Պուտինն ու Փաշինյանը քննարկել են հայկական ատոմակայանի շահագործման հարցը

Պուտինն ու Փաշինյանը քննարկել են հայկական ատոմակայանի շահագործման հարցը

Կրեմլում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից։

Հանդիպման ընթացքում Պուտինն ու Փաշինյանը քննարկել են հայկական ատոմակայանի շահագործման հարցն ու երկկողմ հարաբերությունները։

«Հայաստանում երկար ժամանակ գործում է ատոմային էլեկտրակայանը, այն ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի 30 տոկոսը: Ամեն դեպքում դա լուրջ ցուցանիշ է: «Ռոսատոմ»-ն այժմ աշխատում է այդ ԱԷԿ-ի գործունեության ժամկետի երկարաձգման ուղղությամբ, դրա համար Ձեր ներկայությունը ֆորումին լիովին տրամաբանական է», -նշել է Վլադիմիր Պուտինը:

Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, ՌԴ նախագահը շեշտել է, որ զարգացման ընթացքը դրական է ու ապահովում է 11 միլիարդ դոլարի առևտրաշրջանառություն ունենք:

«Մեր վիճակագրական տվյալներով` Հայաստանի հետ 2024 թվականին 11,7 մլրդ դոլարի առևտրաշրջանառություն ենք ունեցել, դա ռեկորդային ցուցանիշ է: Հարաբերությունները զարգանում են նաև բոլոր մյուս ուղղություններով», -հավելել է ՌԴ նախագահը։

Նիկոլ Փաշինյանն իր հերթին կարևորել է էներգետիկայի դերի շարունակական աճը, նշելով. «Իհարկե, ատոմային էներգետիկայի դերը շարունակաբար աճում է և ատոմային էներգետիկան արդեն գլոբալ առումով համարվում է էկոլոգիական էներգիա: Մեր երկրի համար նույնպես ատոմային էներգիան շատ կարևոր է: Դուք ճիշտ նկատեցիք, որ մենք սերտորեն համագործակցում ենք Ռուսաստանի Դաշնության հետ և աշխատում ենք ՀԱԷԿ-ի գործունեության ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու նպատակով: Մենք այժմ աշխատում ենք և փնտրում Հայաստանի համար հարմար նախագծեր` փոքր մոդուլային ատոմային հնարավորություններ, և իհարկե, այդ հարցում նույնպես շատ ակտիվ երկխոսություն ունենք ՌԴ-ի հետ: Մենք շատ արդյունավետ համագործակցում ենք «Ռոսատոմ» կորպորացիայի հետ:

Ընդհանուր առմամբ, մեր հարաբերությունները ըստ նախատեսվածի զարգանում են: Դուք ընդգծեցիք փոխադարձ առևտրաշրջանառությունը, ճիշտ է այս տարի որոշակի անկում է նկատվում, դա կապված է որոշ գլոբալ գործընթացների հետ, բայց ես կարծում եմ, որ կա հնարավորություն աշխատելու այդ ուղղությամբ, որպեսզի մեր փոխադարձ առևտուրը շարունակի աճել այն տեմպերով, որոնք արձանագրվել են 2023-2024 թվականներին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում