետությունը

Reuters-ը հայտնում է, որ Պորտուգալիայի արտաքին գործերի նախարար Պաուլո Ռանգելը հայտարարել է, որ իր երկիրը ճանաչել է Պաղեստինի Պետությունը։

«Պաղեստինի Պետության ճանաչումը Պորտուգալիայի արտաքին քաղաքականության հաստատուն, անփոփոխ և հիմնարար գծի իրականացումն է», – ՄԱԿ-ում Պորտուգալիայի մշտական ​​​​առաքելության կենտրոնակայանում լրագրողներին ասել է Ռանգելը։

Նրա խոսքով՝ Պորտուգալիան պաշտպանում է պաղեստինա-իսրայելական հակամարտության՝ երկու պետության սկզբունքով կարգավորումը՝ որպես արդար և երկարատև խաղաղության միակ ճանապարհ։

«Հրադադարը հրատապ է»,- նշել է նա՝ հավելելով, որ ՀԱՄԱՍ-ը չի կարող որևէ տեսակի վերահսկողություն ունենալ Գազայում կամ դրանից դուրս։ Նա պահանջել է նաև ազատ արձակել բոլոր պատանդներին։

Ռանգելը նաև նշել է, որ Պաղեստինի Պետության ճանաչումը «չի վերացնում Գազայում տիրող մարդասիրական աղետը»։ Նա դատապարտել է այնտեղ տարածված սովը, ավերածությունները և «իսրայելական բնակավայրերի ընդլայնումն Արևմտյան ափին»։

Նշենք, որ Պաղեստինը ճանաչել են նաև Մեծ Բրիտանիան, Կանադան և Ավստրալիան։ Al Jazeera-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի 193 անդամ երկրներից Պաղեստինի Պետությունը 1967 թվականի սահմաններով ճանաչած երկրների թիվը գերազանցել է 150-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում