Եկեք ընտրությունների գնանք Փաշինյանի չեղած խաղաղությանը այլընտրանքային խաղաղության ծրագրով․ Զուրաբյան

Եկեք ընտրությունների գնանք Փաշինյանի չեղած խաղաղությանը այլընտրանքային խաղաղության ծրագրով․ Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրում է․ «Մենք վստահ ասում ենք, որ հետապնդում ենք խաղաղություն և գնալու ենք դեպի խաղաղություն՝ առաջարկելով խաղաղության հստակ, աշխարհաքաղաքական առումով հավասարակշռված ծրագիր:

Մենք TRIPP-ի մասին հռչակագիրը արդեն համարում ենք կատարված իրողություն, որը ենթադրում է միջազգային պարտավորություններ և որոնք ալյևս չենք կարող մերժել և դարձնել պատերազմի հրահրման պատճառ:

Բայց այս Զանգեզուրյան միջանցքը պիտի վերածվի Զանգեզուրյան հանգույցի՝ համապատասխան երկաթուղիների կառուցման և կոնսորցիումի ստեղծման միջոցով»,- նշել է Զուրաբյանը։

Նրա խոսքով՝ TRIPP-ին զուգահեռ, BRICS-ի օգնությամբ և ներգրավմամբ կստեղծվի կոնսորցիում, որը կհամատեղի աշխարհաքաղաքական խաղացողների շահերը․

«Այսինքն TRIPP-ին կգումարվի նաև BRICS-ը՝ Զանգեզուրը դարձնելով հանգույց (hub)` միգուցե անգամ ընդհանուր կոնսորցիումի կառավարմամբ։

Սա Հայաստանը կդարձնի ավելի անկախ ու կգործի միայն մեր ինքնիշխանության շրջանակում: Ավելին` երկրորդ երկաթուղային նախագծի մերժումը հայկական կառավարության կողմից կնշանակի, որ իրականում ոչ մի ինքնիշխանություն մեզ թողնված չէ:

Ես համարում եմ, որ Զանգեզուրյան հանգույցի ստեղծման ծրագիրը, որը Փաշինյանի չեղած «խաղաղություն»-խաբեությանը իրական խաղաղություն է առաջարկում և գործելու է TRIPP+BRICS տրամաբանությամբ, կարող է դառնալ ընդդիմության համախմբման կետ: Ես համագործակցության առաջարկ եմ անում բոլոր այն ուժերին, որոնք հետաքրքրված են այս ծրագրով: Բոլոր նրանք, ովքեր ուզում են խաղաղության այլընտրանքային ծրագիր ներկայացնել, եկեք այս ծրագիրը դնենք կիզակետում և ընտրությունների գնանք միասնական՝ Փաշինյանի չեղած խաղաղությանը այլընտրանքային խաղաղության ծրագրով»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում