Վեհափառը Բրազիլիայի հայոց թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունները դեպի հայրենիք

Վեհափառը Բրազիլիայի հայոց թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունները դեպի հայրենիք

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Բրազիլիայի հայոց թեմի ուխտավորներին` ուղեկցությամբ Բրազիլիայի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանի։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու պատգամը փոխանցել է ուխտավորներին՝ կարևորելով աշխարհասփյուռ հայոց թեմերից նման ուխտագնացությունների կազմակերպումը դեպի Հայրենիք և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որոնք ազգային ինքնության պահպանման և միասնականության գրավականն են։ Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետը նկատել է, որ հայրենիքի նկատմամաբ սիրով ու ամուր հավատքով մեր ժողովրդի զավակները դիմագրավել և հաղթահարել են պատմության ընթացքում մեզ բաժին հասած բազմաթիվ փորձություններ, նաև վերապրելով Հայոց Ցեղասպանությունը՝ տարբեր երկրներում վերակերտել ազգային-հոգևոր կյանքը և իրենց կարևոր նպաստը բերել հայրենաշինության գործին:

Հանդիպմանը Նորին Սրբությունը հորդորել է բրազիլահայ ուխտավորներին ամեն ջանք ի գործ դնել՝ զորացնելու իրենց համայնքը և օգտակար ծառայություն բերելու ազգին, հայրենիքին և Եկեղեցուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում