Իմպիչմենտն առանց ցնցումների իշխանափոխության տարբերակ է. Հովասափյան
Կարդացեք նաև
Այսօր ԱԺ նիստերի դահլիճում «Պատիվ ունեմ» խմբակցությունը հրավիրել էր խորհրդարանական լսումներ, որի օրակարգում «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» ԱԺ հայտարարության նախագիծն է: Լսումների ժամնաակ քաղաքագետ Արմեն Հովասափյանն իր ելույթում մասնավորապես նշել է․ «Այսօր Հայաստանում իմպիչմենտի օրակարգն ռեալ այլընտրանք չունի․ փորձեմ մի քանի դիտարկումներով ու նկատառումներով խոսել այն կյանքի կոչելու անհրաժեշտության և, ընդհանրապես, իմպիչմենտ երևույթի մասին։
Ըստ էության՝ իմպիչմենտը ծնվել է որպես իշխանական չարաշահումների զսպման մեխանիզմ Անգլիայում, ամրապնդվել է որպես ժողովրդավարական վերահսկողության գործիք ԱՄՆ-ում, իսկ այսօր դարձել է համաշխարհային ժողովրդավարության մի հիմնական ինստիտուտ, որը թույլ է տալիս ապահովել պետության ղեկավարի պատասխանատվությունը։
Հայաստանում ներկայումս ստեղծված քաղաքական փակուղային իրավիճակը, որի հետևանքով տարածքային կորուստներ են արձանագրվել, սահմանային անվտանգությունը վտանգված է, բանակի մարտունակությունը թուլացել է, իսկ պետական ինստիտուտների հեղինակությունը նվազել, լրջորեն առաջանում է քաղաքական պատասխանատվության հարց։ Նիկոլ Փաշինյանի իշխանության պայմաններում ընդունված որոշումները և իրականացված քայլերը բազմաթիվ դեպքերում ակնհայտորեն հակասում են պետականության պահպանման և ազգային անվտանգության հիմնական սկզբունքներին։ Հենց սրանցով պայմանավորված ներկայիս ներքաղաքական զարգացումների առանցքը մնում է անվստահության գործընթացի նախաձեռնությունը։ Ավելին, քաղաքական դիսկուրսում այս փաստի հետ պետք է առերեսվենք բոլորս և ընդունենք, որ այն միակ լուրջ օրակարգն է, որն ունենք «գետնի» վրա։
Այդ հանգամանքը արդեն իսկ ձևավորել է քաղաքական այնպիսի միջավայր, որի պարագայում հնարավոր է, որ գործընթացը դառնա միակ իրատեսական և գործնական ճանապարհը՝ սահմանադրական ուղով իշխանափոխության հասնելու համար։ Սա պրոցեդուրալ գործընթաց է, որը կարող է տևել որոշակի ժամանակ՝ ի վերջո հասունացնելով համապատասխան քաղաքական մթնոլորտ։ Ասել է թե՝ այն դանդաղ, բայց բավական իրատեսական նարատիվներով աստիճանաբար դառնալու է քաղաքական հիմնական առանցքը։
Պատմական օրինակները ցույց են տալիս, որ իմպիչմենտը կիրառվում է այն դեպքերում, երբ պետության ղեկավարի գործողությունները հակասում են սահմանադրությանը կամ ազգային շահերին։ 1974 թվականին ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնը հրաժարական տվեց՝ ի պատասխան Վոթերգեյթի սկանդալի պատճառով սկսված իմպիչմենտի գործընթացին։ Նիքսոնի դեպքում խոսքը գնում էր իշխանության չարաշահման և հետաքննության խոչընդոտման մասին։
2016 թվականին Բրազիլիայում Դիլմա Ռուսեֆը պաշտոնից հեռացվեց՝ ֆինանսական մանիպուլյացիաների մեղադրանքներով, որոնք ազդել էին պետբյուջեի հաշվետվողականության վրա։ Հարավային Կորեայում 2017-ին նախագահ Պակ Կուն Հեն հեռացվեց կոռուպցիոն սկանդալների ֆոնին՝ Սահմանադրական դատարանի որոշմամբ։
Գուցե ասածս սյուռ հնչի, բայց փաշինյանական իշխանության արձագանքներից ևս ակնհայտ է որոշակի լարվածություն, նրանք կամ փորձում են զուտ մատների արանքով նայել պրոցեսին, կամ սկզբունքորեն լռել՝ թեման շրջանցելով։ Իմպիչմենտն է այօրվա միակ այն սահմանադրական գործիքը, որը կհանգեցնի Նիկոլ Փաշինյանի քաղաքական իշխանության ավարտին, այն այլևս ոչ թե հռետորաբանություն է, այլ՝ իրական, հաշվարկվող քաղաքական գործիք։
Ըստ էության այս օրինակները ցույց են տալիս, որ իմպիչմենտի հաջող ընթացքի համար անհրաժեշտ են հստակ իրավական հիմքեր, հանրային լայն մասնակցություն և քաղաքական կոնսոլիդացիա։ Օրինականության և գործընթացի թափանցիկության պահպանումը վճռորոշ նշանակություն ունի հանրային վստահությունը պահպանելու համար։ Իմպիչմենտը տվյալ դեպքում դիտարկվում է որպես սահմանադրական մեխանիզմ՝ ուղղված քաղաքական պատասխանատվության սահմանմանը և պետության շահերի պաշտպանությանը։
Անվստահության գործընթացի թեման այսօր Հայաստանի քաղաքական օրակարգում առաջ է գալիս ոչ միայն որպես իրավական մեխանիզմ, այլև որպես հասարակական-քաղաքական պահանջ, որն իր մեջ կրում է մեծ բովանդակություն։
Հայաստանի վերջին տարիների զարգացումները ցույց են տվել, որ իշխանությունը կորցրել է հանրային զգալի հատվածի վստահութունը, իսկ հանրային դժգոհությունը վերածվել է համակարգային ճգնաժամի։ Այսպիսի պայմաններում քաղաքական համակարգի ներսում ձևավորվում է պահանջ՝ իշխանության ղեկին գտնվող անձի լիազորությունները վերանայելու և նրան օրինական ճանապարհով հեռացնելու համար։ Այստեղ իմպիչմենտը դիտարկվում է ոչ թե որպես պատժիչ քայլ, այլ որպես համակարգային ճգնաժամից դուրս գալու սահմանադրական ելք։
Ինչո՞ւ հենց իմպիչմենտ։ Սա այն եզակի իրավական գործիքն է, ինստիտուցիոնալ ճանապարհը, որը միաժամանակ փողոցային պայքարով զուգորդված, ապահովում իշխանափոխություն։ Հայաստանի պայմաններում, որտեղ պետական ինստիտուտները այսօր գործածվում են մեկ մարդու ու խմբի շահերին ծառայեցնելու համար, հենց սահմանադրական գործիքի կիրառումն է ստեղծում օրինականության մթնոլորտ և հնարավորություն տալիս անցում կատարել առանց ցնցումների։
Ի դեպ՝ անվստահության գործընթացն արդյունավետ է այն ժամանակ, երբ ունի քաղաքական լայն աջակցություն, այլ կերպ ասած՝ իմպիչմենտի շուրջ ձևավորվող հանրային-քաղաքական կոնսենսուսն ուղղակի կճնշի իշխանությանը և կստիպի նրան հեռանալ նույնիսկ առանց ամբողջական իրավական ընթացակարգի ավարտի։
Այստեղ պետք է հաշվի առնել երկու գործոն՝ իրավական և քաղաքական։ Իրավական տեսանկյունից գործընթացը բաց է, բայց պահանջում է բարձր կազմակերպվածություն և անխոցելի փաստարկներ։ Քաղաքական տեսանկյունից՝ դրա իրագործելիությունը կախված է ընդդիմության կարողությունից՝ ձևավորել լայն ճակատ և հասարակության ճնշումը վերածել կոնկրետ գործողությունների։ Ուստի կարելի է ասել, որ իրատեսականությունը որոշվում է ոչ թե օրենսգրքով, այլ քաղաքական կամքով։
Այսպիսով, իմպիչմենտի հարցը Հայաստանում արդեն վերածվել է ոչ միայն իրավական քննարկման, այլև լայն քաղաքական գործընթացի։ Այն անխուսափելի է այնքանով, որքանով անխուսափելի է հասարակության պահանջը՝ փոխել այն իշխանությունը, որը կորցրել է իր լեգիտիմությունը։ Իսկ թե երբ և ինչպիսի ձևաչափով կգործի այս մեխանիզմը՝ կախված է քաղաքական ուժերի համախմբումից և հանրային ճնշման աստիճանից։
Ամփոփելով նշեմ, որ իմպիչմենտը զուտ քաղաքական քվեարկություն չէ, այլ իրավաքաղաքական գործընթաց, որտեղ պարտադիր է ոչ միայն քաղաքական կամքը, այլև իրավական հիմնավորումները, իսկ ասօրվա Հայաստանում դրա իրավակիրառ բոլոր հիմքերը բորիս աչքի առաջ են»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում